Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ

Սեպտեմբեր 08,2001 00:00

Աննախադեպ որոշումներ եւ զավեշտի հասնող իրավիճակ ՀՀ կառավարությունը 2000թ. նոյեմբերի 27-ին ընդունել է թիվ 779 որոշումը՝ մինչեւ 1998թ. դեկտեմբերի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները բարձրացնելու նպատակով: Նշենք, որ մինչեւ 1998թ. դեկտեմբերի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները 2-15 անգամ ցածր էին, քան 1998թ. դեկտեմբերի 1-ից հետո կենսաթոշակի անցածների կենսաթոշակները։ Սակայն, ըստ այդ որոշման եւ 1998թ. նոյեմբերի 25-ի «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» օրենքի միջեւ եղած հակասությունների ու անհամապատասխանության, ինչպես նաեւ վերահաշվարկ իրականացնող ծառայությունների ոչ հստակ աշխատանքի եւ անփութության հետեւանքով, 1997-1998թթ. կենսաթոշակի անցած բազմաթիվ զինծառայողների կենսաթոշակները ոչ միայն չեն բարձրացել, այլեւ նվազել են 20-40 տոկոսով (անհեթեթ, բայց այս պետությանը բնորոշ իրավիճակ…)։ Կենսաթոշակների վերահաշվարկման համար հիմք են ընդունվել ՀՀ վարչապետի 2000թ. նոյեմբերի 16-ի թիվ 762 որոշմամբ նախատեսված նվազագույն պաշտոնային դրույքաչափերը, որոնք զգալիորեն ցածր են 1997-1998թթ. ընթացքում զինծառայողների համար փաստացի սահմանված եւ վճարված դրույքաչափերից։ Իսկ զինծառայողների կենսաթոշակները այդ տարիներին հաշվարկվել եւ վճարվել են 1993թ. հունվարի 7-ի «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» օրենքի համաձայն, որտեղ նշվում է. «Սույն օրենքով սահմանված կենսաթոշակները հաշվարկելիս որպես ամսական դրամական բավարարման չափ ընդունվում է զինվորական ծառայությունից արձակելու կամ կենսաթոշակի իրավունքի առաջացման պահին նախորդող ամսում զինծառայողների դրամական բավարարումը»։ Պետք է նշել, որ ՀՀ վարչապետի 2000թ. նոյեմբերի 16-ի թիվ 762 որոշմամբ, ուժային նախարարությունների աշխատակիցների համար սահմանվել են նոր պաշտոնային դրույքաչափեր, հետին թվով, 1999թ. ապրիլի 1-ից, եւ որոնք կրկնակի ցածր են, քան այդ օրվանից մինչեւ 2001թ. հունվարի 1-ը փաստացի վճարված դրույքաչափերը (բացառությամբ պաշտպանության նախարարության համակարգի)։ Կայացվել է նախադեպը չունեցող որոշում։ Փաստորեն, թիվ 762 որոշմամբ հայտարարված դրույքաչափերը պետք է կիրառվեին 1999թ. ապրիլի 1-ից (՞), սակայն դա չի իրականացվել եւ ուժի մեջ է մտել սույն թվականի հունվարի 1-ից, այն էլ մասնակիորեն (ըստ առանձին նախարարությունների ցանկության)։ Այսպիսով, հազարավոր զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկվել են մասնակիորեն գործող որոշմամբ, որը ծայրահեղ դեպքում կարող էր տարածվել մինչեւ 1996թ. հուլիսի 8-ը (որոնց կենսաթոշակները զգալիորեն ցածր էին) եւ 1999թ. ապրիլի 1-ից հետո կենսաթոշակի անցած զինծառայողների վրա (վերջինս այն դեպքում, եթե ՀՀ կառավարությունը եւ վարչապետը ընդունում են, որ 1999թ. ապրիլի 1-ից մինչեւ 2001թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում ՆԳ եւ ԱԱ նախարարությունների զինծառայողների դրույքաչափերը սխալ են հաշվարկվել եւ վճարվել)։ Թիվ 762 որոշմամբ, նրանք, փաստորեն, ընդունել են այդ հանգամանքը… Կենսաթոշակների վերահաշվարկման ժամանակ խախտվել են նաեւ գոյություն ունեցող իրավական եւ բարոյական այլ նորմեր։ Վերջում ցանկանում եմ դիմել վերահաշվարկ իրականացնող ծառայություններին եւ հիշեցնել կամ տեղյակ պահել նրանց, որ «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի թիվ 44 հոդվածում նշված է. «Եթե վերահաշվարկված կենսաթոշակը ցածր է նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով»։ Այսպիսով, վերահաշվարկ իրականացնելիս, մինչեւ 1998թ. դեկտեմբերի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակը առնվազն պետք է թողնվեր նույնը, այլ ոչ թե նվազեցվեր։ ՄԵԼՍԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՀ ՆԳ պաշտոնաթող փոխգնդապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել