ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄՈԼԱԳԱ՞Ր ԿԱ Դեռեւս ուրբաթ օրվանից քաղաքում տարածված այն լուրը, որ մի մոլագար դպրոցներից երեխաներ է առեւանգում, երեկ արդեն դետեկտիվ ֆիլմին սազական գունեղ մանրամասներով էր հագեցած։ Ուրբաթ օրը Շենգավիթ համայնքի որոշ դպրոցներում ծնողներին հատուկ զգուշացրել էին, որ երեխաներին դպրոց եւ տուն անպայման ուղեկցեն իրենք։ Վերջիններս պնդում էին, որ մոլագարի նկարը փակցված է պատերին եւ նաեւ գրված է, որ նա երկու մարդ է սպանել, երկու երեխա է առեւանգել եւ շրջում է դպրոցներին մոտ տարածքներում։ Շենգավիթի ներքին գործերի վարչությունից երեկ պաշտոնապես հավաստիացրին, ոչ մի մոլագար չկա եւ ոչ մի երեխա էլ չեն առեւանգել։ ՆԳ վարչությունում ասացին, որ ողջ քաղաքն է այդ մասին խոսում եւ նաեւ պարզաբանեցին, թե ինչը կարող է նման լուրերի տեղիք տալ։ Շենքերի պատերին իրոք փակցված է մի տղամարդու նկար, որին որոնում են։ Վերջինս հոգեբուժարանի հարկադիր բուժումից փախած հոգեկան հիվանդ է, որին գտնելու համար հետախուզում է հայտարարված։ Նման դեպքերում, սովորաբար, հետախուզվողի նկարը փակցվում է մարդաշատ վայրերում։ ՆԳ վարչությունից, սակայն, տեղեկացրին, որ հետախուզման այդ հայտարարության մեջ ոչինչ ասված չէ սպանությունների կամ երեխա առեւանգելու մասին։ Սա արդեն ժողովուրդն է, այսպես ասած, «ծաղկացրել»։ Այնուամենայնիվ, ՆԳ վարչությունից հնարավոր չեղավ ճշտել, թե որքանո՞վ է վտանգավոր հետախուզվող հոգեկան հիվանդը, այնպես որ, ամեն դեպքում չի խանգարի զգույշ լինել։ Ն. Հ.