Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏԻՊՎԱԾ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑ

Սեպտեմբեր 11,2001 00:00

ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏԻՊՎԱԾ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑ Չգիտեմ, ով ինչպես, բայց ես, օրինակ, երբեք չէի կասկածում, որ Ռոբերտ Քոչարյանին ոչ մի իշխանություն էլ պետք չէ. նրան չեն հրապուրում նախագահական պալատն ու կառավարության ամառանոցը, նրան պետք չեն ամրակազմ թիկնապահներն ու գրպանային բիզնեսմենները, նա չի հալվում իր ենթակաների եւ պետականամետ քաղաքական գործիչների քծնանքից: Իր միակ նպատակը երկիրը ծաղկեցնելն է, ուստի նա մեծ դժկամությամբ է քաշում Հայաստանի նախագահ լինելու ծանր լուծը: Թե ինչպես է երկիրը ծաղկում, բոլորս տեսնում ենք՝ մանավանդ այն բանից հետո, երբ միայնակ ֆանատիկների մի խումբ գնդակահարեց Քոչարյանի քաղաքական եւ տնտեսական մրցակիցներին: Արտագաղթը կանգնեցվել է, ղարաբաղյան հարցը լուծված է, շրջափակումը՝ վերացված: Ժողովրդավարության բուռն զարգացման մասին էլ չեմ խոսում. անկախ դատավորներին գիշերները քնից են հանում՝ անցանկալի քաղաքական գործիչների դեմ կալանքի որոշումը «դակելու» համար: Այդպես էր ծաղկեցնում երկիրը պրն Քոչարյանը, վերջնականապես չկողմնորոշվելով՝ արժե՞ արդյոք եւս հինգ տարի օգտվել միահեծան իշխանության բոլոր հնարավոր եւ անհնարին բարիքներից: Մեկ էլ հանկարծ պարզվեց, որ այս ծաղկող երկրում ոչ բոլորն են հրճված իր ազգափրկիչ գործունեությամբ, որ կա, «այսպես կոչված», ընդդիմություն, որը (ինչպիսի՜ հանդգնություն) հավակնում է իշխանության: Դա դեռ ոչինչ. եթե իշխանության հավակնեին բարեսիրտ, չթունավորված մարդիկ (ինչպիսիք են, օրինակ, Հրանտ Մարգարյանը կամ Պարույր Հայրիկյանը), նախագահը չէր մտահոգվի եւ նույն պահին կզիջեր իր աթոռը: Բայց, թարսի պես, հիշյալ մաքրագույն գործիչները ընդդիմադիր չեն, իսկ ընդդիմության մեջ հավաքվել են միայն չար եւ թունավորված մարդիկ: Ուրեմն, ի՞նչ է մնում խեղճ մարդուն (Քոչարյանին), եթե ոչ՝ չուզելով, ինքն իրեն ստիպելով, պահել ձեռքին թուրն ու գավազանը: Կանխատեսելի է, 2008 թվականին նույնպես կգտնվեն թունավորված եւ չար գործիչներ, որոնց պատճառով Քոչարյանը պարզապես ստիպված կլինի մնալ իր աթոռին՝ կրծքով փակելով նրանց ճանապարհը: Ինչ արած, այդ մարդու բախտը չի բերել: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել