ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՆՈՐ ԲԱՐՁՈՒՆՔԸ Գեւորգ Ալեքսանյանը՝ Եվրոպայի ռեկորդակիր Երեկվա «Առավոտում» տեղեկացրել էինք, որ Շվեդիայի Կալմար քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկները նոր բարձունք նվաճեցին։ 77 կգ քաշայինների պայքարում Գեւորգ Ալեքսանյանն օծվեց Հին աշխարհամասի չեմպիոն, իսկ նրա թիմակից Տիգրան Մարտիրոսյանը նվաճեց բրոնզե մեդալ։ Այս քաշային կարգում ասպարեզ մտավ 17 երիտասարդ ծանրորդ։ Սակայն հաղթողին որոշելու համար պայքարն ընթանում էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որոնց դրոշի պատիվը պաշտպանում էին երկուական մարզիկ։ Պոկում վարժությունում հաջողությունն ուղեկցեց Ինսե Իզեթին (Թուրքիա)՝ 157,5 կգ։ Երկրորդը նրա հայրենակից Սունար Էրդալն էր, որի բարձրացրած ծանրաձողը կշռում էր 155,0 կգ։ Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ Գեւորգ Ալեքսանյանը։ Բայց քանի որ նա անձնական քաշով ընդամենը 5 գրամով ծանր էր, բավարարվեց փոքր բրոնզե մեդալով։ Տիգրան Մարտիրոսյանը 150,0 կգ-ով չորրորդն էր։ Բայց գլխավոր իրադարձությունները պետք է ծավալվեին երկրորդ՝ հրում մրցաձեւում։ Այ այստեղ էր, որ մեր տղաները ցույց տվեցին իրենց իրական առավելությունը մրցակիցների նկատմամբ։ Գեւորգը սանձեց 190,0 կգ կշռող երկաթաձողը, մի ծանրություն, որն անմատչելի էր թուրք մարզիկների համար, եւ դարձավ այս վարժության հաղթողը։ Ասենք, որ մինչ այդ Իզեթը այս վարժությունում Եվրոպայի ռեկորդ էր սահմանել։ Սակայն դրա կյանքը մի քանի րոպե տեւեց։ Հայ ծանրորդի վերջնական արդյունքն այս մրցաձեւում (190,0 կգ) այսուհետ կդառնա մյուս ծանրորդների համար ուղենիշ։ Բավականին բարձր արդյունք՝ 187,5 կգ ցույց տվեց նաեւ Տիգրանը։ Վերջինիս շրջանցելու Ինսե Իզեթի ջանքերն ապարդյուն էին։ Ճիշտ է, նրան նույնպես հաջողվեց ցուցանիշով հավասարվել Տիգրանին, բայց գրեթե երկու կիլոգրամ ծանր լինելով հայ ծանրորդից, ստիպված էր բավարարվել 3-րդ տեղով։ Երկամարտի արդյունքով Ալեքսանյանն ու Իզեթը ունեցան միեւնույն՝ 345,0 կգ արդյունքը։ Ըստ կանոնակարգի, Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի կոչումը շնորհվեց թուրք ըմբիշից ընդամենը մեկ գրամ թեթեւ Գեւորգ Ալեքսանյանին։ Պատվո պատվանդանի երրորդ աստիճանը տրամադրվեց Տիգրան Մարտիրոսյանին։ Նա երկու վարժությունների հանրագումարով ցույց էր տվել 337,5 կգ։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ