Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ

Սեպտեմբեր 08,2001 00:00

18 ԳՈՐԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի հերթական նիստին պաշտպանության նախարարության Վերահսկողական ծառայության «Արտակարգ դեպքերով» բաժնի նախկին պետ, ավագ լեյտենանտ Ռուբեն Մարտիրոսյանը ներկայացրեց 18 գործ, որոնք, ըստ նրա, պետք է վեր հանեն բանակում կատարված օրինախախտումները։ Այդ գործերի մեջ հիշատակվում են մասնավորապես Սեւանի կայազորի քննիչ Հակոբ Հակոբյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը, տեսողությունից զրկելը։ Դեպքը տեղի է ունեցել N զորամասում, ուր Հակոբ Հակոբյանն իր աշխատանքային պարտականություններն էր կատարում։ Դեպքից 10 ամիս չանցած, ծեծի մեջ մեղադրվող, զորամասի հրամանատար Մուրադ Աբրահամյանը գնդապետի կոչում է ստացել։ Սույն քրեական գործը կասեցվել է հանցագործություն կատարած անձի անհայտ լինելու պատճառաբանությամբ։ Սպանության մեղադրանքով 10 տարի ազատազրկման է դատապարտվել Գրիգոր Գրիգորյանը։ 21.11.98թ. զորամասում սպանվել է Հրաչ Խաչատրյանը։ Ըստ Ռուբեն Մարտիրոսյանի, գործով անցնող 10 վկաներից՝ մասնավորապես Գ. Գրիգորյանից ցուցմունքներ են կորզվել ծեծի եւ խոշտանգումների արդյունքում։ Սույն գործն ուշագրավ է նրանով, որ շոշափում է քննիչներից մեկի անունը, որը մեղադրյալներից մեկի հարազատից կաշառք է վերցրել։ 1998-ի աղմկահարույց գործերից մեկն է Կարեն Զեյնալյանի գործը։ Վերջինիս նկատմամբ սեռական բռնության փորձ է կատարել գնդի 3-րդ գումարտակի հրամանատարը, որը մտնելով զորամասի հանրակացարանում գտնվող խոհանոցը, գոտկատեղից հանելով ՏՏ ատրճանակը, հարձակվել է Զեյնալյանի վրա, տապալել գետնին, կրակել ու հաշմանդամ է դարձրել նրան։ Սույն քրեական գործը կարճվել է ՊՆ «անբասիր» գեներալ Մանվել Գրիգորյանի միջնորդությամբ։ «Ինքնասպանություն» էր գործել զինծառայող Ռոբերտ Եղոյանը։ Սակայն կա վարկած, թե զինծառայողին սպանել են։ Սպանությունն առ այսօր չի բացահայտվել։ Մեկ այլ ինքնասպանության գործ կապված է Արայիկ Խաչատրյանի հետ։ Ըստ Մարդու իրավունքների հանձնաժողով ներկայացրած փաստաթղթի, Ասկերանի դատախազի օգնական, քննիչ Ս. Հովհաննիսյանը փորձագետի փոխարեն տվել է կեղծ ձգաբանական փորձագիտական եզրակացություն՝ ոչնչացնելով ԼՂՀ ՆԳՆ փորձագիտական կենտրոնի կողմից տրված փորձագետի եզրակացությունը։ Քննիչը կալանավորվել էր, սակայն 6 ամիս հետո ազատ արձակվել։ Սույն քրգործը կարճված է։ 18 գործերի մեջ տեղ են գտել Դերենիկ Քալաշյանի, Արման Ղարախանյանի, Գարիկ Նաղդալյանի, Համլետ Գոմցյանի սպանության գործերը։ 2000թ. հոկտեմբերի 24-ին ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Ադամյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Երկու օր հայտնի չի եղել Ադամյանին հոսպիտալ տեղափոխելու իրական պատճառը։ Նա էլ գիտակցության չգալով մահացել է։ Համաձայն դատաբժշկական եզրակացության՝ զինծառայողը մահացել էր գլխին հասցված բութ առարկայի հարվածից։ 15 զինվոր ցուցմունք են տվել, թե սպանությունը կատարել է Ջ. Մադոյանը։ Սակայն, ըստ ավագ լեյտենանտ Ռուբեն Մարտիրոսյանի տեղեկանքի՝ կան փաստեր, որ մարդասպանը Ջ. Մադոյանը չէ։ «Առավոտը» մի քանի հրապարակումներով անդրադարձել էր նաեւ զինծառայող Կարեն Մալխասյանի սպանությանը։ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը զինծառայող Մխիթարյանին դատապարտել էր 4,5 տարի ազատազրկման։ Քրեական գործով 5 անգամ նշանակվել է փորձաքննություն։ Այս սպանության արտառոց փաստն այն է, որ մեկ կրակոցից Կ. Մալխասյանը ստացել է երկու վնասվածք։ 2000թ. հունվարի 27-ին զորամասում սպանվել է Վահան Մանուկյանը։ Ըստ Զանգեզուրի զինդատախազության վարկածի՝ վերջինս ինքնասպան էր եղել իր ԱԿՄ տեսակի ավտոմատից։ Ըստ փորձագիտական եզրակացության էլ կրծքավանդակի վնասվածքը չէր կարող հասցվել վերոնշյալ ավտոմատից, քանի որ այն կրակում է 7,62 տրամաչափի փամփուշտներ, իսկ հայտնաբերվածը 5 մմ տրամագծով էր։ Կա առանձին տեղեկանք էլ զինծառայող Մհեր Մանուկյանի զոհվելու, Եղիշե Մաթեւոսյանի շաքարային դիաբետ հիվանդությունից մահանալու մասին եւս։ Եթե նկատեցիք, ներկայացված 18 գործերից երեք դեպքն է, որ տեղի է ունեցել 2000 թվականին։ Տեղեկանքի թերություններից մեկն այն է, որ այստեղ ավելի շատ խոսք է գնում զինդատախազության «ապօրինի» գործողությունների մասին, սակայն խոսք անգամ չկա բանակում տիրող իրավիճակի մասին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել