ՄԱՍՆԱՏԻՐ, ՈՐ ՏԻՐԵՍ «Առավոտի» նախորդ համարում տեղեկացրել էինք, որ քրեական գործ է հարուցվել կաշառակերության փաստով, որին առնչվում են Լիցենզավորման եւ հավատարմագրման նախկին պետ Ռոբերտ Գաբրիելյանը եւ ոմանք նրա մերձակա շրջապատից։ ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ հրաժարվեցին մանրամասներ հաղորդել այս առնչությամբ՝ հիմնավորելով, որ նախաքննություն է գնում։ Հրաժարվեցին հրապարակել նաեւ ձերբակալվածների անունները, սակայն «Առավոտին» հայտնի դարձավ, որ ձերբակալվածները ծառայության երկու աշխատակիցներն են, ովքեր այս տարի բավականին ակտիվ դերակատարություն ունեին մասնավոր բուհերի հավատարմագրման գործընթացում։ Չհաջողվեց ճշտել՝ ձերբակալվե՞լ է Ռոբերտ Գաբրիելյանը, որին փնտրում եւ չէին գտնում պատկան ատյանները։ Վերջիններս, ըստ մեր տեղեկության, ստորագրություն են վերցրել պրն Գաբրիելյանի հարազատներից, որ նրա տեղն իմանալու դեպքում պարտավորվում են հայտնել։ Դեռեւս հայտնի չէ նաեւ, թե ում ՀՀ վարչապետը կնշանակի ծառայության պետի պաշտոնում։ Ակնհայտ է, որ այս «յուղոտ» պաշտոնը միայն շատ մտերիմ մարդու կվստահվի։ Ի դեպ, Ռոբերտ Գաբրիելյանն էլ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանի մտերիմ ընկերն էր, բայց, հավանաբար, այդ տեղի համար ավելի արժանավոր թեկնածու կա, որ որոշեցին կաշառակերության փաստը չկոծկել։ Իսկ հիմա արդեն քննարկվում է ծառայության լիազորությունները մասնատելու խնդիրը. նախատեսվում է հավատարմագրման գործառույթը ՀՀ կառավարությանը հանձնել, իսկ ԿԳՆ-ին կմնա միայն լիցենզավորման գործընթացն իրականացնելու իրավունքը։ Ն. Հ.