Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրտուալ պատերազմ

Սեպտեմբեր 12,2001 00:00

Վիրտուալ պատերազմ «Ես կարծես հայտնվել էի ֆիլմ-աղետի նկարահանման հրապարակում։ Երբեւէ նախկինում նման զգացողություն չէի ապրել»,- սա Նյու Յորքի երկնաքերների կործանման ականատեսներից մեկի գնահատականն էր, որ հաղորդեց «Բի-Բի-Սի» հեռուստաընկերությունը։ Երեւի թե նույն զգացողությունն ունեցել են գրեթե ամենքը, ովքեր հեռուստաէկրաններին հետեւեցին այդ ողբերգությանը։ Առաջին անգամ ռազմական գործողությունների՝ ինչ-որ վիրտուալ տեսաշարի վերածվելը, մարդկությունը նկատել էր 90-ականների սկզբին Պարսից Ծոցի պատերազմում։ Հեռուստաէկրանին դիտում ես, թե ինչպես է կործանիչը մխրճվում շինության մեջ, ինչպես են տապալվում բարձրահարկեր, ինչպես են փախչում մարդիկ, բայց անկարող ես ողբերգություն ապրել։ Կադրերն այնքան նման են էժանագին կինոարտադրության սարսափ-ֆիլմերի կամ ֆանտաստիկ ժապավենների՝ ժամեր շարունակ իրար հերթագայող պատկերներին։ Նյու Յորքի եւ Վաշինգթոնի ահաբեկչություններից երկար ժամանակ չէր անցել, երբ սկսեցին խոսել ԱՄՆ-ի վրա ինչ-որ հարձակման եւ խիստ հակահարվածների մասին։ Իհարկե, այդ մասին խոսում են հատկապես ամերիկացիները, որոնք երեւի թե դեռ ցնցումից չեն սթափվել եւ առանձնապես չեն տիրապետում իրենք իրենց։ Հետեւաբար, անիմաստ է նրանցից հետաքրքրվել, թե երկրագնդի այդ որ հատվածում եւ ում դեմ են պատրաստվում վիրտուալ պատերազմ մղել։ Նույնքան դժվար է պատկերացնել, թե ինչպես են ամերիկացիները բացահայտելու ահաբեկչության հեղինակներին, երբ արդեն դիակ են ոչ միայն ինքնին ահաբեկչությունն իրականացրած օդաչուները կամ ինքնաթիռների ղեկը զավթած ահաբեկիչները, այլեւ բոլոր ուղեւորները։ Ի դեպ, երեկ Միացյալ Նահանգների տարբեր օդանավակայաններից, ընդհանուր առմամբ, առեւանգվել էր 11 ինքնաթիռ, եւ 5-6 ժամվա ընթացքում դրանցից չորսն էին հաբեկչություններին մասնակցել։ Հավանաբար, ԱՄՆ-ում ահաբեկչության նոր ալիքը չէր բացառվում, եւ դա էր պատճառը, որ հետաձգվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բացումը։ Ո՞վ կարող էր լինել այս աննախադեպ ահաբեկչության կնքահայրը։ Բնականաբար, գրեթե ամենքը հակված են կնքահայր համարելու բեն Լադենին։ Յասեր Արաֆաթը շտապեց համոզել, թե պաղեստինցիները չեն, Նաթան Շարանսկին առիթը չկորցրեց կասկածները դեպի Թեհրան ուղղորդելու։ Նույնքան հնարավոր է, որ «Աում Սինրիկիոն» է վրեժխնդիր եղել 1945-ի Հերոսիմայի եւ Նագասակիի ռմբակոծության համար: Թե ո՞վ է ահաբեկչության կազմակերպիչը, անհայտ է եւ առայժմ մեղադրում է ով ում նպատակահարմար է գտնում։ Միայն ամերիկացիներն են, որ խուճապի ու զայրույթի մեջ տարուբերվելով՝ այդպես էլ չեն պատկերացնում՝ արդյոք մղձավանջն ավարտվե՞ց, եւ ո՞ւմ դեմ ուղղել վրեժխնդրությունը։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել