Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա եւ անցան նոր ուսումնական տարվա առաջին մի քանի օրերը: Ի՞նչ նորություն, փոփոխություն կա: Գրեթե ոչ

Սեպտեմբեր 08,2001 00:00

Ինչ կա-չկա ԵՊՀ-ում Ահա եւ անցան նոր ուսումնական տարվա առաջին մի քանի օրերը: Ի՞նչ նորություն, փոփոխություն կա: Գրեթե ոչ մի, բացի այն, որ ռոմանագերմանական ֆակուլտետը հոգնել է երկրորդ հերթ սովորելուց եւ մեզ՝ բանասերներիս նրանց փոխարեն տեղափոխել են ժ. 13-17-ը կրթվելու: Ուսանողների մի մասը դժգոհ է: Իմ կարծիքով՝ վատ չէ, առավոտյան բոլ-բոլ քնում ենք, դասերից հետո էլ մթնշաղ է, հով եւ այլ հետաքրքիր բաներ: Հետո էլ չասեք՝ չկա նախկին ռոմանտիզմը: Ռուսական բանասիրության ֆակուլտետի դասախոսներն առաջվա նման ոչ մի կերպ չեն կաշառվում: «Փող ուտող» ու խայտառակ անողներն այլ ամբիոնների ու ֆակուլտետների աշխատակիցներն են: Կան «թանկանոցներ», կան այնպիսիք, որոնք ստուգարքային գրքույկում հազար դրամ գտնելով, պարկեշտորեն, իրենց չափն ու սահմանը ճանաչելով, 500 դրամ «սդաչի» են տալիս: Մահացավ ռուսական բանասիրության ֆակուլտետի նախկին դեկան, մինչեւ վերջերս Սլավոնական համալսարանի ռեկտոր Լեւոն Մկրտչյանը: Ուսանողներին չի հետաքրքրում, թե ինչ կարծիքի էին նրա մասին գրողների միությունում, քանի որ նրա դեկան լինելու օրոք մենք մեզ լավ էինք զգում: Նույնիսկ Սլավոնական համալսարանի ռեկտոր նշանակվելուց հետո, մենք, միեւնույն է, միշտ զգում եւ տեսնում էինք նրա ներկայությունը: Դավիթ Հովհաննեսը համարում է, որ Մկրտչյանը չէր փայլում հայոց լեզվի իմացությամբ: Չկարծեք, թե մենք ռուսաց լեզվի մասնագետ ենք, այդ պատճառով էլ հայոց լեզվին կարեւորություն չենք տալիս: Ոչ: Սակայն Լեւոն Մկրտչյանն ուներ բազմաթիվ այլ արժանիքներ: Այժմ էլ որոշվում է, թե ով է լինելու Սլավոնական համալսարանի ռեկտորը: Մանրամասներին տեղյակ չեմ, բայց, պարզ բան է՝ այս տեղի համար «իրար կոկորդ են կրծում»: Տեսանք այս ուսումնական տարվա նորեկներին: Տարեցտարի նույնն է կրկնվում՝ երկրորդ եւ երրորդ կուրսերի ուսանողները սեպտեմբերի մեկին վազում են առաջին կուրսին «հավանելու»: Չորրորդ՝ ավարտական, կուրսն իր ծանր տեղը չի թեթեւացնում՝ ամեն ինչ իր ժամանակին պարզ կդառնա: Սակայն ճիշտն ասած՝ այս տարվա նորեկները մեզ այնքան էլ չուրախացրին: Եթե մի քանի տարի առաջ նոր ընդունվածները սկզբնական շրջանում մոլորված էին, քանի որ անմիջապես դպրոցից էին եկել բուհ, ապա այս տարի այնպիսի տպավորությում ստեղծվեց, որ նրանց մանկապարտեզից, «ծանոթի միջոցով», հոգեբույժին գումար վճարելով են խցկել համալսարան: Սակայն այս տարի ռուս բանասիրության ֆակուլտետի համ վճարովի, համ պետպատվերի անցողիկ բալն ավելի բարձր էր, քան անցյալ: Ուսանողների քաղաքական կյանքը սեւեռված է «ԱրմենՏելի» վրա: Շատ են մտահոգված: Հատկապես շրջաններից եկածները՝ «Բա մերոնց ո՞նց եմ զանգելու»: Երկու օր է արդեն առաջին հերթում սովորող ուսանողները դասադուլ են անում: Անկեղծ ասած, չեմ հավատում, որ բ ոլոր ուսանողներն անխտիր վրդովված են «ԱրմենՏելի» որոշումից, պարզապես, դասի չնստելու հարմար առիթ է: Մ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել