Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դարավոր

Սեպտեմբեր 11,2001 00:00

Լրագրողները ճանապարհ են բացում Դարավոր թշնամու քարացած կաղապարը կոտրելու, հայերին եւ թուրքերին հաշտեցնելու ահա այս տարբերակն էր ընտրել թուրք լրագրողուհի, «Անատոլու» գործակալության աշխատակցուհի Գյուլսեն Սոլավերը. «Մեր ժողովուրդների՝ հայերի, թուրքերի եւ ադրբեջանցիների միջեւ շատ ընդհանրություններ կան՝ մշակութային, կենցաղային, պատմական, ավանդական։ Երբ վերադառնամ, ես այդ մասին եմ գրելու եւ, կարծում եմ, որ այս ուղիով գնալու դեպքում, մեր ժողովուրդները մեզ ավելի լավ կհասկանան»: Բաքվից, Անկարայից հետո, Երեւանն էր եղել հայ, թուրք եւ ադրբեջանցի լրագրողների հանդիպումների հերթական հավաքատեղին, որոնց արդյունքում շուտով կկազմվի արձանագրություն, որում տեղ կգտնեն ոչ միայն արդեն պատմություն դարձած քննարկումների սղագրություններն ու արդյունքները, այլեւ այն պլաններն ու ծրագրերը, որ նախատեսել է լրագրողական այս «ալյանսը»։ Երեւանյան (ավելի ճիշտ՝ ծաղկաձորյան) քննարկումների ավարտից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ մեր թուրք եւ ադրբեջանցի գործընկերները խոսեցին ոչ միայն մեր էթնիկ ընդհանրությունների մասին (որոնք մասնավորապես արտահայտվում էին «նույն երաժշտության տակ նույն շարժումներով պարելուն»), այլեւ՝ հայկական անմոռաց հյուրընկալության եւ այն հնարավոր ճանապարհների մասին, որոնք պետք է խաչմերուկ դառնան՝ առայժմ ոչ բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող ժողովուրդների համար։ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից (նա ներկայացնում էր հայկական կողմը) «Առավոտը» հետաքրքրվեց. «Ըստ էության, եւ ձեր՝ լրագրողներիդ նպատակը, եւ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի առջեւ դրված խնդիրը նույնն է՝ հարթել մեր երկու ժողովուրդների հարաբերություններում եղած կնճիռները։ Ինչո՞վ բացատրել հայ հասարակության ընդգծված դրական վերաբերմունքը՝ ձեր արած գործի, եւ ընդգծված բացասական վերաբերմուքը՝ Հաշտեցման հանձնաժողովի նկատմամբ»։ Պրն Նավասարդյանը պատասխանեց. «Միգուցե պատճառն այն է, որ մենք շատ կոնկրետ եւ իրականանալի խնդիրներ ենք դնում մեր առջեւ, իսկ հանձնաժողովը մի քիչ ընդհանուր խնդիր է դրել իր առջեւ, եւ նրանց օրակարգն առայժմ հանրությանը պարզ չէ եւ անհանգստացնում է։ Հույս ունեմ, որ մոտակա հանդիպումների ժամանակ կհասկանանք այդ հանձնաժողովի դերը»։ Նա ասաց նաեւ, որ հայ, թուրք եւ ադրբեջանցի լրագրողները քննարկել են Հաշտեցման հանձնաժողովի աշխատանքները, անգամ՝ հյուրընկալել հանձնաժողովի անդամ Դավիթ Հովհաննիսյանին. «Ինձ թվում է կարեւոր հանդիպում էր, քանի որ մեր թուրք գործընկերներն ավելի մեծ սպասումներ ունեին այդ հանձնաժողովի աշխատանքներից, քան այն կարող էր տալ։ Այդ հանդիպումը նրանց սթափեցրեց։ Հասկացան, որ հանձնաժողովի հետ կապված ամբողջ համատեքստը մի քիչ ավելի բարդ է»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել