Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլգոգրադում ութերորդ անգամ անցկացվեց սիրողական բռնցքամարտի «Հիշողություն» միջազգային մրցաշարը՝ նվիր

Սեպտեմբեր 12,2001 00:00

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ՝ ԴՐՍՈՒՄ Վոլգոգրադում ութերորդ անգամ անցկացվեց սիրողական բռնցքամարտի «Հիշողություն» միջազգային մրցաշարը՝ նվիրված այս քաղաքի կաշվե ձեռնոցի բոլոր վարպետների հիշատակին։ Մրցաշարին մասնակցում էին Ռուսաստանի տասնհինգ տարածաշրջանների եւ մերձավոր արտասահմանի բռնցքամարտիկները, որոնց մեջ կային նաեւ կաշվե ձեռնոցի հայ վարպետներ։ Մինչեւ 63,5 կգ քաշային կարգում հաղթող դարձավ դոնիռոստովցի Մամիկոն Հակոբյանը։ Բոլոր մրցակիցներին պարտության մատնեցին եւ առաջին տեղը գրավեցին հայազգի ռինգի վարպետներ՝ 81 կգ քաշային Դավիթ Մհերյանը (Վոլգոգրադ), Սամարայի ներկայացուցիչ Արթուր Մարաբյանը (մինչեւ 91 կգ)։ *** Պարզվում է, որ Ռուսաստանում շարունակվում է մասնագիտական օրեր նշելու ավանդույթը։ Ավելին, վերջին տարիներին դրանց ավելացել են նորերը։ Մասնավորապես, սեպտեմբերի 10-ին Մոսկվայի «Կռիլյա սովետով» մարզապալատում հինգերորդ անգամ հանդիսավորությամբ նշվեց «Բռնցքամարտի օրը»։ Այդ շրջանակներում տեղի ունեցած տոնական հանդիսություններից բացի, կայացավ նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի վարկանիշային մրցամարտ (վեց ռաունդ՝ երեքական րոպեով)։ 76 կգ քաշային կարգում հանդիպեցին մոսկվացիներ Վահե Քոչարյանը եւ Ասխաբ Նեչաեւը։ Սակայն ինչպես է ավարտվել այդ մրցամարտը, Ռուսաստանի լրատվամիջոցներն առայժմ լռում են։ Դոնի Ռոստովի թիվ 14 գիմնազիայում բացվել է Սիդնեյի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբիշ Վարդգես Սամուրգաշեւի պատվո հուշատախտակը, տեղեկացնում են Ռուսաստանի ԶԼՄ-ները։ Այդ առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա էր «օրվա հերոսի» ավագ եղբայրը՝ հունա-հռոմեական ըմբշամարտի մարզային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Սամուրգաշեւը, որն, ի դեպ, նույն Սիդնեյում մրցագորգ մտավ Հայաստանի դրոշի ներքո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել