Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի կոնյակի գործարան» ընկերությունը հայտնում է, որ շուտով սկսվում է 2001թ. մթերման գործընթացը,

Սեպտեմբեր 11,2001 00:00

«Երեւանի կոնյակի գործարան» ընկերության 2001թ. խաղողի մթերումների մասին «Երեւանի կոնյակի գործարան» ընկերությունը հայտնում է, որ շուտով սկսվում է 2001թ. մթերման գործընթացը, եւ հույս հայտնում, որ այն կանցնի բարձր մակարդակով։ Այս տարի առաջին անգամ ընկերությունը խաղողի մթերումները կազմակերպում է պայմանագրային համակարգով։ Ընկերության 5 գյուղատնտեսները, որոնց աշխատանքները բաշխված են եղել Արարատյան դաշտի տարածքում, ս.թ. հունվար ամսից այցելելով Արմավիրի եւ Արարատի մարզերի բոլոր այգեգործական գյուղերը, ուսումնասիրել են խաղողագործության վիճակը, այգիների մշակության մակարդակը, խաղողի սորտային կազմը եւ այլն։ Այգեգործներին առաջարկվել է երկշահավետ մի պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվում է գնել այգեգործից որոշակի քանակի խաղող, առաջարկում իր մասնագետների անվարձահատույց խորհրդատվությունը, ինչպես նաեւ գնված խաղողի դիմաց 3 օրվա ընթացքում այգեգործին խոստանում է վճարել Գյուղփոխբանկի միջոցով։ Անհատական բանկային հաշվի համարը այգեգործը ստանում է ընկերության շնորհիվ եւ դրա համար ոչինչ չի վճարում։ Այս պայմանագրերը հնարավորություն են տալիս էլ ավելի բարելավել մթերման գործընթացը (կազմել մթերման օրացույց, յուրաքանչյուր այգեգործի համար նշանակել մթերման որոշակի օր եւ… խուսափել հերթերից), ինչպես նաեւ մթերելու միայն որակով եւ որոշակի սորտերի խաղող։ Ըստ 64 գյուղերում կնքված 2465 պայմանագրերի, մթերվելու է մինչեւ 13 հազար տոննա Մսխալի, Կանգուն, Ռկածիտելի, Գառան դմակ, Ոսկեհատ սորտերի սպիտակ տեխնիկական խաղող՝ 75 դրամ/կգ գնով։ Բացի այդ, մթերվելու է 150 տ Կախեթ սորտի սեւ խաղող, որն ունի սպիտակ պտղահյութ (սահմանված գինը՝ 70 դրամ/կգ)։ Այս տարի հայկական կոնյակագործության պատմության մեջ առաջին անգամ խաղողն ընդունվելու է առանձին սորտերով եւ խաղողի հասունացման երեք տարբեր որակներով, հետագայում դրանցից ստացվող կոնյակի արտադրության ողջ շրջընթացի հսկումով։ Դա հնարավորություն է տալու կազմելու հայկական կոնյակի, այսպես կոչված՝ «ժառանգական քարտեզը», բացահայտել լավագույն բաղադրիչները եւ պահպանել ու բարելավել արտադրանքի որակը։ Այս տարվա բերքահավաքից ու մթերումից հետո ընկերությունը նախատեսում է ներկա պայմանագրերը լավագույնս կատարած նույն այգեգործների հետ եռամյա (2002-2004թթ.) պայմանագրերի կնքում, ինչպես նաեւ նոր գյուղերի ընդգրկում՝ վերը նշված մարզերում մինչեւ 80 գյուղ եւ Արագածոտնի մարզում՝ 2 գյուղ։ «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲ ընկերություն R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել