Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերջին

Սեպտեմբեր 11,2001 00:00

Քաղավիացիան բարեփոխվում է Վերջին շրջանում ՀՀ ՔԱ-ն ընդունված է ներկայացնել մի կողմից խիստ մռայլ, երբեմն միտումնավոր՝ սեւացնող գույներով, մյուս կողմից՝ խիստ լավատեսական, հուսադրող արտահայտություններով։ Քաջատեղյակ լինելով անկախացման տարիներին ոլորտում տեղի ունեցած տեղաշարժերին, կարելի է միանշանակ արձանագրել, որ իրական առաջընթացին միտված բարեփոխումներին մի քանի անգամ հակակշռել են եթե ոչ ծրագրված քայքայումը, ապա շահադիտական նպատակներին հսկա համակարգը ծառայեցնելուց առաջացած դժվար վերականգնելի վնասները։ Չի կարելի նաեւ չնկատել, որ վերջին տասը տարում առաջին անգամ համակարգը ղեկավարում է բանիմաց, սրտացավ եւ իր քայլերում խիստ հետեւողական անձ։ Այսօր վերջապես ուշադրություն է դարձվում եւ անձնական հսկողությամբ իրականացվում ինքնաթիռների վերանորոգում, որն ուղղակիորեն առնչվում է թռիչքների անվտանգությանը, ավիացիայի հեղինակությանն ընդհանրապես։ Պակաս կարեւոր չէ նաեւ այն իրողությունը, որ ՀՀ ՔԱ-ի աշխատանքի արդյունավետությունը նշանակալիորեն բարձրանում է հատկապես ինժեներատեխնիկական եւ օդաչու ղեկավարների համատեղ, քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Դրանով է պայմանավորված նաեւ Հ. Երիցյանի օրոք «Հայկական ավիաուղիների» թռիչքների շահութաբերության բարձրացումը։ Բերենք միայն մի քանի փաստեր։ Թռիչքների ճիշտ կազմակերպման, երկկողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ միայն Ռուսաստանի Դաշնության հետ իրականացվող թռիչքների քանակն ավելացել է 5 չվերթով, ըստ որում բոլոր հինգն էլ իրականացնում է հայկական կողմը, բնականաբար՝ շահույթը թողնելով «Հայկական ավիաուղիներին»։ Ուկրաինայի հետ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել աշխատելու հավասար պայմաններով։ Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում ուղեւորների քանակն ավելացել է 25-30%-ով։ Ակնհայտորեն, կան նաեւ չօգտագործված հնարավորություններ։ Դրանցից մեկն առնչվում է բազմիցս քննարկման առարկա դարձած «A-310» ինքնաթիռին, ավելի ճիշտ՝ դրա շահագործման պայմաններին։ Ու թեեւ հնարավոր է դարձել որոշ փոփոխություններ մտցնել վճարման ժամկետներում (վճարման չափն ընդհանուր առմամբ մնում է անփոփոխ), այսուհանդերձ, գործարքն ավելի շատ դժվարություններ ու խնդիրներ է հարուցում, քան շոշափելի օգուտներ, որն էլ ստիպում է ապագայում հնարավորինս շեշտը դնել սեփական ինքնաթիռների շահագործման, ինչպես նաեւ նոր, բարվոք ինքնաթիռների ձեռքբերման եւ օգտագործման վրա։ Մեր կողմից առաջարկվում է նաեւ վերանայել տարիներ առաջ ընդունված եւ անփոփոխ կիրառվող օդի տուրքի մասին ՀՀ կառավարության որոշումը։ Խոսքը օդային տուրքի նկատմամբ տարբերակված մոտեցման կիրառման մասին է։ Բազմիցս ՀՀ միջկուսակցական սոցիալ-տնտեսական խորհուրդը հանդես է եկել հստակ հաշվարկներով հիմնավորված եզրակացություններով, շեշտելով, որ օդային տուրքն ավելի շատ վնասաբեր է տնտեսության եւ ավիացիայի համար, քան այն շահույթը, որն ակնկալվում էր ստանալ նախապես։ Ցանկալի է օդի տուրքը գանձել՝ ելնելով տոմսերի փաստացի գներից։ Անտեղի մեղադրանքներից խուսափելու համար պետք է բացառել հաշտվողականությունը՝ որոշ օղակների ղեկավար պաշտոններում պետական բարձրաստիճան չինովնիկների խնամիական կապերով միջնորդված անձանց նշանակումները, որոնք որեւէ առնչություն չունեն ՀՀ ՔԱ-ի հետ (օրինակ՝ օդանավակայանի վերահսկիչ հանձնաժողովի նախագահը), ինչպես նաեւ հաշտվողականությունը՝ նախորդ տարիներին համակարգ «սողոսկած» անհատների հետ։ Դժվար է, մասնավորապես, արդարացնել օդանավակայանի ծախսերի մասը կազմող տասներկու ծառայողական մեքենաների, աշխատակազմի բջջային հեռախոսավարձը, որը միայն հունիս ամսին կազմել է մոտ 1 մլն 700 հազար դրամ։ Ի դեպ, ճշմարտությունը պահանջում է նկատել, որ այս հարցում ամեն ինչ չէ, որ կարելի է ակնկալել ՔԱ ղեկավարությունից։ ՀՀ կառավարության անմիջական օժանդակությունն է պահանջվում նոր կադրերի ուսուցման, որոշ դեպքերում՝ նրանց նպատակային գործուղումների եւ մասնագետների վերապատրաստման համար։ Կադրային արդյունավետ քաղաքականությունը միակ հրամայականը չէ ՔԱ համակարգում։ Վերջինիս ղեկավարի հարցազրույցներից մեկում մատնանշվել են այսօր արդեն ոչ զանգվածային, սակայն դեռեւս «կենսունակ» կաշառատվության փաստերը, որը եւս հնարավոր է արմատախիլ անել ՀՀ կառավարության անմիջական աջակցությամբ կիրառվող խիստ պատժամիջոցների եւ այլ համալիր միջոցառումների շնորհիվ։ ՀՀ միջկուսակցական սոցիալ-տնտեսական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել