«ՍԱՅԻԱԴՆՈՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» Լույս է տեսել Ասլան Ասլանյանի «Սայիադ-Նովա. ճշմարտությունը սայիադնովագիտության մեջ» գիրքը։ Այն ամփոփում է հեղինակի 30 տարվա տքնաջան պրպտումների արդյունքները։ Իսկ ինչո՞ւ «Սայիադ-Նովա» եւ ոչ թե ավանդական «Սայաթ-Նովա»։ Մեծ երգչի ինքնագրի եւ ապա՝ բազմաթիվ այլ համոզիչ փաստարկների հիման վրա հեղինակը հաստատում է, որ ճիշտը «Սայիադ-Նովա» տարբերակն է։ Բավական է մի քանի րոպե լսել նրան՝ հասկանալու համար, որ նա ներծծված է «Սայիադ-Նովայով»։ Բնությունը նրան շռայլորեն օժտել է վերլուծական, թափանցող մտքով ու համբերատարությամբ. որակներ՝ առանց որոնց անհնար կլիներ «քանդել» Սայիադ-Նովայի «ամեն բառի հազար կապը»։ Նա ընթերցողին հրամցնում է այնպիսի փաստեր, որոնք այլ սայիադնովագետների կողմից մեկնաբանվել են սխալ կամ ընդհանրապես չեն մեկնաբանվել։ Նա նրբանկատությամբ վերծանում է ծածկագրերը, որ ընդդիմախոսության հակված ընթերցողն անգամ համոզվում է նրա բերած փաստարկների ճշմարտացիության մեջ։ Բերենք միայն մեկ օրինակ։ Տարբեր ժամանակաշրջաններում սայիադնովագետների կողմից առաջ են քաշվել Սայիադ-Նովայի ծննդյան թվականի մեկ տասնյակի հասնող վարկածներ՝ 1711, 1712, 1713, 1714, 1717, 1718, 1720, 1722, 1724, 1726թթ.։ Այս թվականներից յուրաքանչյուրն «ապացուցվել» է փաստերի խեղաթյուրման, բանաստեղծությունների բնագրերի մտացածին կամ ակամա սխալ վերլուծությունների, նույնիսկ՝ թվաբանական գործողություններում կատարված աղավաղումների ճանապարհով։ Մինչդեռ Ա. Ասլանյանն իր՝ 1707թ. տարբերակն ապացուցում է ավելի քան 40 տարբեր, իրարից անկախ փաստերով։ Ա. Ասլանյանը պատրաստվում է լույս ընծայել մի շարք գիտական աշխատություններ՝ Սայիադ-Նովայի հայերեն, վրացերեն, թուրքերեն խաղերի մեկնաբանությունները՝ 3 հատորով, Մ. Մաշտոցի, Խորենացու, Գ. Նարեկացու կյանքին ու գործունեությանը նվիրված ուսումնասիրությունները։ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ