Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՏՔՆ ՈՒ ՍԻՐՏԸ՝ ԵՐԿՆՔՈՒՄ

Սեպտեմբեր 08,2001 00:00

ՄԻՏՔՆ ՈՒ ՍԻՐՏԸ՝ ԵՐԿՆՔՈՒՄ «Ընկեր Ֆերդինանդ»։ Այսպես են բոլորը դիմում նրան՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տնօրեն Ֆերդինանդ Ղարիբյանին։ 60 տարեկան է, որից 48-ը նվիրաբերել է ավիամոդելային սպորտին, վերջին 42-ը՝ որպես մարզիչ-մանկավարժ։ Այդ ընթացքում հարյուրավոր սաներ է ունեցել, որոնք ոչ միայն յուրացրել են այս բնագավառի գաղտնիքները, այլեւ հետագայում դարձել են գիտության, տեխնիկայի ճանաչված աշխատողներ, ավիացիոն ինժեներներ, օդաչուներ։ Տասնյակներով կարելի է հաշվել ընկեր Ֆերդինանդի աշակերտներին, ովքեր հաղթող են ճանաչվել հանրապետական, նախկին միութենական առաջնություններում, արժանացել են մրցանակային տեղերի… 60-ական թվականներին, երբ մարդը նվաճեց տիեզերքը, Ֆ. Ղարիբյանը Հայաստանում առաջինը դրեց հրթիռամոդելիզմի հիմքը։ Նրա խմբակների սաների ձեռքերով պատրաստված աշխատանքները ցուցադրվել են միջազգային ցուցահանդեսներում՝ ԱՄՆ, Ճապոնիա, Հոլանդիա, Հնդկաստան, Բուլղարիա, արժանացել մրցանակների եւ խրախուսանքների։ Ինքն էլ մասնակցելով տարբեր բարձրակարգ մրցումների, ցուցահանդեսների, որպես հեղինակ, շատ անգամներ նվաճել է ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ։ Սպորտի վարպետ է, ՀՀ վաստակավոր մարզիչ, բարձրագույն կարգի մրցավար, պարգեւատրվել է մեդալներով, պատվոգրերով, գովասանագրերով։ Ու, չնայած տարիքին, շարունակում է իր գործը, տեխնիկական մարզաձեւերի պրոպագանդումն ու տարածումը Հայաստանում։ Ք. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել