Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ

Սեպտեմբեր 11,2001 00:00

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԵՏՔ ԹՈՂՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ» Ըստ ԱԱՆ մասնագետների ստի դետեկտորով անցկացրած ստուգման՝ այս է եղել հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջման փորձին մասնակցելու Կարեն Հունանյանի դրդապատճառը։ Կարեն Հունանյանին եւս պոլիգրաֆ հետազոտման՝ ստի դետեկտորի միջոցով ստուգման են ենթարկել ե՛ւ Հայաստանի ԱԱՆ օպերատիվ-տեխնիկական վարչության աշխատակիցները՝ 1999 թ. դեկտեմբերի 10-ին, ե՛ւ ռուս մասնագետները՝ 2000 թ. փետրվարի 3-ին եւ 8-ին։ Համադրենք այս հետազոտությունների եզրակացությունները։ «Մեծ հավանականությամբ կարելի է եզրակացնել, որ Կարեն Հունանյանը գիտի եւ միտումնավոր թաքցնում է 1999 թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունների կազմակերպչին»,- նշված է ՀՀ ԱԱՆ-ի ներկայացուցիչների եզրակացության մեջ։ Իսկ ռուսները (որքան մեզ հայտնի է, նրանք ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության՝ թՀձ-ի մասնագետներ են եղել), երբ ստուգել են Կարեն Հունանյանի այն պատասխանը, թե ինքը չի խաբում, որ չգիտի Վազգեն Սարգսյանի սպանության կազմակերպչի անունը, եզրակացրել են. «Հետազոտվողի ռեակցիան գնահատվում է ոչ բավարար ճշմարտացի»։ Ե՛վ հայ, ե՛ւ ռուս մասնագետները ստացել են նույն արդյունքը, թե, ըստ Կարեն Հունանյանի գնահատականի՝ Մուշեղ Մովսիսյանն ու Սամվել Բաբայանը մասնակից են հոկտեմբերի 27-ին կատարված սպանությունների կազմակերպմանն ու նախապատրաստմանը։ Մեր ԱԱՆ-ում Ալեքսան Հարությունյանի մասին հարց չեն տվել Կարեն Հունանյանին եւ սահմանափակվել են միայն արձանագրելով. «Ըստ Կարեն Հունանյանի գնահատականի, նա որոշեց մասնակցել 1999 թ. հոկտեմբերի 27-ի իրադարձություններին, երբ իմացավ, որ իբր կազմակերպիչներն են Սամվել Բաբայանը եւ Ալեքսան Հարությունյանը»։ Իսկ ռուսների անցկացրած հետազոտության մեջ առաջադրված որոշակի հարցերի արդյունքով՝ ե՛ւ Ալեքսան Հարությունյանը, ե՛ւ Հարություն Հարությունյանը նույնպես կատարվածի հանցակիցներ են։ Ավելին՝ նրանց հետազոտման մեջ ավելացել է կատարվածի նոր մասնակցի անուն՝ Տիգրան Նաղդալյան։ Սակայն այս երկու հետազոտություններում էլ զգալի բաժին է հատկացված Վանո Սիրադեղյանին։ Ավելի ստույգ՝ հայերը սահմանափակվել են պոլիգրաֆ ստուգման միջոցով ստացված այն եզրակացությամբ, թե Դերենիկ Բեջանյանը զրպարտում է Կարեն Հունանյանին, երբ ասում է, որ նա է տվել Վ. Սիրադեղյանի անունը որպես կազմակերպիչ։ Իսկ ռուս մասնագետներն առավել հանգամանալից են հետաքրքրվել Վանո Սիրադեղյանի դերակատարությամբ եւ ահա թե ինչ եզրակացությունների են հանգել։ Այն հարցին՝ «Քեզ հայտնի՞ է, որ Վանո Սիրադեղյանը 1999 թ. հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի սպանության կազմակերպման եւ նախապատրաստման հանցակիցն է», հետեւել է բացասական պատասխան, եւ ռուսներն արձանագրել են. «Հետազոտվողի ռեակցիան գնահատվում է որպես ճշմարտացի։ Հարցը զգայականորեն կարեւոր է նրա համար։ Կարելի է եզրակացնել, որ հետազոտվողը վախի զգացում է ապրում Վանո Սիրադեղյանի անունը հիշատակելիս»։ Նույն եզրակացությունը՝ վախի վերաբերյալ, կրկնվում է երկու անգամ։ Եվս երկու անգամ մասնագետները հաստատում են Կարեն Հունանյանի այն պատասխանի իսկությունը, թե նա չի ստում, երբ ասում է, որ «իր եղբայր Նաիրիին Ալեքսան Հարությունյանն ասել էր, թե Վանո Սիրադեղյանն ու նրան մտերիմ գեներալները պատրաստ էին շարունակել պետական հեղաշրջման իրենց գործողությունները»։ «Ճշմարտացի» է գնահատվել նաեւ Կարեն Հունանյանի այն պատասխանը, թե իր եղբորը խոստացել էին հեղաշրջումից հետո վարչապետ նշանակել։ «Կեղծ» է գնահատվել նրա այն պատասխանը, թե իրեն պարգեւ չէին խոստացել Վազգեն Սարգսյանի սպանության դիմաց։ Համադրեք սա հայ մասնագետների ստացած եզրակացությանը. «Ըստ Կարեն Հունանյանի գնահատականի, 1999 թ. հոկտեմբերի 27-ի իրադարձություններին մասնակցելու դրդապատճառը եղել է պատմության մեջ հետք թողնելու ցանկությունը»։ «Քեզ սպառնացե՞լ են հաշվեհարդարով, եթե ճշմարտությունն ասես Վազգեն Սարգսյանի սպանության մասին» հարցին հետեւել է «ոչ» պատասխանը. «Հետազոտվողի ռեակցիան գնահատվում է որպես կեղծ»։ Նույն կերպ՝ որպես սուտ են գնահատվել նաեւ այն պատասխանները, թե ԱԱՆ եւ քննչական մեկուսարանի աշխատակիցները իրեն չեն սպառնացել հաշվեհարդարով՝ ճշմարտությունն ասելու պարագայում։ Մինչդեռ «ճշմարտացի» է գնահատվել այն պատասխանը, թե զինդատախազության քննիչները չեն սպառնացել Կարեն Հունանյանին։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել