«ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՓՈԽԱՐԻՆԵՆՔ ՁԻՈՎ ԵՎ ԷՇՈՎ» Նման կառուցողական առաջարկներ են անում «Ֆերմերների ազգային միության» անդամները։ Միանգամայն հստակ պատկերացնելով իրենց աշխատանքային բարդություններն ու կառավարության «անհավեսությունը», մարդիկ հանգիստ, առանց ավելորդ զգացմունքների պարզապես բանավիճում եւ ելքեր են գտնում։ Ծափեր, եւ միա՛յն, ծափեր։ Հա, ի դեպ, ՖԱՄ-ի երեկ հրավիրած հավաքի նպատակը կազմակերպության 25 մասնաճյուղերի կնիքների եւ կանոնադրության հանձնումն էր մասնաճյուղերի ղեկավարներին։ Միության նախագահ Վանիկ Սողոմոնյանը միանգամայն անկեղծ հպարտությամբ մերթընդմերթ նշում էր, որ 7 մարզային կոորդինատորներով են աշխատանքը սկսել։ Երեք տարվա աշխատանքի արդյունքում այսօր արդեն դրանք 25-ն են։ Իրողություն, որը «նշել» էր պետք։ Դե՛, իհարկե, այսպես հայավարի, բայց քանի որ Թեքեյան կենտրոնում նախընտրում են եվրոպական նիստ ու կացը, բավարարվեցին ջերմուկաճառերով։ «Լեռների զովությունից» արբած ՖԱՄ-ի անդամներն առաջարկեցին ստեղծել գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ՝ իբրեւ գրավական գյուղացիական եւ ֆերմերային տնտեսությունների կայունացման ու հետագա զարգացման ապահովման։ Ն. Գ.