Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուշաբթի

Սեպտեմբեր 12,2001 00:00

Քաղաքական խաղերը նրանց համար չեն Երկուշաբթի օրը Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսի երեք ուսանողուհի ընկել են բուհի երկրորդ հարկի պատուհանից ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Երեկ մենք եղանք, այսպես ասած, դեպքի վայրում եւ զրուցեցինք դեպքին ականատես դեկաններից մեկի եւ բուհի պարետի հետ։ Բարեբախտաբար աղջիկները միայն թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել. պատուհանի կոտրած ապակին վնասել է աղջիկներից մեկի թեւը, մյուսի ոտքը։ Անմիջապես շտապօգնություն են կանչել, եւ հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո աղջիկները հենց նույն օրը տեղափոխվել են տուն։ Իսկ դեկանի եւ պարետի պատմածով աղջիկները նստած ճոճվելիս են եղել առաջին եւ երկրորդ հարկերի միջեւ ընկած պատշգամբի երկաթե հենակի վրա, այն կոտրվել է, աղջիկները թափով ընկել են պատուհանի ապակու վրա, որը կոտրվել է, եւ նրանք ընկել են ցած։ Ընդ որում՝ պարետի հավաստմամբ, ինքը զգուշացրել է աղջիկներին, որ վտանգավոր է հենակի վրա ճոճվելը, բայց նրանք չեն լսել։ Պարետն ու դեկանը չհամաձայնվեցին մեր այն վարկածին, որ գուցե հենակը վթարված է եղել։ Նաեւ չընդունեցին այն գնահատականը, որ խիստ վատ վիճակում գտնվող մանկավարժականի շենքը կարող է հաճախակի նման դժբախտ պատահարների առիթ դառնալ։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ այս բուհի շենքը բոլոր մյուս բուհերից ավելի շատ վերանորոգման կարիք ունի։ Կարծում ենք, որ այս հարցում բուհին կարող է օգնել նաեւ Համահայկական երիտասարդական հիմնադրամը, որը բուհերին աջակցող ծրագրեր է իրականացնում։ Գաղափարը շատ պատահական ծնվեց. պարզապես երեկ հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Պողոսյանը հրավիրել էր մամլո ասուլիս՝ ներկայացնելու իրենց աջակցությամբ իրականացրած եւ իրականացնելիք ծրագրերը։ Մոտ 5 տասնյակ տարբեր ծրագրերի վրա հիմնադրամն արդեն ծախսել է 150 մլն դրամ։ Ֆինանսավորման աղբյուրների մասին հարցի պատասխանից տեղեկացանք, որ հիմնադրամին աջակցում են տարբեր բարեգործներ, ՀՕՖ-ը, նաեւ բուհերն են իրենց ուսման վարձերից գոյացած միջոցներից որոշակի գումար փոխանցում հիմնադրամին։ Վերջինը կամավոր մուծում է եւ «Առավոտի» այն հարցին, թե ո՞ր բուհերն են պասիվ այս հարցում, պրն Պողոսյանը թվեց Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, ֆիզկուլտինստիտուտի եւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի անունները։ Հիմնադրամն իր առջեւ խնդիր է դրել «նպաստել երիտասարդական դաշտի ձեւավորմանը, աջակցել երիտասարդական ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերին, երիտասարդության շահերն ու իրավունքներն ամրագրող օրենսդրական դաշտի ստեղծմանը»: Հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է բուհերի ուսանողների ամառային հանգստի, ուսանողական փառատոնների, գիտաժողովների կազմակերպում, բուհերի ուսխորհուրդների համար տեխնիկական վերազինում, գույքի ձեռքբերում, նրանց հատկացված տարածքների վերանորոգում եւ այլն։ Իսկ վերջերս ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Զեյթունի ուսանողական ավան» հիմնադրամ, որը տնօրինելու է ավանի շենքերը՝ «հետագայում բուհերի տնօրինությանը փոխանցելու համար»։ Համահայկական երիտասարդական հիմնադրամը «Զեյթունի ուսանողական ավան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է եւ նրան է հանձնվել բաղնիք-լվացքատունը ու փոքրիկ թեյարանը, «որոնք սարսափելի բարձիթողի վիճակում են»։ Եվ հիմնադրամը ծրագրավորում է այդ շինությունները կապիտալ վերանորոգել։ Հիմնադրամը նաեւ մրցանակաբաշխություն է անցկացնում ԶԼՄ-ների շրջանում՝ որոշելու, թե որ ԶԼՄ-ն է լավագույնս լուսաբանում երիտասարդության խնդիրները։ Նախորդ մրցանակաբաշխության ժամանակ ոչ մի լրատվամիջոց չի արժանացել մրցանակի, քանի որ «ճիշտ չեն լուսաբանում երիտասարդության խնդիրները», ըստ պրն Պողոսյանի՝ երբեմն պատվեր են կատարում՝ կուսակցական կամ քաղաքական։ «Մեզ շատ են փորձել ներքաշել կուսակցական, քաղաքական խաղերի մեջ, բայց մենք անկախ կառույց ենք»,- հավաստիացրեց պրն Պողոսյանը։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել