ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑԸ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում (Մեղրիի շրջան) Մոնրեալի համայնքի հատկացրած միջոցներով եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ֆինանսավորմամբ սկսվել է Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցի շենքի վերակառուցման, ամրացման եւ նորոգման ծրագիր: Ագարակ քաղաքը գտնվում է ՀՀ-ի հարավում՝ Իրանի սահմանի մոտ: Դպրոցը կառուցվել է 1968 թվականին՝ 640 աշակերտի համար: Ունի երեք մասնաշենք, որից առաջինը բարձր դասարանների համար է, երկրորդը՝ ցածր դասարանների, իսկ երրորդում մարզադահլիճն ու հանդիսությունների սրահն է: Քաղաքի միակ դպրոցն է: Բարձր դասարանցիների համար նախատեսված մասնաշենքում կատարվում են ամրացման եւ նորոգման աշխատանքներ: Ծրագրի այս հատվածն ամբողջությամբ ֆինանսավորում է Մոնրեալի հայ համայնքը: Մյուս երկու մասնաշենքերում կատարվում են նորոգման, տարածքի բարեկարգման, արտաքին ինժեներական ցանցերի նորացման աշխատանքներ, որոնք իրականացվում են Մոնրեալի հայ համայնքի եւ ՀՍՆՀ-ի համաֆինանսավորմամբ: Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջին ծրագիրը չէ Սյունիքի մարզում: Հիմնադրամը մարզում իրականացրել է ավտոճանապարհների կառուցման եւ նորոգման ծրագրեր, կառուցել է Գորիսի ռադիոհեռուստատեսային վերահաղորդիչ կայանի շենքը, Ակների ջրատարը: Անցած տարիներին Մոնրեալի համայնքի հատկացրած միջոցներով «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացրել է մի շարք ծրագրեր: Կառուցվել են «Բալուջա-Ստեփանակերտ» ջրատարը, Ստեփանակերտի ֆիզիկամաթեմատիկական գիշերօթիկ դպրոցի հանրակացարանը (Տորոնտոյի համայնքի հետ համատեղ), վերականգնվել է Լոռու մարզի Ղուրսալի գյուղի՝ վեցերորդ դարի սուրբ Գեւորգ եկեղեցին: «Հայաստան» համահայկական հիմնադրամ Գործադիր վարչություն