Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիրո եւ ցավի խեցիներ

Սեպտեմբեր 08,2001 00:00

Սիրո եւ ցավի խեցիներ Բանաստեղծությունը շարունակում է արհամարհել նյութական գերիշխանությունն ամեն ինչի վրա եւ զգայուն հոգիների համար մնալ այն կանաչ օազիսը, ուր նրանք ապաստանում են իրականության վայրի խորշակներից փրկվելու համար։ Շարունակում է մնալ գաղտնիքի խեցի՝ իր մեջ ներփակած սիրո եւ ցավի շողշողուն մարգարիտը։ Եվ բանաստեղծությունները, որոնց մասին խոսելու ենք, կարելի է անվանել հենց այսպես՝ սիրո եւ ցավի խեցիներ։ Այսօրվա գրական շուկան շնչահեղձ է լինում ինքնահրատ գրքերի հեղեղից եւ մեծ ջանքեր են պահանջվում դրանց մեջ գտնելու համար խոր ապրումի արձագանք իսկական բանաստեղծությունը։ Եվ ահա մեզ հաջողվեց ի հայտ բերել այդպիսի մի գիրք, որի հեղինակի անունը՝ Սվետլանա Հակոբյան, պիտի որ հիշենք տարիների խորքից։ Երիտասարդական մամուլի էջերում տպագրվող նրա չափածո գործերը վկայում էին շնորհալի մի բանաստեղծուհու կայացման մասին։ Բայց կյանքն այլ ընթացք ունեցավ եւ Սվետլանան այսօր (ուշացումով, բայց ոչ ուշացած) է ներկայանում հավուր պատշաճի։ «Ցանկության ծառը» առաջին գրքից հետո ահա հրատարակվել է երկրորդը՝ «77 վարդ» ժողովածուն, որի հոգեւոր արժեքը փորձում ենք մատուցել ընթերցողին։ Թեթեւ սանդուղքով վեր եմ բարձրանում. Աստղերի գրկում անկողինն է իմ, Բարձս՝ աստղերով ասեղնագործված, Կարծես չպատմած հեքիաթ է մի հին… Բանաստեղծի այս պայծառ երեւակայությունն ինքն իր համար ստեղծում է երանելի այն վիճակը, որում կայանում է ազնիվ ստեղծագործության ծնունդը։ Եվ աշխարհ են գալիս երգերը՝ որպես սիրո եւ տագնապի, հիշողության եւ սպասումի մաքուր արձագանքներ։ Եթե մեկը բանաստեղծուհուն հարցնի՝ ո՞վ ես դու, նա կպարզի իր «Լինելություն» բանաստեղծությունը. Մթան մեջ շոշափում եմ ինձ՝ Ոտքեր են, գլուխ ու ձեռքեր, Ու նաեւ սի՜րտ ունեմ, ահա՜, Ու նաեւ ուզում եմ երգել… Ներկայանալով այսպես անզարդ ու իրական՝ ինչպես, հավանաբար, մարդկային իր կյանքն է ապրում, Սվետլանա Հակոբյանը նույն կերպ մատուցում է նաեւ իր երգը՝ այնպես, ինչպես ծնվում է հոգուց, առանց բառի եւ մտքի ավելորդ խաղարկումների ու էժանագին խորհրդավորության պաճուճանքների։ Գրքի բոլոր բանաստեղծությունները ներշնչված են երեք մեծ ու հավերժական զգացմունքներով՝ Սեր, Ցավ, Տառապանք։ Եվ ծնվեց մի օր Սերը երկնքում, Նրա հետ՝ Ցավն ու Տառապանքը այն, Եվ Ցավն ու Սերը երկնի ճամփեքով Ճանապարհ ելան շրջագայության… Եվ աշխարհների կործանումն էս «գագաթից մինչեւ հիմքը գաղտնիք ու խորհուրդներ» պարունակող բուրգերի հավերժությունը ոչնչով չի խոչընդոտում այդ անվախճան շրջագայությունը։ Անկախ այն բանից, թե ինչ կյանքով է ապրել, բանաստեղծուհին հաշտության մարմնացում է իր ժամանակի մեջ, ինքն իր տողերով ոչ ոքի վտանգ չի սպառնում եւ ոչ մեկից չի սպասում չարություն ու կորուստ. Եվ՝ կորցնելու ոչ մի վախ չունեմ, Միշտ գտած եմ ես համարում կյանքում Ամե՜ն-ամեն բան։ Հրաշալի է։ Բայց ներքին ահռելի տվայտանքներ են պետք այսպես հանգիստ ու հավատավոր ապրելու համար։ Եվ, իր իսկ տողերի վկայությամբ, դա հաջողվում է Սվետլանա Հակոբյանին։ Ժողովածուն լեցուն է բանաստեղծական մաքուր ու ազնիվ պատկերներով, որպիսիք կարող է ներկայացնել միայն տաղանդ ունեցող հեղինակը. Փշրեց լուսինն իր արծաթը ջրում Ու մշուշների քողով փաթաթվեց։ Լռեց կաքավը։ Վրնջաց մի ձի, Անձրեւի մի շիթ ամպերից կաթեց… Որքան մեզ հայտնի է, շուտով լույս է տեսնելու բանաստեղծուհու երրորդ ժողովածուն։ Ուստի ընդհատենք մեր խոսքը՝ մոտ ապագայում առավել բարձրաձայն արտահայտվելու հավատով։ Իսկ մինչ այդ կարդացեք «77 վարդ» գիրքը եւ փորձեք ինքներդ ծանոթանալ ու ճանաչել Սվետլանա Հակոբյանին։ ԱՐՄԱՆ ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել