ԹԵԺ ԱՇՆԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՄԻՆ ՓՉԵՑ ՆԱԵՎ ԵՎՐՈՊԱՅԻՑ «Ես հասկացա, որ այստեղ ինձ չհասկացան» Աշնանային նստաշրջանի առաջին եռօրյան սկսվեց ներսից ու դրսից գերլարված իրավիճակում։ Դրսում ոստիկաններն էին ցանկապատել խորհրդարանը, ներսում՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը որոշել էր Եվրախորհրդի անդամ Հայաստանի խորհրդարանի հետ խոսել ինչպես վայել է «ընկերներին»։ Իսկ «ընկերների նկատմամբ մենք ավելի անկեղծ ենք եւ պակաս քաղաքավարի»։ Պրն լորդը դիվանագիտորեն մտածված էր կառուցել իր ելույթը, անշուշտ, նկատի ունենալով նաեւ հայկական մենթալիտետը, սակայն, ակնհայտորեն, իր սառնարյուն հաշվարկներում Ջոնսթոնը մի քիչ սխալվել էր։ Նախ, պրն Ջոնսթոնը, խիստ նրբանկատորեն, ելույթը սկսեց Կարեն Դեմիրճյանին հիշելով։ Ասաց, որ ուզում է «ոգեկոչել զոհերի հիշատակը եւ հարգանքի տուրք մատուցել այն ամենի համար, ինչ նրանք արել են հանուն իրենց երկրի»։ Այնուհետեւ հիշեցրեց, որ Եվրախորհուրդ ընդունվելը պատիվ է մեզ համար։ Անցնելով ստանձնած հանձնառույթների կատարմանը, հիշեցրեց, որ մեր երկիրն անդամակցելուց առաջ խոստումներ է տվել, որոնք պարզապես պարտավոր է կատարել, նաեւ զգուշացրեց, որ Եվրախորհուրդն իր հերթին պատրաստ չէ փոխզիջումների, երբ «խոսքը գնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքների գերակայության հիմնական հարցերի մասին»։ Խոսքն առաջին հերթին կապվեց Հայաստանում մահապատժի վերացմանը։ Ռասել Ջոնսթոնը տեղյակ էր անշուշտ, որ քրեական նոր օրենսգրքով նախատեսվում է մահապատժի վերացում։ Տեղյակ էր նաեւ, որ այս բանը «չափազանց մեծ ժողովրդավարություն չի վայելում»։ Հատկապես հոկտեմբերի 27-ից հետո, եւ հատկապես «Հոկտեմբերի 27»-ի մասով, բայց եւ չխուսափեց խորհրդարանի ամբիոնից հայտարարել, որ մահապատժի վերացումը «միջոց է, որը պետք է ձեռնարկել ընդհանուր առմամբ հանուն հասարակության»։ Այս խոսքերից հետո խորհրդարանը, որտեղ տեղի էր ունեցել 27-ի ոճրագործությունը, «ընդհանուր առմամբ» սկսեց դժգոհության նշաններ ցույց տալ։ Ավելի ուշ Տիգրան Թորոսյանն ասաց, թե պրն Ջոնսթոնը ճիշտ կանի մահապատժի վերացումը նախ Թուրքիայից պահանջի, որը ավելի վաղուց է դարձել Եվրախորհրդի անդամ։ Մահապատժի վերացման օգտին քարոզչությունից հետո խորիմաստ անցում կատարվեց ղարաբաղյան թեմային։ Լորդ Ջոնսթոնը խորհրդարանին հիշեցրեց, թե ինչ են մտածել եվրոպացիք, երբ համաձայնել են, որ Ադրբեջանը եւ Հայաստանը Եվրոպական խորհրդի անդամ դառնան։ Անդամակցության շարժառիթը, պրն լորդի ներկայացմամբ, եղել է այն, որ մտածել են, թե դրանով Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարագացվի։ Չթաքցրեց, որ «Ստրասբուրգում եւ այլ երկրների մայրաքաղաքներում հիասթափությունն ակնհայտ է»։ Այսուհետ Եվրախորհուրդը մտադիր է անմիջականորեն ներգրավվել ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում. «Ձախողում բառը չեմ ուզում օգտագործել, բայց ավելի լավ կլիներ, որ բնակչության ավելի մեծ զանգվածներ ներգրավված լինեն»,- ասաց պրն Ջոնսթոնը՝ խոսելով Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների բանակցությունների մասին։ Պրն լորդը հիշատակում արեց, որը իրենից բացի ոչ ոք չի կարող հերքել կամ հաստատել, քանի որ կողմերից մեկը սպանվեց հոկտեմբերի 27-ին. «Գաղտնիք հայտնած չեմ լինի, եթե ասեմ հարցը (Ղարաբաղի- Մ. Ե.) բավական շատ քննարկել եմ Կարեն Դեմիրճյանի հետ։ Երբեմն պահանջվում է, որպեսզի մարդիկ ավելի ճկուն լինեն հասարակության մեջ։ Չպետք է ամաչել այն բանից, որ երբեմն սա քաղաքական հրամայական է։ Կարենը (հետաքրքիր է, որ հենց այս մասում, թերեւս, խոսքին առավել մտերմիկ տոն հաղորդելու միտումով, պրն Ջոնսթոնը չէր նշում Դեմիրճյան ազգանունը- Մ. Ե.) կողմնակից էր այն բանին, որ, ասենք, այն հողերը, որ շրջապատում են Ղարաբաղը եւ որոնք նախկինում զբաղեցվում էին ադրբեջանցիների կողմից, ազատվեն, իսկ կենտրոնական սարահարթը բնակեցված լինի հայերով, սակայն միջանցք ունենա դեպի Հայաստան»։ Այս խոսքերից հետո խորհրդարանը երկրորդ անգամ աղմկեց։ Իսկ երբ լորդն ասաց, որ «գուցե սա խախտած կլինի տարածքային ամբողջականության հարցը»,- դահլիճը վերջնականապես ափերից դուրս եկավ։ Դահլիճը լքեցին «Հայաստան» պատգամավորական խումբը (առանց Մյասնիկ Մալխասյանի), կոմունիստներից՝ Նորիկ Պետրոսյանը (որը հեռանալիս չգիտես ինչու գոչեց՝ վիվա Եվրոպա), Խորեն Սարգսյանը, նաեւ ՀԺԿ-ական պատգամավորները, ԱԺՄ-ից՝ Սեմյոն Բաղդասարյանը։ ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանն ասաց, որ կոռեկտ չի համարում, երբ մահացած մարդու անունից ինչ-որ բաներ են ասվում։ Գրիգոր Հարությունյանը եւս այս ամենը գնահատեց որպես ոչ բարոյական. «Մարդը չկա, իրենք առանձին խոսել են, հիմա մեզ ներկայացնում է մահացած մարդու խոսքերը։ Ով պետք է հերքի կամ հաստատի այդ խոսքերը»։ ՀՅԴ խմբակցության նախագահ Աղվան Վարդանյանը եւս դատապարտեց լորդի նման մոտեցումը. «Ճիշտ չէ, երբ պրն Ջոնսթոնը դատողություններ է անում իր անձնական հիշողությունների, ասված կամ չասված խոսքերի հիման վրա Ղարաբաղը շրջապատող տարածքներն ազատելու վերաբերյալ։ ՀՀ ԱԺ-ն Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ունի ամբողջական, միասնական տեսակետ, արտահայտված բոլոր խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ եւ իր մեկնակետը կարող է լինել միայն դա»։ Պրն Վարդանյանը համաձայն չէ նաեւ, թե բանակցությունները ձախողվել են. «Իսկ եթե դանդաղում կա, մեղքը Ադրբեջանինն է, քանի որ վերջինս չի ընդունել Մինսկի խմբի եռանախագահների վերջին առաջարկները»։ Պրն Վարդանյանը չի կարծում, թե Եվրախորհրդի անմիջական ներգրավումը որեւէ դրական առիթ կդառնա։ Վերջում հավելենք, որ խորհրդարանական հանդիպումներից հետո պրն Ջոնսթոնը չի թաքցրել հետեւյալը. «Ես հասկացա, որ այստեղ ինձ չհասկացան»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ