Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խորհրդարանի

Սեպտեմբեր 12,2001 00:00

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՄԿԱՆՆԵՐ Է ՑՈՒՑԱԴՐՈՒՄ» Խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին հայտարարությունների գերակշիռ մասը քաղաքական էր։ Հնչած 13 հայտարարություններից առանձնացնենք երեքը։ ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար Գագիկ Պողոսյանի սպանության առնչությամբ հիշել էր մահապատիժը վերացնելու անհրաժեշտության մասին եվրոպական եւ տեղացի բարձրաստիճանների հայտարարությունները, ահաբեկչությանն առնչվողներին ներում շնորհելը. «Այս ամենն, իհարկե, մեզ խորհելու առիթ է տալիս, թե իշխանությունն ինչպես է վերաբերվում ահաբեկիչներին։ Սեպտեմբերի 7-ի հանրահավաքը ցույց տվեց, որ որքան իշխանությունը ներողամիտ է, այսպես կոչված, ահաբեկիչների հանդեպ՝ նույնքան խիստ է իր անմեղ քաղաքացիների նկատմամբ։ Համենայն դեպս, այդ հանրահավաքի սկզբի կես ժամն արտոնված էր եւ օրինական էր, բայց իշխանությունն այդ արտոնված ժամանակահատվածում էլ փորձել է խանգարել, երաժշտությամբ խլացնելով ելույթ ունեցողի խոսքը, հանրահավաքի մասնակիցներին հրահրելով ապօրինի գործողությունների, առաջինն ինքը սկսելով անօրինական գործողություններ։ Եվ ձերբակալվեց մի մարդ, որը ո՛չ հանրահավաքի, ո՛չ էլ երթի կազմակերպիչ էր։ Այստեղ ակնհայտ երեւում է, որ իշխանությունը փորձում է ժողովրդին մկաններ եւ ուժ ցուցադրել։ (…) Կուզեի հիշեցնել, որ երբ Կարեն Դեմիրճյանը 1988 թվականին ուներ ռեալ իշխանություն՝ ամեն ինչ արեց, որ ժողովրդի գլխից մի մազ անգամ չպակասի եւ արյուն չթափվի՝ իր իշխանության գնով։ Եվ խորհուրդ կտայի իշխանություններին հիշել, որ նման գործելակերպը՝ օրինապաշտության եւ քաղաքակրթության քողի տակ ահաբեկիչներին զորավիգ լինելը եւ քաղաքացիների հանդեպ մկանների ուժի ցուցադրումը՝ վաղ թե ուշ բերելու է հակադարձ գործողության։ Վաղ թե ուշ՝ միշտ էլ բումերանգի օրենքը գործում է»։ Հանրահավաքին հետեւած ձերբակալության վերաբերյալ այլ հայտարարություն էլ եղավ։ Սակայն, մինչ դրան անդրադառնալը, ներկայացնենք «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը, որը կարդաց Սերգո Երիցյանը։ Կուսակցությունն իր այս հայտարարությամբ, փաստորեն, լիովին ցրեց տարակույսները, թե նրանք, ինչպես իրենք են ազդարարում, գուցե իրոք ընդդիմությո՞ւն են։ «Օրինաց երկիրը» վերջնականապես ընտրեց իր տեղը՝ իշխանությունների կողքին, դատապարտելով ընդդիմության նախաձեռնությունը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկման գործընթաց սկսելու վերաբերյալ. «Օրինաց երկիր» կուսակցությունը կարծում է, որ դրա համար չկան ո՛չ բավարար իրավական եւ ո՛չ էլ քաղաքական հիմնավորումներ, քանզի այս պարագայում գերխնդիրը միայն իշխանափոխությունն է, վերստին իշխանական լծակներին տիրանալն այն մարդկանց, ովքեր այդ ուղին ոչ վաղ անցյալում արդեն մեկ անգամ անցել են»։ Այնքան էլ պարզ չէ, թե ինչ դիրքորոշում ունի նախագահի պաշտոնազրկման վերաբերյալ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը, բայց հանրահավաքից հետո «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանին ազատազրկելու առնչությամբ նա հայտարարեց. «Սեպտեմբերի 7-ին իշխանությունների կողմից հրահրված անօրինականություններ կատարվեցին։ Մենք պահանջում ենք ՀՀ դատախազությունից, իրավապահ մարմիններից, Մարդու իրավունքների հանձնաժողովից՝ պատժել մեղավորներին։ Չի կարելի թույլ տալ նման ստրկամիտ մոտեցում, ծառայամտություն, Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, երբ տուժում են մեր հասարակ քաղաքացիները։ Պահանջում ենք նաեւ պատժել մեղավորներին կոնկրետ անձի՝ Պետրոս Մակեյանի առնչությամբ, որը ո՛չ մի կապ չի ունեցել հանրահավաքի կազմակերպման հետ։ Ուղղակի դատավորն արձանագրել է պատճառը՝ վճռի մեջ գրելով. «Ֆիզիկապես առողջ, մեկ երեխա ունի խնամքին, պատգամավոր չէ»։ Պատգամավոր չլինելն է պատճառը, որ նրա դեմ այսպիսի քայլեր են ձեռնարկվում։ (…) Ամեն ինչ արվում է իշխանությունների կողմից, որպեսզի թույլ չտրվի Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնել։ 1,5 ամսով իբր թե զբաղեցրել են այդ տարածքը, ծախսեր են անում, որոնց 1/3-ն էլ բավարար է, որպեսզի էլեկտրատրանսպորտից օգտվեին մեր այն բնակիչները, որոնք հիմա տրամվայ էլ չեն կարողանում նստել։ Եվ այդ ծախսերն արվում են միայն մի նպատակով, որ հանկարծ հանրահավաք չլինի, թեժ աշուն չլինի»։ Առանձին անդրադարձի նյութ է, թե պատգամավորներն ինչպես էին ունկնդրում այս հայտարարությունը։ Նրանք ծիծաղում էին։ Հատկապես, ասենք, Աշոտ Գալոյանին զվարճացրեց այն արտահայտությունը, թե պատգամավոր չլինելու պատճառով են Մակեյանին ձերբակալել։ Սերգո Երիցյանն էլ այդ հայտարարությանը հեգնանքով արձագանքեց. «Պատկերացնո՞ւմ ես, Աղաս, պատգամավոր չի եղել, դրա համար…»։ Դիմում էր Աղասի Արշակյանին, որը մի ժամանակ իր հրապարակային ելույթում հաճախ էր մեջբերում այն հոգեւորականի մասին պատմությունը, որը չէր պաշտպանում իրար հետեւից ձերբակալվողներին, քանի որ իր կուսակցությունից չէին։ Իսկ երբ եկան իրեն ձերբակալելու՝ նայեց շուրջն ու տեսավ, որ չկա մեկը, որն իրեն պաշտպանի։ Այժմեականությունը չկորցնող պատմություն է։ Ինչ վերաբերում է Ազատության հրապարակը զբաղեցնելու նպատակով պատվիրված արհեստական հանդիսություններին՝ 45-օրյա մարաթոնը չընդմիջվեց, քեֆ-ուրախության ձայները չլռեցին անգամ երեկ, երբ հերթական ահաբեկչական գործողության արդյունքում մարդ էր զոհվել։ Սա էլ է խիստ հատկանշական։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել