Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցավոք,

Սեպտեմբեր 11,2001 00:00

ԱՅԴ Ո՞Ր ՍԽՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ Ցավոք, նախագահ Քոչարյանի ինտերնետային ասուլիսը այնպիսի օր կայացավ, որ մեծ ցանկության դեպքում էլ չէիր կարող օրվա իրադարձություն համարել, հետեւաբար եւ դրան ծանոթանալ: Բայց նախագահի խաղարկած լայնախոհությունը, հատկապես «դաստիարակության» վկայակոչումը՝ իբրեւ սեփական վարքագծի բնութագիր, տպավորիչ է: Պարզվում է «նախագահին կարելի է եւ պետք է քննադատել, բայց վիրավորանքների դեմ նա անպաշտպան է: Նույն կերպ պատասխանել թույլ չի տալիս դաստիարակությունը եւ հարգանքը՝ զբաղեցրած պաշտոնի հանդեպ»: Ճիշտ նախագահական պաշտոնի պայծառափայլությանը եւ գերազանցությանը պատշաճող համոզմունքներ, որ աներկբա հարգանք են ներշնչում: Խնդիրն այն է միայն, որ Քոչարյանի շուրթերին դրանք վերածվում են զավեշտի: Այդ ո՞ր դաստիարակված քաղաքացին, չասելով այլեւս նախագահը, իրեն թույլ կտա «մոսկաներ» կոչել քաղաքական ընդդիմախոսներին կամ իրեն քննադատողին «բառաչող կովի» այլաբանությամբ սաստել: Ավելի գռեհիկ արտահայտություններ, որ Քոչարյանը թույլ է տվել Եվրախորհրդի դիտորդների հասցեին կամ գրավված տարածքների վերաբերյալ Օսկանյանի դիրքորոշումը փաստարկելիս, միայն գռեհկաբանը իրեն թույլ կտա կրկնել: Հետեւաբար, թեկուզ հիշեցնելու համար, դրանք մեջբերել չենք կարող, սակայն զուր է կարծել, թե դրանք մոռացվել են: Եթե մարդը բարեկիրթ էլ չլինի, այլ ընդամենը դաստիարակված, դարձյալ Քոչարյանի բառապաշարը՝ արտառոց անվայելուչ լինելու պատճառով, նրա հիշողության մեջ կդաջվի: Կամ գուցե տարբեր են բարեկրթության չափանիշները մայրաքաղաքում եւ գավառում: Գուցե այնտեղ միայն հիշոցք-հայհոյանքներն են պարսավելի, իսկ կենդանիներ ու մնացյալը հիշել-մեջբերելը գնահատվում է իբրեւ կոլորիտ: Քոչարյանի անվայելուչ բառապաշարին այլ բացատրություն տալու անկարող լինելով, մենք էլ կենդանական աշխարհից մի այլաբանության դիմենք: Վստահաբար դա «կյանքից քաղված պատկեր» լինելու շնորհիվ առավելագույնս ընկալելի է գավառական աշխարհայացքին: Հասարակաբանությունից ու ժողովրդական միջավայրից մի արտահայտություն, որի իմաստն է, թե ամեն մեկը երազում իր երազածն է տեսնում, հառնում է պատասխանելու Քոչարյանի՝ երկրորդ ժամկետում նախագահ լինելու մտադրությանը: Փոխարեն մտահոգվելու, որ պաշտոնավարությունը մոտենում է ավարտին, իսկ ինքը նախընտրական որեւէ խոստում չի կատարել, Քոչարյանը կրկին նախագահ առաջադրվելու մասին է խոսում: Թույլ տվեք հարցնել, այդ ո՞ր արժանիքի ու մեծագործության համար: ՀՀ քաղաքացի չհանդիսանալով՝ ՀՀ նախագահի թեկնածու գրանցվելու՞, «թափանցիկ եւ արդար ընտրություններում» նախագահ հռչակվելո՞ւ, ՀՀ դատախազին իր աշխատասենյակում գնդակահարելը իբրեւ կենցաղային հաշվեհարդար ներկայացնելո՞ւ, «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործներին հովանավորելո՞ւ, միջազգային աճուրդներում հաղորդակցության ու էներգետիկ ենթակառուցվածքներ փոշիացնելո՞ւ… թե՞ 40.000 աշխատատեղ բացելու, ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու, կենսաթոշակներ բարձրացնելու, կաշառակերությունն արմատախիլ անելու եւ մյուս ամպագոռգոռ խոստումները կենսագործելու համար: Քոչարյանը նմանվում է մթության մեջ առաջացող մարդու, որ ինքն իրեն գոտեպնդելու համար կրկնում է. «Ես չեմ վախենում եւ չեմ վախենում»: Հանրամատչելի հոգեբանության մեջ դա կոչվում է ինքնաներշնչում: Ուղղակի մարդկային հոգեվիճակների փոքրիշատե գիտակ մեկը ինքնաներշնչանքով հրապարակայնորեն չի զբաղվի՝ թեկուզ ծիծաղելի չերեւալու համար: Նաեւ մտացածին բացատրություններ չի փնտրի նրան, ինչ հոգեբանորեն պատճառաբանված է եւ գրեթե անխուսափելի: Եթե ընդդիմությունը պատասխանատվություն է ստանձնում ստորագիր փաստաթղթով պաշտոնավարող նախագահին հանցագործ հռչակելու եւ նրան պաշտոնանկելու գործընթաց սկսելու, նախագահն էլ պետք է նույնքան ծայրահեղ հայտարարություն աներ: Գուցե հոգեբանական ճոճանակ, գուցե համազոր հակազդեցություն, բայց երբեք հիմնավորված դիրքորոշում: Բառային փոխհրաձգությունը նախագահի անհավասարակշռությունը եւ թույլ ինքնատիրապետումը բացահայտեց: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել