Լրահոս
Օրվա լրահոսը

Կխաղարկվի՞

Սեպտեմբեր 11,2001 00:00

«ՊԻՏԱՆԻ» ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Կխաղարկվի՞ «գիժ» տարբերակը Երեկվա դատաքննությանը դատարան էին բերվել «Հոկտեմբերի 27» քրգործով բոլոր 7 ամբաստանյալները։ Դատավոր Սամվել Ուզունյանը հրապարակեց ԱԺ երկրորդ հարկի զուգարանի (թիվ 250 աշխատասենյակի հարեւանությամբ) փորձաքննությունների (դատահետքաբանական, դատաքիմիական, դատաձգաբանական) եզրակացությունները։ Ըստ այդ եզրակացության էլ պարզվեց. ներկայացված ԱԿ-74 եւ ԱԿՄ տեսակի ինքնաձիգերը (ինչպես 3-ը, այնպես էլ 4-ը) հնարավոր էր տեղավորել զուգարանի խցիկների կախովի առաստաղների վրա։ «Պիտանի մատնահԵտքեր չեն հայտնաբերվել»՝ փորձագետների հաջորդ եզրակացությունն էր: Սակայն հարց է ծագում. «ոչ պիտանի» մատնահետքերի բնութագիրն ինչպիսի՞ն էր, եղե՞լ են «ոչ պիտանի» մատնահետքեր, որոնք չեն համապատասխանել կամ համապատասխանել են ինչ-որ մեկի կամ անձանց (քանիսի) մատնահետքերին։ Պարզվեց նաեւ, որ զուգարանի խցիկների կախովի առաստաղների փրփրասալիկները, իրենց հատկանիշներով նույնատիպ են եւ տարբերվել են միայն մակրոչափերով՝ երկարությամբ եւ լայնությամբ։ Զուգարանի խցի կախովի առաստաղների, փրփրասալիկների, անկյունակների, խցիկների պատերի, ինչպես նաեւ առգրավված գաջանման զանգվածի վրա վառոդային մրի եւ զենքի քսայուղերի հետքերը բացառվել են։ Գաջանման զանգվածի վրա զենքի հետք չկա, որոնք առաջացած լինեին շփման հետեւանքով (անգամ մեխանիկական բնույթի)։ Դատավոր Ս. Ուզունյանը դատավարության մասնակիցներին ներկայացրեց այն փաստաթղթերը, որոնք ստացվել էին կողմերի միջնորդությունների արդյունքում։ Զինդատախազությունից ուղարկվել էր ամբաստանյալ Նաիրի Հունանյանի (1991թ. մարտի 25-ին տրված) ծառայողական անձնագիրը, որն էլ ճանաչվեց իրեղեն ապացույց։ Քրգործին կցվեց նաեւ «քաղսովետի դեպուտատ» Նաիրի Հունանյանի թիվ 98 վկայականը, որը բացառիկ է այն իմաստով, որ վրան նկար չկա, կնիք չկա եւ «ստացված» էր կեղծողի՝ ամբաստանյալի կողմից։ Մի քանի մաքսային հայտարարագրեր էլ (1998թ. դեկտեմբերի 28-ին, 16-ին, օգոստոսի 29-ին, սեպտեմբերի 8-ին լրացված) կցվեցին գործին։ Արտառոց փաստաթղթերի շարքին կարելի էր դասել Տիգրան Նազարյանի անցաթուղթը, որն առգրավել են Հունանյանի բնակարանից։ Երբ այն տվեցին զննելու ամբաստանյալին, երկար զննելուց հետո հայտնեց. «Տրված պետք է լինի հատուկ ծրագրերի՝ «Արցախ» կոմիտեի կողմից, այդ շենքը մտնելու համար»։ Դատավոր Ս. Ուզունյանն ընթերցեց Կենտրոնի ՆԳ բաժնից ստացված գրությունը, ըստ որի, փաստաբաններ Մարուսյա Չիլինգարյանին եւ Աղասի Աթաբեկյանին ահաբեկելու «մասով» քրեական գործի հարուցումը մերժվել էր՝ հանցակազմի եւ տուժողի բողոքի բացակայության պատճառով։ Դատարանը ստացել էր նաեւ ամբաստանյալ Կարեն Հունանյանի դիմումը, որով պահանջում էր ԱԱՆ մեկուսարանից իրեն տեղափոխել ՆԳՆ մեկուսարան։ Ըստ այդ դիմումի, «որոշ սարքավորումներով» նրա մտքերը լսում են (զարմանալի է, որ նմանօրինակ գերսարքավորում չգտնվեց ԱԺ-ի ոճրագործությունը «լսելու» համար)։ Ամբաստանյալն ակնարկում էր, թե դատական նիստերի ժամանակ ինքը ճնշումների է ենթարկվում։ «Այդ ո՞ր դատական նիստերի ժամանակ է ճնշումներ եղել» դատավորի հարցին էլ ամբաստանյալ Կ. Հունանյանը պատասխանեց. «Ինձ անմիջապես չեն սպառնացել, սպառնացել են հեռակա կարգով»։ Ի դեպ, ամբաստանյալ Կ. Հունանյանը «միջնորդեց», որ իր գործը հանձնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ Այս ամբաստանյալը մի պահ փորձեց «չվերահսկել» իր մտքերը, 3 անգամ «հասկացնելով», որ ցուցմունք չի տա, որովհետեւ… Այս որովհետեւը պայմանավորված էր հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվողի դեր ստանձնելով։ «Իմ մտքերը լսում են… ես մարդկանց ձայն եմ լսում։ Զարմանում եմ, թե քանի գիշեր-ցերեկ իմ հարազատներին կարող են նկուղներում պահել։ Ծավալուն ցուցակ կարող եմ ներկայացնել, ում ձայներն են»։ Սպառնալիքների մեջ (երբ Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը հարցրեց, թե ինչպիսի սպառնալիքներ են արվել) ամբաստանյալ Կարեն Հունանյանը պատասխանեց առանց ավարտելու իր մտքերը. «Ցեղով ոչնչացնելու սպառնալիք, ֆիզիկապես ոչնչացնելու, որ Վազգեն Սարգսյանի թալանիչ եւ կեղեքիչ լինելու մասին, իմ կարծիքով, հանդես չգամ»։ Ի դեպ, նրա միտքը չավարտվեց նաեւ այն ժամանակ, երբ սպառնալիքի ենթարկվողների մեջ ակնարկեց լրատվամիջոցների, որոնք չեն լուսաբանում, որովհետեւ վախենում են («տասնյակ թերթեր ստիպված…»)։ Ապա շարունակեց. «Ինձ ներկայումս սպառնում են, որ ցուցմունքներ չտամ, որ Հայաստանում ինչ վիճակ էր մինչեւ հոկտեմբերի 27-ը, Վ. Սարգսյանի եւ Կ. Դեմիրճյանի հայ ժողովրդին կեղեքելու եւ թալանելու մասին»։ Մեր տպավորությամբ «գիժ» խաղացնելու տարբերակը, որն ընդունված է վերջին տարիներին բանդաների գործերում, դատապարտված է անհաջողության։ «Գիժ» դառնողը, սովորաբար, որպես կանոն, լինում է առանցքային կերպարը քրգործերում։ Ամենաիրազեկի, ամենակատարողի, ամենա… բացվողի կերպարը հեռահար նպատակ ունի. ցուցմունքներ չտալուն նախապատրաստելը եւ առժամանակ հասարակական ուշադրությունը շեղելը։ Ժամանակ շահելը։ Սակայն ինչո՞ւ է պետք ժամանակ շահել։ Երեկ ամբաստանյալ Ն. Հունանյանին հարցեր էր տալիս փաստաբան Մարինա Հալաբյանը։ Այն վերաբերում էր Եվպատորիայում տնաշինությանը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել