Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խորհրդարանում

Սեպտեմբեր 12,2001 00:00

Հանդիպում Սեւանի ափին Խորհրդարանում երեկ արդեն որոշ ուժեր հայտարարություններ արեցին այն մասին, որ չեն միանա նախագահի պաշտոնանկությունը պահանջող ստորագրահավաքին։ Փաստորեն, երիցս ճիշտ էին Սեւանի բնակիչները, որոնք ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ այս խորհրդարանից ոչ մի լավ բան հարկավոր չէ սպասել. «Պատգամավորներն այն մարդիկ են, ովքեր պաշտպանում են Քոչարյանին, վարչապետին, Սերժին։ Դուք ո՞նց եք ձեր հույսը դնում դրանց վրա։ Դուք ձեր ուժերով ժողովրդի հետ ամեն ինչ կարող եք անել, բայց պատգամավո՜ր, քաղաքապե՜տ, է՜ս, է՜ն…»։ Ստ. Դեմիրճյանին այս սկզբունքային ելույթից հետո ուրիշ ոչինչ չէր մնում, քան ասել. «Ցավոք, այս ԱԺ-ի հետ արդեն հույսեր կապել չի լինի, բայց հարկավոր է ժողովրդի աջակցությունը։ Ժողովուրդը պետք է պահանջի։ Մենք եւս գտնում ենք, որ այս խորհրդարանն այլեւս չի արտահայտում ժողովրդի կամքը»։ ՀԺԿ նախագահին Սեւանում դիմավորեցին ինչպես ամենուրեք Հայաստանում՝ մարդիկ դեռեւս հավատում են, որ եթե մի քանի ուժեր միանան եւ մտածեն ժողովրդի մասին, ժողովրդի վիճակը կլավանա։ Սեւանցիները հավանություն տվեցին «Հանրապետություն» կուսակցության համագումարի ժամանակ հրապարակված ՀԺԿ-ի, «Ազգային միաբանություն» եւ «Հանրապետություն» կուսակցությունների համատեղ հայտարարությանը, որը սեւանցիների համար ընթերցեց պատգամավոր Վարդան Մկրտչյանը։ Ստեփան Դեմիրճյանը բացատրեց. «Մենք չենք խախտելու Սահմանադրությունը։ Դա նորմա է դարձել այսօրվա իշխանությունների համար, առօրյա գործելակերպ։ Մենք ամեն ինչ անելու ենք Սահմանադրության շրջանակներում եւ խորհուրդ կտայինք, որ նույնն անեն իշխանությունները»։ Ուրբաթ տեղի ունեցած հանրահավաքի եւ դրան հետեւած իրադարձությունների մասին Ստ. Դեմիրճյանն ասաց. «Ուզում ենք զգուշացնել, որ սա մենք չենք հանդուրժելու, եւ, առհասարակ, ժողովուրդը չի հանդուրժի ոստիկանական պետություն։ Սրա դեմը պետք է առնել եւ ինչքան շուտ, այնքան լավ»։ Ինչպես ամենուրեք Հայաստանում, Սեւանի բնակչությունը եւս պակասում է, այստեղ եւս արտագաղթը լուրջ չափերի է հասել։ Ըստ Ստ. Դեմիրճյանի եւ նաեւ՝ ըստ սեւանցիների. «Մարդիկ լքում են երկիրը ոչ միայն այն պատճառով, որ վատ են ապրում, այլեւ այն պատճառով, որ չեն հավատում իշխանություններին»։ Սեւանցիների հետեւությունը մեկն էր՝ փոփոխություն է հարկավոր։ Սեւանցիներից մի քանիսը բողոքեցին, որ «Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը ձգձգվում է, մեկն էլ դժգոհեց, որ Մոսկվայից է փաստաբան բերվել։ Ստ. Դեմիրճյանը չընդունեց մեղադրանքը, ասելով, որ իրենց փաստաբանը՝ Աշոտ Սարգսյանը, սեւանցի է։ Վերջում սեւանցիները հորդորեցին՝ մի բան անել, որ ժողովուրդը հանգիստ շունչ քաշի։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել