Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ուրվական է շրջում քաղաքում։ Անհայտ գույնի, ձեւի, բովանդակության եւ նպատակների տեր մոլագարի ուրվակ

Սեպտեմբեր 12,2001 00:00

ՄՈԼԱԳԱՐ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ Մի ուրվական է շրջում քաղաքում։ Անհայտ գույնի, ձեւի, բովանդակության եւ նպատակների տեր մոլագարի ուրվականը։ Ամբողջ Երեւանը՝ թողած «ԱրմենՏել» ու րոպեավճար, թողած «Հոկտեմբերի 27» ու Սադոյանի միտինգ, քննարկում է միայն մոլագարի թեման։ Ճիշտ որ՝ «հայի չտեսություն»։ Վաղուց բոլոր քաղաքակիրթ երկրներն ունեին իրենց «ԺՋպՍ-տՏՑՐՏՔՌՑպսՖ»-ներն ու Ֆրեդդի Կրյուգերները, եւ ավելի առօրեական «ճ» կլասի սեռագարները։ Իսկ մե՞նք։ Մենք, որ… մի խոսքով, հին պատմությունը մեր դարավոր պատմության ու նրանց՝ ծառից ծառ թռչելու մասին։ Եվ ի՞նչ։ Մենք մինչեւ հիմա, մի քնձռոտ, մի քոսոտ, մի կիսատ-պռատ մոլագարն ի՞նչ է, չունեինք։ Իհարկե, բռնաբարության դեպքեր մեր 1700-ամյա քրիստոնյա պատմության էջերում, շատ չէ, բայց գրանցվել են։ Սակայն դա դեռ մխիթարանք չի։ Ամոթ չի՞, որ այսքան ժամանակ չաճեցինք մի սեփական մոլագար ունենալու չափ։ Եվ ահա՝ խնդրեմ։ Եկել է ժամը հրճվանքի։ Երեւանում մոլագար է հայտնվել։ Ճիշտ է՝ նրանից տուժածների, ինչպես նաեւ՝ նրա սեռի եւ ազգության, տարիքի եւ առողջական վիճակի մասին տվյալները, ավելի ճիշտ՝ ավանդապատումներն ու ազգային-ազատագրական բնույթի ասքերն այնքան հակասական են, որ դժվար է դրանց միջից ճշմարտությանը մոտ հատիկ քաղել։ Պաշտոնապես դեռ ոչինչ չի ասվել։ Բայց ժողովուրդը, ինչպես վայել է սեփական, ազգային, միակ եւ անկրկնելի մոլագարի տեր դարձած ազգին, արդեն ընկել է համապատասխան խուճապի մեջ։ Բոլորը զանգահարում են իրենց ծանոթ-բարեկամներին՝ «Աղջի՛, զգույշ կլինես, գիշերը շուտ տուն կգաս, երեխուն մեքենայով դպրոց կտանեք-կբերեք» ոճի հրահանգներ տալիս։ Երիտասարդ աղջիկները եւ անգամ թարմությունը վաղուց կորցրած, թանկագին կուսությունը կորցնելու վտանգ չունեցող կանայք փողոցում քայլում են խիստ զգուշավոր, կասկածամիտ հայացքով նայում անցորդներին, մեքենաներին, անգամ՝ իրենց ամուսին-եղբայր-հայրերին։ Ո՞վ գիտի՝ գուցե հենց սա է այդ երեւելին։ Ավանդապատումները քաղաքում տարածվեցին աննկարագրելի արագ եւ ձեւախեղումների ենթարկվեցին նույն արագությամբ։ Թաղամաս առ թաղամաս, օրեցօր «մոլագարը» նոր որակ եւ «իմիջ» է ձեռք բերում։ Եթե, օրինակ, մի տեղ խոսում են այն մասին, թե «էդ անասունը կնոջ շորեր է հագել եւ ջահել աղջիկներին խաբում- տանում է շենքերի մուտքերը, բռնաբարում, սպանում», ապա մի ուրիշ տեղ պնդում են, թե «երիտասարդ տղա է, որը դպրոցական երեխաներին բռնում է, ծնողներին է զանգում, փող ուզում, երբ չեն տալիս՝ սպանում է, կտոր-կտոր անում, գցում գետը»։ Սակայն ժողովրդի մտքի եւ երեւակայության թռիչքը նրա համար է, որ անսանձելի լինի եւ ձգտի աներեւակայելի սահմանների։ Դրանց արդյունքում հայտնվել է մի վարկած եւս. «Հո մի հոգի՞ չի, մի մեծ խումբ ադրբեջանցիներ ու թուրքեր են, որ եկել են՝ 1700 երեխա գողանան ու սպանեն»։ Այս վարկածի մի փոքր այլ՝ ազգային թշնամու փոխարեն՝ հոգեւոր թշնամու կերպարանքով մոլագարի տարբերակն էլ կա. «Սատանայապաշտները ամբողջ աշխարհից հավաքվել, եկել են Հայաստան եւ 1700-ամյակի առթիվ պիտի 1700 հայ երեխա մորթեն ու Սատանային մատաղ անեն»։ Այս ամբողջ անհեթեթությունները՝ մի կողմ, սակայն ցավալի եւ զգուշանալու տեղիք տվող է մի այլ բան. ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս դեպքում էլ դժվարն առաջին քայլն է։ Եվ եթե նույնիսկ այս աղմուկը եւ խոսակցությունները սին են, շղթայական ռեակցիան կարող է ստիպել, որ բոլոր «թաքնված» մոլագարները կամ այդպիսիք դառնալու նախադրյալներ ունեցողներն արթնանան։ Եվ այդժամ արդեն ստիպված կլինենք ոչ թե զավեշտի վերածել անհիմն ասեկոսեները, այլ՝ լրջորեն զգուշանալ։ Հիշենք թեկուզ, թե հոկտեմբերի 27-ից հետո իրական եւ ֆիկտիվ տեռորիստական ակտերի ինչպիսի բում սկսվեց Հայաստանում։ Այնպես որ, զգուշանալու կարիք, ամեն դեպքում, կա։ Թեկուզ՝ ապագայի համար։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել