Իրավապաշտպան կազմակերպության կարծիքը «Ընդդեմ իրավական բռնության» իրավապաշտպան կազմակերպությունը միակն էր, որ այցելեց բանտային հիվանդանոց, ուր հացադուլ է հայտարարել դատապարտյալ Աղաբեկ Հայրապետյանը։ Կազմակերպությունը երեկ «Առավոտին» հայտնեց իր կարծիքը հացադուլավորի ներկայացրած փաստաթղթերի փաթեթը ուսումնասիրելուց հետո. «Չունենալով քրեական գործի ողջ նյութերը, հնարավոր չէ ասել՝ գործի նախաքննությամբ որքանով է հաստատված երկու զինվորների՝ Աղաբեկ Հայրապետյանի կողմից սպանությունը կատարած լինելու հանգամանքը։ Եթե նախաքննական մարմնի ձեռք բերած ապացույցները նույնպես նույնն են, ինչ շարադրված է դատավճռում (ԼՂՀ Գերագույն դատարանի), ապա միանշանակ կարելի է պնդել, որ Ա. Հայրապետյանի մասնակցությունը տվյալ հանցագործության կատարմանը բավարար չափով ապացուցված չէ եւ դատավճիռ կայացվել է անբավարար ապացույցներով»։ Իրավապաշտպանները ուշադրություն են հրավիրում մի քանի հանգամանքների, մասնավորապես՝ սպանությունից հետո ընկած ժամանակահատվածի վրա. «Դատավճռից չի երեւում, թե Ա. Հայրապետյանի հագուստն արդյոք զննվե՞լ է, թե՞ ոչ, ենթարկվե՞լ են արդյոք դատաքիմիական փորձաքննության, չէ որ լվացմամբ արյունը հագուստից չի մաքրվում եւ դեպքից 15 օր հետո նույնպես կարող էր նրա հագուստը վերցվել եւ դատաքիմիական փորձաքննության ենթարկել. հանգուցյալների հագուստը նույնպես ենթակա էր փորձաքննության՝ հրազենային հետքերի բնույթը պարզելու ուղղությամբ»։ Ի դեպ, մասնագետները հարցնում են. եթե Հայրապետյանն է կատարել սպանությունը, սպանությունից հետո էլ 2 արյունոտված դիակ միայնակ տեղափոխել է, թաքցրել գետնից 80 սմ բարձրության խողովակներում, ապա ինչպե՞ս է, որ նրա հագուստը չի արյունոտվել։ «Ոչինչ չի ասված դիակների հայտնաբերումից հետո Հայրապետյանի պահվածքի մասին»,- շարունակում են կարծիքի հեղինակները, որոնց կարծիքով դատարանը հաստատել է միայն զինծառայողներ Անտոնյանի եւ Ավետիսյանի սպանված լինելը հրազենով, ինչը «բոլորովին բավարար չէ սպանությունը Հայրապետյանին վերագրելու համար, քանի դեռ չեն ժխտված Հայրապետյանի պատճառաբանություններն այն մասին, որ ինքը նրանց քնած է թողել տնակում եւ դուրս է եկել, որ ինքը ավտոմատը հանձնել է 3 փամփուշտի պակասով»։ Խոսք է գնում նաեւ այս գործի վերանայման մասին։ Այն, ըստ «Ընդդեմ իրավական բռնության» կազմակերպության, չի կարող հանձնվել ԼՂՀ մարմիններին «թեկուզեւ նրանց պահանջով»։ Ինչո՞ւ. «քանի որ Հայրապետյանն արդեն իսկ գտնվում է Հայաստանում եւ Հայաստանի քաղաքացի է»։ Ավելին, եզրափակիչ մասում իրավապաշտպաններն առաջարկում են. «ՀՀ դատախազությունը պարտավոր է ԼՂՀ դատախազությունից պահանջել՝ վճռաբեկ բողոք բերելու այդ վճռի դեմ եւ մերժվելու դեպքում իրավունք ունի, պարտավոր է վճռաբեկության կարգով գործը քննելու հարցը լուծել ՀՀ վճռաբեկության կարգով՝ պահանջելով գործը ԼՂՀ Գերագույն դատարանից»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ