ՈՎ ՈՎ Է Պարզաբանում է Գեղամ Գասպարյանը «Հանրապետություն» կուսակցության համագումարում Ալբերտ Բազեյանը «Օրինաց երկիր» կուսակցության մասին կարծիք էր արտահայտել, ըստ որի՝ «չար լեզուներն ասում են, որ այս կուսակցությունը ստեղծել է Սերժ Սարգսյանը…»։ Իրո՞ք այդպես է։ Հարցին պատասխանում է «Օրինաց երկիրի» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեղամ Գասպարյանը. «Բազմիցս հայտարարել ենք մամուլով եւ հեռուստատեսությամբ, նաեւ՝ խորհրդարանի ամբիոնից, որ Սերժ Սարգսյանի կողմից «ՕԵ»-ին, իբրեւ, հովանավորելը քաղաքական հերյուրանք է եւ նպատակ ունի կուսակցությունը ներկայացնել իբրեւ արհեստածին եւ ուղղորդվող մի կառույց։ Զարմանալի եւ ցավալի է, որ հանրապետության մասշտաբով գլոբալ հարցեր լուծելու հավակնող քաղաքական գործիչները, որոնք տարիներ շարունակ իրենց համախոհներով եղել են իշխանության բուրգի գագաթում, չեն հրաժարվել իրենց բնորոշ մեթոդներով գործելուց եւ մինչ այժմ շարունակում են խոսել չար լեզուների անունից։ Իհարկե, մենք գիտակցում ենք, որ «ՕԵ»-ի բարձր վարկանիշը, ժողովրդին հուզող բազմաթիվ հարցերի լուծմանն ուղղված կոնկրետ քայլերն ու օրենսդրական նախաձեռնությունները, առանց ցնցումներ առաջացնելու կայուն քաղաքական գործունեություն ծավալելը, ֆանատիկ հեղափոխական ուղղվածություն չունենալը, որոշ քաղաքական գործիչների մոտ, մեղմ ասած, հակազդեցություն է առաջացնում։ Սրա վառ ապացույցը վերջերս «Հանրապետություն» կուսակցության համագումարում պրն Բազեյանի կողմից «ՕԵ»-ի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելն է։ Կարծում ենք, ժամանակն է, որպեսզի բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները առաջնորդվեն ոչ թե չար լեզուների ասածով, այլ միայն իրատեսական բարությամբ։ Լավ կլիներ, որ պրն Բազեյանը խոսեր ոչ վաղ անցյալում, իր եւ իր համախոհների կողմից, բարձր պետական պաշտոններ վարած ժամանակահատվածում իրականացրած գործունեության եւ նրա հետեւանքների մասին եւ, թե ինչո՞ւ այդպես էլ չբարելավվեց երկրի եւ ժողովրդի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը նրանց պաշտոնավարության օրոք։ Պետական լծակներից զրկվելուց հետո, պատասխանատվությունից խուսափելու ելքը նրանք, ցավոք, տեսնում են ուրիշներին վարկաբեկելու միջոցով քաղաքական դիվիդենտներ հավաքելը, մոռանալով, որ ժողովուրդը լավ գիտի, թե ով ով է»։ Սեփ. լր.