Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՍԻ՛Ր ՈՐԴԻՍ, ՊԱՏԳԱՄ ՈՐՊԵՍ

Սեպտեմբեր 08,2001 00:00

ԼՍԻ՛Ր ՈՐԴԻՍ, ՊԱՏԳԱՄ ՈՐՊԵՍ Հոգու մի վերջին ճիչ առ հանրապետության նախագահը Տողերիս հեղինակը կյանքի 80 տարին բոլորած, 9-րդ տասնամյակը ոտք դրած, չորս զավակի, տասնյակից ավելի թոռների ու ծոռների տեր կին է։ Ապավինում է Ձեր ներողամտությանը եւ իրեն իրավասու է համարում որդի կոչել ձեզ։ Խոսքս ցանկանում եմ սկսել նրանից, որ մի քանի օր առաջ դուք հայտնվեցիք ընդունելության քննություններին մասնակցողների ծնողների շրջապատում եւ արտահայտեցիք մի միտք, որը խարանեց ուղեղս։ Բովանդակությունը հետեւյալն էր. «Ինչպես երեւում է, քննությունները արդար են ընթանում, դրա ապացույցն այն է, որ բողոքներ չկան»։ Սիրելի որդի, սիրելիդ իմ Ռոբերտ, մեկընդմիշտ համոզվիր, պաղատում եմ, որ ինչպես այս, այնպես էլ անթիվ-անհամար դեպքերում լռում են, չեն բողոքում, ոչ թե նրա համար, որ ամեն ինչ արդար է եղել, որ բողոք, ասելիք չունեն, այլ միայն ու միայն այն պատճառով, որ վաղուց, շատ վաղուց բողոքը լսող, բողոքը բանի տեղ դնող, ժողովրդի մատից փուշ հանող չկա։ Խոսեմ միայն իմ մասին։ Մասնագիտությամբ լեզվաբան-բարբառագետ-լրագրող եմ։ Անհնար է պատկերացնել խաթարված այն վիճակը, որին հասցվել է ազգային լեզուն՝ մամուլում, ԱԺ-ում, հեռուստաընկերությունների հաղորդումներում։ Ազգի պատիվը, գոյության գրավականը Գողգոթա է բարձրացվել։ Խնայելով Ձեր ժամանակը, չեմ անդրադառնա լեզվի բառապաշարի, քերականական համակարգի, շարադասական-շարահյուսական խաթարումներին։ Անթիվ-անհամար են օրինակները։ Գիտական թեմա վերցրի «Հայերենի արդի վիճակը՝ նրա դրսեւորման բոլոր բնագավառներում»։ «Էլ բան ու գործ չունեմ, լեզվով պիտի զբաղվեմ»,- ասաց Լեզվի ինստիտուտի տնօրենը։ Թույլ չտվեց թեման ինստիտուտում կատարել։ Պատերազմի տարիների սերունդ եմ, բողոքեցի Ակադեմիայի նախագահին, նախագահությանը, Հասարակական գիտությունների բաժանմունքին՝ ոչ մի արդյունք։ Հանգամանալից մի նամակ գրեցի Ձեզ, բազում անգամներ եղա Ձեր եւ մյուս աշխատակազմերում, հոգիս դուրս գալու վրա էր, երբ Ձեր աշխատակազմից պատասխանեցին, թե «դիմումը կոմպյուտերի մեջ է»։ Հանգամանալից հոդվածով հանդես եկա «Առավոտում», ոչ մի հետեւանք։ Ամիսներ տեւող դեգերումներից ու հոգեհան պայքարից, բողոքներից հետո, թեման «տեղավորեցին» ճարտարագիտական, ճարտարաշինական համալսարանում։ Էլի՞ բողոքեմ, ո՞ւմ բողոքեմ։ ՍԻՐՈՒՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ բանասիրական գիտ. թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել