ԲԱՐԴՈւՂԻՄԵՈՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ Մտորումներ Վարդան Պետրոսյանի ներկայացումից հետո Դուք չե՞ք հոգնել 1700-ամյակի տոնակատարություններից: Այդ ի՞նչ պետք է լինի, ինչպիսի՞ միջոցառում, որ մենք այն նկատենք ու չծաղրենք: Այո, կռահեցիք: Այդ միջոցառումը ինքը պետք է ծաղրի` մեր ինքնահավանությունը եւ փքվածությունը, «մերն ուրիշ է» կարգախոսը, մեր կենցաղը, մեր կառավարությանը եւ նույնիսկ… մեր նախագահին: Ճիշտ է, համեմատելով նրան Աստծո հետ. «Աստծո հարցը բարդ է` չես հասկանում, նա կա՞, թե՞ չկա: Մեր նախագահն էլ այդպիսին է, որ չենք հասկանում, նա կա, թե չկա»: Գիտեք` ես կարծես թե հասկացա /ամենայն լրջությամբ/. մեր 1700-ամյա քրիստոնեությունը իսկապես գոյություն ունի` հավանաբար, այն այնքան խոր արմատներ է թողել, որ կարող ենք դրա վերաբերյալ կատակել: «Ես չեմ հավատում, ոչնչի չեմ հավատում: Ես Քեզ էլ չեմ հավատում, թեեւ գիտեմ, որ կաս»,- ասում է ժամանակակից հերոսը՝ Աստծուն դիմելով: Իսկ փոքր-ինչ հետո եզրափակում. «Ես գիտեմ, որ Դու չկաս, բայց… հավատում եմ»: Ինչ է սա. կատա՞կ, թե՞ անկեղծ մտորում, պարադո՞քս, թե՞ երգիծանք: Եվ էլի, բազում անգամներ այդ երկդիմությունը բեմադրության մեջ կխառնվի, կշարժվի, կգլորվի: Ինչպես ցանկացած լավ բեմադրություն, «Խաղում ենք 1700»-ը վերացնում է ինչ-որ շաբլոններ եւ ստեղծում սեփական կաղապարները: Օրինակ, վարագույրը չի փակվում, երբ Քրիստոսն ու առաքյալները առաջին գործողության վերջում ծնկի են իջնում աղոթքի: Ընդմիջման ժամանակ նրանք աղոթում էին մեզ համար` մինչ մենք ծխում եւ հյութ էինք խմում: Վերացված է նաեւ սահմանը բեմի ու դահլիճի, դերասանների եւ հանդիսատեսի միջեւ: Երբ Հիսուսը կանչում է իր աշակերտներին, նրանք բեմ են դուրս գալիս դահլիճից` ջինսով եւ վերնաշապիկով, ճիշտ մեր նման: Ներկայացման մեջ կա երկու գիծ /եւ այստեղ, իհարկե, մտաբերում ես Բուլգակովի վեպի նմանատիպ կառուցվածքը/՝ աստվածաշնչային եւ ժամանակակից, երգիծական: Նրանք գնում են զուգահեռաբար` երբեմն անսպասելիորեն հատվելով: Օրինակ, պարզվում է, որ բթամիտ բյուրոկրատն ու քեֆչին հենց Պիղատոսն է, եւ երբ Քրիստոսը կանգնած է դահլիճի /մե՛ր/ դատի առաջ, նա, «ժողովրդի պնդմամբ», որոշում է խաչել Քրիստոսին եւ ներում շնորհել ավազակ Բառաբային: Բեմադրությունը նորովի է լուծում նաեւ զուտ թատերական խնդիրները` օրինակ, խոսքի եւ գործողության հարաբերակցության: Ռեժիսորը դրանք բաժանում է. աստվածաշնչային մասը, ըստ էության, մնջախաղ է: Հավաքելով բազմազգ թատերախումբ, ռեժիսորը չէր կարող չկանգնել լեզվի խնդրի առաջ` ո՞ր լեզվով են խաղալու Ֆրանսիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Վրաստանից հրավիրված դերասանները՝ հայ դերասանների հետ, հայ հանդիսատեսի առաջ: Նրանք խաղում են առանց խոսքի, բոլորը շատ լավ: Բայց առավել ցայտուն է Լիոնել Էմերը /Ֆրանսիա/, որը կատարում է Բարդուղիմեոսի դերը: Ասում են, դերասանը մեծ ցանկություն ուներ հանդես գալու այդ դերով հենց մեր հողում: Իսկ հայերեն տեքստը այնուամենայնիվ հնչում է` բարձրախոսներով: Այսպես, բաժանելով գործողությունն ու տեքստը, ներկայացման հեղինակները, այնուամենայնիվ, գտնում են դրանց օրգանական կապը: Չեմ կարող չասել նաեւ Վարդան Պետրոսյանի տեքստի մասին` այն արդիական է եւ սրամիտ, մեր այսօրվա եւ երեկվա կյանքի մասին է: Տեքստը դինամիկ է անեկդոտի պես եւ բազմանշանակ է` առակի պես: Հաճելի է խոսել նաեւ հանդիսատեսի մասին: Լեփ-լեցուն դահլիճը արձագանքում էր ոչ միայն հրատապ քաղաքական հումորին: Թատրոնը հասարակական ներկայացում է, որն արտացոլում է ոչ միայն դերասանի, այլեւ սոցիումի կերպարը: Ափսոս, նախագահը չեկավ, եւ մենք չկարողացանք ստուգել` նա կա՞ իրականում, թե՞ ոչ: Ն.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ