ԳՅՈՒՄՐԵՑԻՆ ԱՄԵՆՈՒՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ Է Սարո Գյոդակյանի (Գյումրեցի) 50-ամյակի առթիվ Գյումրեցի Սարո Գյոդակյանի հետ ծանոթացա անդրօվկիանոսյան այս գաղթօջախում։ Մեր ծանոթությունը չստացավ անցողիկ բնույթ եւ հնարավորություն ունեցա խորքից ճանաչել՝ մարդ, լրագրող ու բանաստեղծ իմ համաքաղաքացուն։ Կարճ ժամանակ անց համոզվեցի, որ Սարոն գյումրեցու իսկ բնութագրմամբ՝ «ղայդին» մարդ է, օժտված նրբանկատությամբ, կիրթ վարվեցողությամբ, հումորով ու սրամտությամբ, որոնք երբեք ի չարը չի օգտագործում։ Շուրջ 7 տարի է (սարսափելի է խոստովանել) օտարության մեջ կամ գաղթականի «կարգավիճակում» եմ եւ քչից-շատից արդեն գիտեմ, թե ինչ բան է Սփյուռքը, մասնավորապես՝ լոսանջելեսահայ գաղութը։ Ցանկանում եմ Սարոյի հետ առնչվող մեկ կարեւոր իրողություն փաստել։ Սարո Գյոդակյանը կարողացավ տարին բոլորած-չբոլորած, գաղութումս ոչ միայն ճանաչում, այլեւ, որ շատ դժվար է կամ գուցե անհնարին, համընդհանուր հարգանքի արժանանալ, սիրվել (նրա 50-ամյակը վերջերս գաղութիս մտավորականության սերուցքի մասնակցությամբ նշվեց)։ Ինչո՞վ բացատրել, որ շատ կարճ ժամանակահատվածում Սարոն կարողացավ նվաճել բազմաշերտ լոսանջելեսահայության համակրանքը։ Շատ պարզ. նա օժտված է անդիմադրելի հմայքով, հարաբերությունների մեջ անկեղծությամբ ու ազնվությամբ։ Սակայն այս ամենը քիչ է մեր դժվարահաճ գաղութում կանաչ ճանապարհ եւ վստահություն նվաճելու։ Ամերիկահայերը հատկապես իրար հետ են առնչվում, բեյրութահայերն ու իրանահայերը՝ իրար հետ եւ հայաստանցիներս էլ… Ամենադժվարը մեր բանն է եւ դա հազարումեկ պատճառ ունի։ Լոս Անջելեսում առհասարակ շատ ու շատ դժվարին խնդիր է հրապարակ բերել գրական-մշակութային հանդես եւ ապահովել դրա երկարակեցությունը։ Հայաստանցու համար նման քայլը եռապատիկ դժվար է։ Դժվար է խոստովանել, որ այստեղ քիչ է նրանց թիվը, ովքեր կցանկանան առնչվել բարձր արվեստի հետ։ Առանց աչք թարթելու տարբեր հեռուստածրագրեր եւ հոդվածագրեր հայերենի հերն անիծելով (դե, կիսագրագետից ի՞նչ ակնկալես) որեւէ ապաշնորհ գրչակի կանվանեն մեծ տաղանդ, իսկ ռաբիս երգիչ-երգահանին կդնեն Պավարոտիի կամ Գոհար Գասպարյանի կողքին։ Լասվեգասներում հազարներ քամուն կտան, սակայն չնչին գումար չեն տա գիրք գնելու։ Եվ սա համատարած… Այսպիսի պայմաններում Գյոդակյանին հաջողվեց ընթերցողի սեղանին դնել իր հիմնած ու խմբագրված «Համայնապատկեր» ուշագրավ ամսագիրը։ Երեւի թե կարդալու հետաքրքրությունը ոմանց մեջ աշխուժացավ եւ հիմա հանդեսը 500-ից ավելի միայն բաժանորդ ունի։ 1999-ին Սարոն արժանացավ Southern California Motion Picture Council-ի սահմանած Jeanine Emerald Star Angel Award ամենամյա մրցանակին, իսկ 2000-ին դարձավ միջազգային լրագրողների միության անդամ։ Գյոդակյանն առ այսօր հրապարակած գիրք չունի։ Բանաստեղծի կայացումը զուգադիպեց Հայաստանում տեղի ունեցած կատակլիզմների հետ։ Իսկ եթե գրողը չի տպագրվում, կորցնում է գրելու ցանկությունը եւ շնորհն էլ խամրում է։ Դեռ լավ է, որ 1990-ին հասցրեց լույս աշխարհ բերել «Ձնծաղիկներ»՝ Արցախի երեխաների գրչով ստեղծված բանաստեղծությունների ու հեքիաթների ժողովածուն։ Այստեղ՝ Ամերիկայում, Սարո-բանաստեղծը կարոտի սուր զգացողությամբ, թե տպագրվելու ասպարեզ ստանալով՝ նոր թափով ստեղծագործեց։ Արդեն տպագրության է հանձնել «Հեռավոր հուշերի մի քաղաք» ժողովածուն։ Նրա բանաստեղծությունները, խոհական-հուզական լիցք ունենալուց բացի, մաքրագործված են մոդեռնիկ ու ձեւապաշտական սեթեւեթանքներից։ Սարո Գյումրեցու բանաստեղծություններն ասես իր ծննդավայրի գունեղ ճարտարապետության, նրա Յոթ Վերքի, Ամենափրկչի որմնաքանդակների շարունակությունը լինեն։ Եվ ունեն Գյումրվա համայնապատկերի մեկ գիծը, քաղաքի կենցաղի պոետիկ ու երազային կերպը։ Նրա բանաստեղծություններում ճանաչում ես արհեստավոր վարպետ Մկոյին, այսինքն՝ Սարոյի հայրիկին եւ վերապրում բնիկ գյումրեցու ապրած կյանքի հաճելի պահերն ու ողբերգական օրերի դառնությունը։ Հավատանք ու հուսանք, որ Սարո Գյումրեցին (Շիրազի կնքած գրական անունն է) կտեսնի Արարատն անամպ՝ իր երկրորդ 50-ամյակին… մաղթենք նրան քաջառողջություն եւ վերադարձ Մայր Հայրենիք։ ՌԱԶՄԻԿ ՄԱԴՈՅԱՆ, պրոֆեսոր Գլենդել