ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔԸ 1999 թ. դեկտեմբերի 26-ին ԱԺ-ում կատարված քննչական փորձարարության ժամանակ արված գաղտնալսման մեծ մասը հրապարակվել է։ Մասնավորապես հրապարակվել է գաղտնալսման սկիզբը, երբ Նաիրի Հունանյանը եղբորը հայտնում է իր մոգոնած «պահեստային» տարբերակի մասին՝ «սաղ կկպցնենք Դեմիրճյանի վրա, իբր ինքն է եղել գլուխը» եւ ավարտը՝ Հունանյանի եւ Ալեքսան Հարությունյանի երկխոսությունը՝ «Նախագահի վիճակը ո՞նց է», «Ես որ այստեղ եմ՝ ո՞նց պիտի լինի»։ Սակայն չեն հիշատակվել այդ գաղտնալսման միջնամասում Նաիրի Հունանյանի արտահայտությունները։ Ասենք, եղբոր դիտարկմանը, թե բոլորին տարել են Նուբարաշենի մեկուսարան, «որ այնտեղ ծեծեն, ջարդեն», նա այսպես է արձագանքում. «Չէ, հլա որ ըտենց մի անգամ են բան արել, մի անգամ ընենց, մի թեթեւ ծեծել են ու դրանից հետո չեն ծեծել։ Հետո, որ սաղ քաղաքը շուխուռ է… Մի մոմենտ շուխուռ էր ընկել, որ ինձ սպանել են, բան, այս երկու օր է, վախենում են»։ Ընդհանրապես, այս գաղտնալսումն ապացուցում է, որ Նաիրի Հունանյանը նախաքննության ընթացքում լավատեղյակ է եղել ե՛ւ, այսպես ասած, արտամեկուսարանային անցուդարձից, ե՛ւ մամուլի հրապարակումներից։ Այսպես, նա մեկ ասում է. «Ալիկի դատապաշտպանը՝ Ռուբեն Սահակյանը, թերթում հայտարարություն է արել, որ Ալիկի հետ առերեսման ժամանակ ես կիսամեռած վիճակում եմ եղել, ու այդտեղից շուխուռը ընկել է։ Քոչարյանն էլ ասուլիսի ժամանակ ասել է, որ Նաիրին էն վիճակում է՝ այդ իմաստով», հետո եղբորը տեղեկացնում է. «Մաման է ինչ-որ հարցազրույց տվել թերթին՝ մի շաբաթ առաջ, որ ես Քրիստոսն եմ, փրկելու եմ եկել այս ազգը»։ Բայց ամենաուշագրավն այս վստահությունն է. «Ժողովրդի մոտավորապես 70%-ը մեր կողմն է։ Քանի գնում է, այնքան ժողովրդի մեծ մասը մեր կողմն է թեքվում»։ Կարեն Հունանյանը տարակուսում է. «Հա՞ որ» եւ եղբայրը վստահեցնում է. «Սրանք փորձում են ինձ համոզեն, որ, ամեն դեպքում, ժողովրդի մեծ մասը թշնամանքով է վերաբերվում, բայց իրականում այդպես է»։ …Կարդալով այս տողերը՝ անհնար էր չմտաբերել, թե իշխանամետ մամուլն ինչպես ամբողջ թափով հարձակվեց դատարանի մոտ հավաքվող այն մարդկանց վրա, ովքեր իրենց բացասական հույզերն էին արտահայտում ոճրագործների հանդեպ։ Գուցե այս ամենը մի շրջանակո՞ւմ է եւ խնդիրը Հունանյանին վստահություն ներշնչե՞լն է, թե ժողովուրդն իրեն նորմալ է վերաբերվում։ Ա. Ի.