ՈՒՍԱՆՈՂ ՉԵՆ, ԲԱՅՑ ԴԱՍԻ ԵՆ ԳԱԼԻՍ Ընդամենը մեկ շաբաթ է մնացել վճարովի համակարգ ընդունված ուսանողներին՝ վճարելու ուսման վարձը։ Երեկվա մեր հարցումները ցույց տվեցին, որ այդ գործընթացը շատ վատ է ընթանում եւ ուսման վարձը վճարած ուսանողները շատ քիչ թիվ են կազմում՝ թեեւ, եթե մինչեւ սեպտեմբերի 15-ը նրանք չվճարեն վարձը, չեն հրամանագրվի եւ դուրս կմնան բուհից։ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր Արշալույս Թարվերդյանից ճշտեցինք, որ վճարովի համակարգ ընդունված 440 ուսանողից 65-ն է մուծել ուսման վարձը, սակայն, ըստ ռեկտորի, այդ թիվն օր օրի աճում է։ Ըստ պրն Թարվերդյանի, միայն սեպտեմբերի 14-ին կարող է ասել, թե կարիք կլինի՞ երկարաձգել տրված ժամկետը։ Եթե մինչ այդ վճարողները շատ քիչ տոկոս կազմեն, նոր թերեւս ժամկետը երկարաձգելու մասին որոշում կայացնելու հարկ լինի։ Պրն Թարվերդյանը նաեւ նկատեց, որ այս տարի ուսանողները մի առավելություն ունեին. ըստ «Կրթության մասին» օրենքում արված փոփոխության, պետք է վճարեն վարձի 50%-ը միայն, իսկ մյուս 50%-ը՝ հաջորդ կիսամյակին։ Սակայն, ինչպես երեւում է վճարումների պատկերից, այս փոփոխությունն առանձնապես չի ազդել ուսման վարձերի հավաքման տեմպի վրա։ Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանից տեղեկացանք, որ վճարովի համակարգ ընդունված 230 ուսանողից միայն 40-ն է երեկվա դրությամբ վճարել ուսման վարձը։ Պրն Առաքելյանը նկատեց, որ նախորդ տարի մուծումները շատ ավելի լավ էին կատարվում։ Ռեկտորն ակնկալում էր, որ գոնե երկուշաբաթի օրվանից ուսանողները կսկսեն վճարել ուսման վարձերը։ Հարցին՝ բավարա՞ր է տրված ժամկետը վարձերը վճարելու համար, պրն Առաքելյանը նկատեց, որ թերեւս ժամկետը երկարաձգելու հարկ լինի, եթե վճարումներն այսպես վատ ընթանան։ Ամենաբարձր ուսման վարձը Երեւանի բժշկական համալսարանում է։ Երեկ բուհից ճշտեցինք, որ վճարովի համակարգ ընդունվածների 13%-ն է միայն վճարել ուսման վարձը եւ ակնկալում էին, որ սեպտեմբերի 10-ից հետո վճարողների թիվը կտրուկ կաճի։ Որոշ ուսանողներ եկել եւ փոխանցագրեր են վերցրել բուհից, գումարը բուհի հաշվի համարին փոխանցելու համար։ Այս տարբերակին դիմում են այն ուսանողները, որոնց ուսման վարձը վճարում է որեւէ բարերար։ ՀՊՃՀ պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանն այսպես բնութագրեց իրավիճակը. «Մի քիչ աշխուժացել է, բայց դեռ շատ հեռու է բավարար լինելուց»։ Եթե սկզբում օրական մոտ 20 ուսանող էր վճարում ուսման վարձը, ապա վերջին օրերին՝ 30 ուսանող, բայց դա էլ շատ քիչ տոկոս է կազմում։ Փաստորեն, ուսման վարձը վճարել է միայն ուսանողների 10-12%-ը։ Իսկ Երեւանի գեղարվեստի ակադեմիայում վճարովի համակարգ ընդունվածների 30%-ն է վճարել ուսման վարձը։ Բուհի ռեկտոր Արամ Իսաբեկյանը իրավացիորեն նկատեց, որ ուսման վարձերի վճարման գործող տարբերակն այնքան էլ հարմար չէ։ Փաստորեն, ուսանողները գալիս են դասի, բայց դեռ հայտնի չէ՝ ուսանող կդառնա՞ն, թե՞ ոչ։ Պրն Իսաբեկյանի կարծիքով, ուսման վարձերի վճարման հարցը մինչեւ սեպտեմբերի 1-ը պետք է լուծվի, որպեսզի ուսումնական բնականոն գործընթացը չխաթարվի։ Դիմում-հայտ լրացնելիս եթե դիմորդը նաեւ վճարովի մասնագիտության համար է դիմում, ուրեմն վճարունակ է եւ կարող է վճարել ավելի շուտ։ Այդ մի 10 օրը վճռորոշ լինել չի կարող։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ