Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Սեպտեմբեր 11,2001 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ Կալմարում անցկացված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը մրցումների ավարտից դեռ երկու օր առաջ 25 երկրների համար դարձավ անհասանելի: Մարզասերները հիշում են, որ գրեթե մեկ ամիս առաջ Սալոնիկում անցկացված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը միայն վերջին օրը թիմային առաջին տեղը զիջեց Ռուսաստանի հավաքականին։ Սակայն այս անգամ հանդես գալով Եվրոպայի առաջնությունում, մեր թիմն ավելի կուռ էր ու միասնական։ Բոլոր տղաներն էլ հանդես եկան մեծ վերելքով ու տղաների թիմային պայքարում սկզբից եւեթ ստանձնելով առաջատարի դերը, այն չզիջեցին ոչ ոքի ու նվաճեցին երիտասարդների չեմպիոնի կոչումը (573 միավոր)։ Միայն երեք թիմ էր, որ ասպարեզ էր հանել ամբողջական թիմ (8 հոգի)։ Հենց այս երեքն էլ կազմեցին մրցանակային եռյակը հետեւյալ հերթականությամբ. 1. Հայաստան՝ 573, 2. Թուրքիա՝ 569, 3. Ռուսաստան՝ 531։ 77 կգ քաշային կարգում Գեւորգ Ալեքսանյանի նվաճած ոսկե մեդալը ոգեւորել էր նրա թիմակից Ռուդոլֆ Նամալյանին, որը հանդես եկավ հաջորդ օրը՝ 85 կգ քաշայինների պայքարում։ Առաջին մրցաձեւում հավասարը չունեցավ բելառուսցի Անդրեյ Ռիբակուն, որի սանձած 168,0 կգ կշռող ծանրաձողը ոչ միայն նրան բերեց փոքր ոսկե մեդալ, այլեւ գրանցվեց որպես այս տարիքային խմբի աշխարհի նոր ռեկորդ։ Ռուդոլֆը 160,0 կգ-ով երկրորդն էր։ Թվում էր, թե 7,5 (8,0) կգ-ի տարբերությունն այլեւս հնարավոր չէր ետ բերել։ Սակայն Ռուդոլֆն այլ համոզման էր։ Ու դա ապացուցեց գործով։ Հրում վարժությունում նա իր կամքին ենթարկեց 195,0 կգ կշռող մետաղյա զանգվածը, որն ամբողջ 12,5 կգ-ով ավելի էր Ռիբակուի արդյունքից։ Ճիշտ է, այստեղ հայ մարզիկի հետ մրցակցելու քայլեր ձեռնարկեց ռուսաստանցի Մուհամադ Սոզաեւը, բայց առավելագույնը, որ հաջողվեց նրան՝ 190,0 կգ բարձրացնելն էր։ Երկամարտի արդյունքով Ռուդոլֆ Նամալյանը ցույց տվեց 355 կգ եւ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Այս քաշային կարգում մեր հանրապետությունը ներկայացնում էր նաեւ Գեղամ Աթոյանը։ Նա պոկումում ցույց տվեց 150,0 կգ, հրումում՝ 182,5 կգ եւ երկամարտի 332,5 կգ-ով գրավեց 5-րդ տեղը՝ Հայաստանի հավաքականին բերելով կարեւոր հաշվարկային միավորներ։ Հետաքրքիր ընթացավ 94 կգ քաշայինների մրցապայքարը, որտեղ Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանում էր Տիգրան Քամալյանը։ Ի դեպ, նա, համեմատած մեր մյուս ծանրորդների հետ, համեմատաբար ուշ էր սկսել այս կարեւոր մրցումներին նախապատրաստվել։ Եթե մյուս քաշային կարգերում մեդալների ճակատագիրը որոշվում էր հիմնականում մի մրցաձեւում, այսինքն, հավակնորդ ծանրորդներից մեկը մյուսին գերազանցում էր այս կամ այն վարժությունում, Տիգրանն աչքի ընկավ կայուն ելույթներով։ Այսպես, պոկումում նա 155,0 կգ-ով նույնիսկ եռյակում տեղ չզբաղեցրեց, հրումում արժանացավ ընդամենը փոքր «բրոնզի»՝ բարձրացնելով 195,0 կգ։ Բայց ստացվեց այնպես, որ հայ ծանրորդը ամբողջ մրցման ընթացքում, ասես մնալով ստվերում, ի վերջո երկամարտում շահեց Եվրոպայի առաջնության արծաթե պարգեւը (350,0 կգ)։ Եթե դա մարզիկի եւ մարզիչների մշակած ռազմավարություն էր, երբ ծանրորդը մրցահարթակում անում է այն, ինչ կարող է, ու չի դիմում ավելորդ ռիսկի (դրա հետեւանքով վերջնական արդյունքում անհաջողության մատնվեցին ռումինացի Ե. Բրատանը, ռուսաստանցի Ջ. Ակաեւը, որը պոկումում 2-րդն էր, բելառուսցի Ն. Օձեուն, որը նույն պոկումում 3-րդն էր), ապա դա լիովին իրեն արդարացրեց։ Ինչեւէ, ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն ավարտվեց մարզաձեւի հայկական դպրոցի փայլուն հաղթանակով՝ ընդհանուր առմամբ նվաճելով 16 մեդալ, որից երկու մեծ ոսկե, երեք՝ մեծ արծաթե եւ մեկ՝ մեծ բրոնզե։ Իսկ առանձին մրցաձեւերում մեր տղաների ցուցանիշներն այսպիսին են. պոկումում՝ մեկ արծաթ, երեք բրոնզ, հրումում՝ երկու ոսկի, երեք արծաթ, մեկ բրոնզ։ Հայ ծանրորդներից 77 կգ քաշային Գեւորգ Ալեքսանյանը պոկում վարժությունում սահմանեց Եվրոպայի երիտասարդական նոր ռեկորդ։ Այսուհետ այն հավասար է 190,0 կգ-ի։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել