«Ո՞րն է ՁԻԱՀ-ի դեմքը» Մասնագետներն իրենք են ասում, որ Հայաստանում Մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) եւ Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով գրանցված դեպքերի պաշտոնական վիճակագրությունը 10 անգամ պակաս է իրականից։ Այսուհանդերձ, համարում են, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ համաճարակը Հայաստանում դեռ սկզբնական շրջանում է։ Ցանկացած այլ համաճարակի նման այս դեպքում էլ այն կանգնեցնելու համար լայնածավալ կանխարգելման եւ կրթական միջոցառումների անցկացումն անհրաժեշտություն է։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եւ Կրթությամբ զարգացման ակադեմիան «Գլոբալ վերապատրաստում հանուն զարգացման» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 10-14-ը կազմակերպում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված սեմինար։ Այն իրականացնող կողմը՝ Քննեքթիկուտի համալսարանը ներկայացնող դասախոսները, ինչպես եւ ընդունված է, իրենց խոսքի նախաբանում երկար խոսում էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի անհրաժեշտությունը գիտակցելու կարեւորությունից։ Իսկ Հնդկաստանից ժամանած՝ ՄԻԱՎ-ի եւ մաշկաբանության կլինիկայի տնօրեն Վինայ Կուլկարնին գունավոր սլայդներով ամենայն մանրամասնությամբ բացատրեց՝ ինչ են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, դրանց փոխանցման եւ կանխարգելման ձեւերը։ Նա այս մոտեցումը պատճառաբանեց այն բանով, որ Հնդկաստանում շատ մարդիկ չգիտեն՝ ինչ բան է ՁԻԱՀ-ը։ Հայաստանում էլ շատ մարդիկ դա չգիտեն, բայց հաստատ՝ ոչ այն լսարանը, որը երեկ ներկա էր սեմինարի առաջին օրը՝ մարզային առողջապահության վարչությունների պետեր, առողջապահական խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներ, առողջապահական համակարգի պատասխանատուներ եւ այս խնդիրները տարիներով լուսաբանող լրագրողներ, այսինքն՝ պրոբլեմին ամենատեղյակ մարդիկ։ Թեեւ, գուցե, վերջիններիս համար էլ է օգտակար պարբերաբար թարմացնել իրենց գիտելիքներն այն մասին, որ խնդրո առարկա վարակները չեն տարածվում օդակաթիլային, միջատների խայթոցների, ընդհանուր զուգարան-լոգարաններից օգտվելու եւ համանման այլ անմեղ ճանապարհներով։ Ի դեպ, արյան միջոցով վարակի փոխանցման տարբերակներից կարող է լինել դաջվածք անելիս եւ վարսավիրանոցներում սափրվելիս վարակակրից հետո անմաքուր գործիքից օգտվելը։ Հետաքրքիր էր սեմինարի այն հատվածը, որը վերաբերում էր բուժման մոտեցումներին։ Թեեւ օրակարգի այս բաժնում նշված «Արմենիկումի» մասին չասվեց ոչինչ։ Ավելի ստույգ, Քննեքթիկուտի համալսարանի բժշկագիտության դպրոցի կլինիկական բժշկության պրոֆեսորի օգնական Կեննետ Աբրիոլան «Արմենիկումի» մասին իր «կարծիքն» այսպես ձեւակերպեց. «Ամեն դեղամիջոց պետք է գնահատվի։ Ժամանակը ցույց կտա»։ Նշենք, որ սեռավարակների եւ հատկապես ՍՊԻԴ-ի դեմ պայքարի անհրաժեշտությունն ընդգծելու համար «ՍՊԻԴ» դիմակով դերասանն «ընդհատեց» սցենարը վարողի՝ Միջազգային հանրային առողջապահական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր Ստիվըն Շենսուլի խոսքը՝ հայտարարելով, որ ինքը (այսինքն՝ ՍՊԻԴ-ը) կարող է ամեն ինչ ընդհատել։ Սրան հետեւած փոքրիկ բեմականացումը կրում էր «Որն է ՁԻԱՀ-ի դեմքը» անունը, որի եզրահանգումն էր, թե ՁԻԱՀ-ի դեմքը ցանկացած հայելու մեջ արտացոլվողն է, այսինքն՝ իմը, քոնը, նրանը։ Բեմականացման մեջ նշվում էր վարակի տարածման միայն մեկ՝ սեռական ճանապարհը՝ համասեռամոլներ, մարմնավաճառներ, ամուսնական անհավատարմություն։ Գուցե փոքրիկ բեմականացման մեջ անհնար էր, սակայն իր սեռական կյանքը եւ կապերը կարգավորելու ունակ, գիտակից մարդն անպաշտպան է, երբ խոսքն արյան փոխներարկման մասին է, հատկապես Հայաստանում։ Համենայնդեպս, ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը բեմականացման վերջում քաջալերող ծափահարում էր։ Իսկ արյան փոխներարկման պրոբլեմներին գոնե Հայաստանում մի քիչ ավելի է պետք ուշադրություն դարձնել։ Որովհետեւ ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Ռաֆայել Օհանյանը ՁԻԱՀ-ով հիվանդ երեք երեխաներից մեկի վարակման ճանապարհի մասին ասաց՝ «ըստ երեւույթին արյան փոխներարկման ճանապարհով»։ Ըստ երեւույթի՞ն։ Իսկ ըստ էությա՞ն։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ