Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ժառանգություն» դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթի մասին բազմաթիվ եւ իրարամերժ կարծիք

Սեպտեմբեր 08,2001 00:00

ՄՐՑՈՒՅԹԸ ԲԱՐԴ ՄԵԽԱՆԻԶՄ Է «Հայաստանի ժառանգություն» դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթի մասին բազմաթիվ եւ իրարամերժ կարծիքներ էին հնչում թե՛ մրցույթի ընթացքում, թե՛ գալա համերգի ժամանակ եւ թե՛ կուլիսների ետեւում։ Համենայնդեպս, գրեթե բոլորը միակարծիք էին, որ 1-ին մրցույթի համեմատ (որն անցկացվել էր 1999թ.), այս մեկն ավելի բարձրակարգ էր ե՛ւ կազմակերպչական, ե՛ւ մասնակիցների մակարդակի առումով։ Սակայն մրցույթի ժյուրիի, ավելի ճիշտ, գնահատման չափանիշների վերաբերյալ եղան բավական սուր կարծիքներ։ Մասնավորապես, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած գալա համերգին ներկա երաժշտասեր-երաժշտագետներից շատերը պնդում էին, թե բավականին լավ հանդես եկած դաշնակահարներ մրցանակներ չստացան։ Նրանցից մեկի՝ Կատրին Ղազարյանի դասախոս, Երեւանի պետական կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր Զեմֆիրա Բարսեղյանն ասաց. «Այս մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ եւ երկու անգամն էլ տեղի է ունենում հետեւյալը. խիղճն ու ամոթը կորցնելով, Բաբախանյան Արմենը վերջին փուլ է անցկացնում միայն իր աշակերտներին՝ նրանց, ում հետ ինքը պարապել է, ովքեր դիմել են իրեն, խնդրել են, որ պարապի, կամ նրանց, ում թիկունքին ինչ-որ մեկը կա։ Իսկ այն երաժիշտներին, ովքեր չեն դիմել, չեն խոնարհվել, դուրս են շպրտում։ Ողջ երաժշտական հասարակությունն է վրդովված։ Տասնյակ դասախոսներ՝ ուսումնարանի, երաժշտական դպրոցների, կարող են ասել նույնը։ Ես այս մասին կասեի, կբարձրաձայնեի, եթե նույնիսկ իմ ուսանողին խոսքը չվերաբերվեր։ Նույն բանը կատարվեց նաեւ առաջին մրցույթի ժամանակ՝ առաջին մրցանակ տրվեց բացարձակ անորակ մեկին, որի հետ Բաբախանյանը պարապել էր։ Նույն բանը կրկնվեց այս տարի։ Մրցանակները տրվում են միայն իր, իր դասատուի աշակերտներին։ Մոնոպոլիստ վերաբերմունք կա ամեն ինչի նկատմամբ, իրեն չի հետաքրքրում, թե հասարակության վրա ինչ տպավորություն կթողնի»։ Չնայած դրան, բոլոր զրուցակիցներս (նաեւ՝ Զեմֆիրա Բարսեղյանը) շեշտում էին, որ C խմբում առաջին տեղը գրաված Դալիբալտայան Ռուբենը լավագույններից էր։ Զ. Բարսեղյանի տպավորություններն ու մտահոգությունները լիովին կիսում էին կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի մի քանի անդամներ, որոնք, սակայն, ինչ-ինչ պատճառներով չցանկացան հրապարակել իրենց անունները. «Մենք աշխատում ենք եւ աշխատելու ենք Արմենի հետ, չենք ուզում հարաբերություններ փչացնել»։ Նրանք բոլորը միաբերան պնդում էին, որ այո՛, կային շնորհալի մասնակիցներ, որոնք անհասկանալի պատճառներով սկզբնական փուլերում դուրս են մնացել։ Կատրինին մյուս բոլորից առանձնացրեց նաեւ դաշնամուրի ֆակուլտետի դեկան Սերգեյ Սարաջյանը. «Նախ ասեմ, որ այս տարի մրցույթը շատ ավելի բարձր մակարդակ ուներ նախորդի համեմատ։ Դժգոհություններ, իհարկե, կան։ Ինչպես բոլոր մրցույթներում, այստեղ էլ բացառված է, որ դժգոհություններ չլինեն։ Պարզ է, որ այն երեխաները, ովքեր չեն գրավել մրցանակային տեղեր, եւ նրանց դասատուները պիտի դժգոհեն։ Ասում են, թե այնքան էլ օբյեկտիվ չէր։ Ինձ թվում է՝ հիմնականում օբյեկտիվ էր։ Բայց քանի որ ժյուրին բաղկացած էր տարբեր մակարդակի երաժիշտներից, նրանց մոտեցումները, նրանց գնահատման չափանիշները տարբեր են։ Այդ պատճառով այդպիսի անհասկանալի բաներ եղան։ Ես լսել եմ միայն բարձր տարիքային խմբի՝ C խմբի ելույթները։ Ինձ թվում է, որ երկու մասնակիցներ՝ Կատրին Ղազարյանը եւ Հայկ Մելիքյանը, պիտի անցնեին 3-րդ փուլ։ Նրանք արժանի էին։ Բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Կարծում եմ, որ ժյուրիի գնահատականները, եթե նույնիսկ օբյեկտիվության տպավորություն են թողնում, միտումնավորություն չկար, ուղղակի մրցույթը բարդ մեխանիզմ է եւ հնարավոր չէ բացարձակ օբյեկտիվություն ապահովել»։ Պրոֆեսոր Իգոր Յավրյանը, որ ժյուրիի անդամներից էր, ավելի զգույշ էր իր տեսակետների արտահայտման մեջ. «Ես շատ ուրախ էի, որ դահլիճը միշտ լիքն էր՝ դասական երաժշտությունը մարդկանց հետաքրքրում է։ Եղան մասնակիցներ, ովքեր տարբեր փուլերում տարբեր մակարդակով հանդես եկան, դա մրցույթների փորձ չունենալուց էր։ Դժվար է ասել, թե ես ամեն ինչի հետ համաձայն էի։ Բայց մրցույթը, որտեղ էլ որ կայանա, էությամբ այդպիսին է՝ տարբեր մարդիկ, տարբեր մոտեցումներ, տարբեր կարծիքներ։ Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ ամեն բան նորմալ էր։ Ոչ մի ճնշում, գոնե իմ նկատմամբ, չի եղել։ Ես դատում էի այնպես, ինչպես լսում էի։ Ժյուրիում նստելը շատ ծանր եւ անշնորհակալ գործ է, դժգոհներ միշտ կան։ Միեւնույն ժամանակ՝ բոլոր մրցույթներում էլ սխալներ լինում են՝ այլ կերպ հնարավոր չէ»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել