ԵԽ-Ն ԿԱՐՈՂ Է ԱՋԱԿՑԵԼ Դա նշանակում է այլընտրանքային լուծումների փնտրտուք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը երեկ «Արմենիա» հյուրանոցում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանում «չնայած տնտեսական վիճակը բարդ է, դժվարին է, սակայն դանդաղորեն եւ կայուն կերպով առաջ է գնում եւ տնտեսական վիճակը բարելավվում է»։ Ղարաբաղյան հակամարտության մասով պրն Ջոնսթոնը «առայժմ անձնապես հատուկ որեւէ առաջընթաց» չի տեսնում։ Ասուլիսի ժամանակ լորդին հարցեր տրվեցին։ «Ազատություն» ռ/կ- Խորհրդարանում դուք միտք հայտնեցիք, որ Եվրոպայի խորհուրդը եւս ներգրավվի ԼՂ հարցի կարգավորման գործընթացում։ Այս հարցը քննարկե՞լ եք նախագահ Քոչարյանի հետ։ Լորդ Ռասել Ջոնսթոն- Ես հարցը առանձնահատուկ ձեւով չեմ քննարկել նախագահ Քոչարյանի հետ։ Ինչպես դուք տեղյակ եք, մինչ այժմ նախագահ Քոչարյանը 18 հանդիպում է ունեցել նախագահ Ալիեւի հետ։ Ես կարծում եմ, որ հաջորդ քայլը գտնվելու է Մինսկի համանախագահների իրավասության ներքո։ Այն, ինչ ասել եմ խորհրդարանում, հետեւյալն է (եւ նախագահ Քոչարյանը տեղյակ է այդ ամենին). Եվրոպայի խորհուրդը կարող է աջակցություն ցուցաբերել, իսկ սա նշանակում է՝ այլընտրանքային լուծումների փնտրտուք։ Բոլորը խոսում են փոխզիջումների մասին, սակայն տեղյակ չեն, թե ինչպիսին կարող են լինել այդ փոխզիջումները։ Ուստի, ես կարծում եմ, որ այս դեպքում անհրաժեշտ է հասարակայնության ներգրավումն այդ քննարկումներին։ «Առավոտ»- Մեր հասարակության մի մասը կարծում է, որ եթե դիմեն Եվրոպայի խորհրդին՝ խնդրելով մահապատիժը բացառության կարգով իրականացնել «Հոկտեմբերի 27»-ը կատարողների մասով, ապա Եվրոպայի խորհուրդն ըմբռնումով կմոտենա։ – Կարճ պատասխան՝ ոչ։ Եվրոպայի խորհուրդը մշակել է մահապատժի դեմ սկզբունքային մոտեցում։ Մի քանի րոպե առաջ ես նախագահ Քոչարյանի հետ էի զրուցում, ես կկրկնեմ այն, ինչ ասել եմ նրան։ Սա վերջին տասը տարիների ընթացքում նոր զարգացում է։ Ես Եվրոպայի խորհուրդ եկա 1986 թ., երբ քննարկումների ժամանակ դեռեւս հնարավոր էր, որ մարդիկ ելույթ էին ունենում մահապատժին կողմ եւ նաեւ քվեարկում էին այդպես։ Այժմ դա հնարավոր չէ, որովհետեւ ե՛ւ Վեհաժողովը, ե՛ւ կառավարությունները ընդհանուր դիրքորոշում են որդեգրել։ Այս երկու օրվա ընթացքում հանդիպումների ժամանակ ինձ ասել են, որ այո՛, մահապատիժը կվերացվի, սակայն բացառությամբ «Հոկտեմբերի 27»-ի դեպքի։ Ես չեմ կարծում, որ տրամաբանական է ընդունել սկզբունքներ, որոնց դեպքում բացառություն կարվի։ «Ա1+» h/ը- Դուք ասացիք, որ այս երկու օրերի ընթացքում ձեզ դիմել են՝ բացառություն անել եւ մահապատիժն իրականացնել «Հոկտեմբերի 27»-ի կատարողների մասով։ Ովքե՞ր են նման խնդրանք ներկայացրել, եւ արդյոք ձեզ հայտնի՞ է նախագահ Քոչարյանի տեսակետը։ Եվ հետո, դուք ասացիք, որ Հայաստանում տնտեսական աճ է տեղի ունեցել։ Ի՞նչ հիմքեր ունեք նման պնդման համար։ – Նախագահ Քոչարյանն արդեն պաշտոնապես ասել է, որ դեմ է մահապատժին։ Ինչ վերաբերում է այն բանին, ով ինձ ի՞նչ է ասել, կարծում եմ, արդարացի չի լինի, եթե ես այդ մարդկանց ցուցակը ներկայացնեմ։ Տնտեսական աճի մասով. առաջին հերթին՝ կան անկախ վիճակագրական տվյալներ։ Ես ճշգրիտ չեմ հիշում այդ տվյալները, մոտ երկու տոկոս։ Ես հիշում եմ, որ Վրաստանում բացասական է դա, որը մտահոգության տեղիք պետք է տա։ Ես խոսել եմ կառավարության հիմնական անձանց հետ. նախագահ, վարչապետ, ԱԳ նախարար։ Ընդհանրապես, տարօրինակ է, որ բոլոր կառավարությունները սովորաբար աչառու կերպով են վերաբերվում իրենց աշխատանքին։ Ամեն դեպքում, նրանք զուսպ էին արտահայտվում։ «Պրոմեթեւս» h/ը- Ադրբեջանական մամուլը գրեց, որ պրն լորդը կողմ է տարածքների փոխանակման տարբերակին։ – Եթե դուք երեկ լսել եք իմ հայտարարությունը խորհրդարանում, ես իսկապես դա ասացի, սակայն ես հասկացել եմ, որ դա այն տարբերակներից մեկն էր, որին կողմնակից էր Կարեն Դեմիրճյանը։ Դա կարելի էր քննարկել, դա արժեր քննարկել։ Եթե Ղարաբաղը մնար Հայաստանի հետ եւ միջանցք լիներ Ղարաբաղի հետ, կարելի էր այդ դեպքում վերադարձնել ադրբեջանական օկուպացված տարածքները։ Սակայն դա ինքնին չէր կարող լինել, այլ կարող էր լինել տարբերակներից մեկը, փաթեթի մի մասը։ «Առավոտ»- Մեր թերթը դիմել է Դեմիրճյաններին՝ այս հարցի պարզաբանումը ստանալու համար։ Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց, որ իրենք, հասկանալի է, լորդի եւ Կարեն Դեմիրճյանի միջեւ մասնավոր զրույցի մասին չէին կարող իմանալ, սակայն իրենց հայտնի է Կարեն Դեմիրճյանի սկզբունքային դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցի վերաբերյալ։ Իսկ այն հետեւյալն է. «այդ տարածքների համար արյուն է թափվել, եւ դրանից հետո չի կարելի գնալ միակողմանի զիջումների»։ – Ես կարող եմ կրկնել միայն այն, ինչ երեկ արդեն ասել եմ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին։ … Ես չեմ ասում, որ ես դա պրոպագանդում եմ, սակայն դա հնարավոր լուծումներից մեկը կարող էր լինել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ