Լրահոս
Օրվա լրահոսը

խաչի

Սեպտեմբեր 08,2001 00:00

վահրամ մարտիրոսյան խաչի անվամբ ծպտվածները 1. ես չգիտեի, թե ինչ եմ ուզում Ես չգիտեի, թե ինչ եմ ուզում: Դա ինձ արդեն այնքան էր խանգարում, որ կեսօրից հետո մատս մատիս չէի խփել: Իսկ իրիկնադեմին աչքս պատուհանին ընկավ, ու տեսա, որ դիտապահները ջահերով վտանգի ազդանշան են տալիս: Արեւը հենց նրանց թիկունքում էր մայր մտնում, այդ պատճառով դիտապահները թվում էին թափանցիկ, իսկ ջահերի շարժումը միայն մրի հետքից էր զգացվում: Քանի որ վազելու էի, կռացա-կոճկեցի ձախ կոշիկիս ճարմանդը, որը միշտ նստածս տեղն արձակվում էր ու ոտքիս տակ կընկներ: Ամենակարճ ճանապարհով՝ տների բակերով, վազեցի շուկայի հրապարակ, որտեղ մունետիկը գոռում էր հարձակման մասին: Բայց չհասցրի իմանալ, թե ովքեր էին հարձակվողները, որովհետեւ նույն ժամանակ միջնաբերդի կողմից երեւաց իշխանը, որը հետ՝ շքախումբը ցույց տալով, ինձ հասկացրեց, որ միանամ իրենց: Ես անզեն էի, բայց ժամանակ չկար որեւէ բան ճշտելու. ուղղակի կառչեցի մոտովս անցնող Խաչատուր ազատի Ագռավաձագ ձիուց: Հագուստիս պառճառով սիրտ արեցի հեծնել կողքանց, բայց ստիպված չեղա երկար դիմանալ, քանի որ ձիերից իջանք գլխավոր աշտարակի մոտ, ուր իշխանը կարգադրեց երկաթե նիգերով փակել դարպասը: Հետո պարսպին հարող նեղ, անբազրիք քարե սանդուղքով բարձրացանք աշտարակ, որտեղից վերջապես պարզ դարձավ, թե ինչ է կատարվում ամրոցի շրջակայքում: Բեհեսնի բերդաքաղաքին ամենամոտը երեք հետիոտն ու անզեն ուխտավորներ էին եւ ձիերին զույգ-զույգ նստած մի խումբ ֆրանկ տիկիններ, որոնցից մեկը միանձնուհու հագուստներով էր: Նրանցից մի նետընկեց ներքեւ, թրերն ու նիզակները բանեցնելով, կռվում էին տասը-տասներկու խաչակիրներ: Ասպետներից մի քանիսն ընտիր զրահներով էին, բայց որովհետեւ ոչ մի դրոշ չունեին` հնարավոր չէր որեւէ մեկին ճանաչել: Նրանց հակառակորդները, որ մի քանի անգամ շատ էին, դատելով փոքր ձիերից ու բաց թողած մազերից, թուրքեր էին: Ես վատ նախազգացում ունեցա: Երկու տարի շարունակ խաղաղության մեջ էինք ապրել, բայց հիմա, աղետից բացի, ինչ կարելի էր ակնկալել, երբ հենց մեր դարպասների մոտ անօրեններն ու խաչակիրները մարտ էին մղում իրար դեմ: Թեեւ, մյուս կողմից, «մարտ» ասելն էլ չափազանցված էր: Ինչ որ մինչեւ Բեհեսնի հասնելը կատարվել էր, երեւի որոշել էր կռվի ելքը. ասպետներին հազիվ թե հաջողվեր երկար շարունակել դիմադրությունը, որովհետեւ դեռ հարյուրի չափ թուրք էլ ճանապարհի մեծ ոլորանից էր ձիավարում դեպի վեր` կռվողների կողմը: Մեր պարիսպների վրա արագ սկսեց դիրք զբաղեցնել կայազորը` նետաձիգները, տեգավորները, պարսատիկավորներն ու մրճավորները: Ճարտարագետ Ավետիքը ծածկոցից ազատել էր քարանետ հսկա մեքենան, իսկ ռամիկները, իրար խառնված, պահեստախոռոչներից դուրս էին քաշում ջուր, ձյութ ու յուղ եռացնելու կաթսաները, որոնց պարունակությունը պետք է թափվեր թշնամու գլխին: Գործի ընթացքից գոհ` բերդապահ Կոստանդինը հայտնեց իշխանին, որ ամրոցը լիովին պատրաստ է պաշտպանության: Բայց իշխանն անտեղի համարեց իրարանցումը` վստահ, որ թուրքերն այս ուժերով չեն հարձակվի Բեհեսնիի վրա: Նրանք կարծես թե պաշարողական սարքեր էլ չունեին, այնպես որ մերձամարտի՝ տեգերն ու երկար մուրճերը բանեցնելու առիթ չէր լինի: Ուրեմն, հրամայեց նա, թող միայն նետաձիգներն ու պարսատիկավորներ մնան` նետերն աղեղներին ու պարսատիկները պատրաստ պահելով. միգուցե, անհավատներին վախեցնեն եւ ստիպեն մինչեւ ամրոց չհետապնդել խաչազգեստներին: Դա իսկապես կարող էր ազդեցություն ունենալ, քանի որ մինչեւ կտրուկ բերդի դարպասը շրջվելը, ճանապարհն անցնում էր պարիսպների տակով, որտեղ ամենալավ զրահավորված հակառակորդն էլ շատ խոցելի էր վերեւից: Բերդապահն իշխանի հրամանները հաղորդեց ձայնարկու Հովհաննեսին, սա էլ փոխանցեց հարեւան բուրգերի ձայնարկուներին: – Ամրոցի վրա չեն հարձակվի, իշխան, բայց քաղաքացիներին կարող են կոտորել,- իր տագնապը հայտնեց Խաչատուր ազատը, որն ինքն էլ բերդավանում էր ապրում: Աշտարակից մենք տեսնում էինք, որ քաղաքացիները տնից տուն էին վազվզում, բայց ձեռքներին զենք չկար՝ մեծ մասամբ բահ ու բրիչներ էին: – Թող ոտք դնեն քաղաք ու մեզ խառնվելու պատրվակ տան. հեծելավաշտը կհանենք մարտի` վրա կտանք-ջարդենք,- ոգեւորվեց Կոստանդինը՝ միակ մարդը, որ իշխանից բացի հեծելավաշտն առաջնորդելու իրավունք ուներ: – Իմ կարծիքով, ավելի լավ է՝ թուրքերը տեսնեն, որ քաղաքն ի վիճակի է իրեն պաշտպանելու, եւ հրաժարվեն հարձակվելու մտադրությունից: Հակառակ դեպքում՝ մինչեւ մենք ամրոցից հասնենք, նրանք իրենց կողոպուտն անելիս շատերի արյունը կթափեն: – Իրավացի ես,- ասաց իշխանը:- Ինքդ էլ տեգավորներից ու մրճավորներից հիսուն հոգանոց ջոկատ կազմի՛ր եւ գետնուղիով հասցրու քաղաք: – Իսկ ձիավորներին չե՞ս հրամայի մարտակարգով դասավորել: Եթե հեծելազորի միջամտությունն էլ պահանջվել լինի, ժամանակ չենք վատնի նրանց դարպասաբակում հավաքելու համար,- շարունակեց իրենը պնդել Կոստանդինը: Նա հիանալի գիտեր, որ իշխանն էլ իր նման կյանքը հաշվում էր պատերազմից պատերազմ, եւ նույնիսկ սպառազեն հեծելազորի տեսքը նրան կարող էր տրամադրել կռվի: Իշխանը համաձայնեց, եւ բերդապահը շտապեց Խաչատուրի ետեւից, բայց սանդուղքի գլխին հանդիպեց անսպասելի արգելքի: Թեւերը տարածելով` նրա ճանապարհը փակել էր հեւասպառ Ռուբենը՝ իշխանի մեծ տղան, որը խնդրեց հորից թույլ տալ, որ հեծելավաշտն ընդառաջ դուրս գա խաչակիրներին: Իշխանը Կոստանդին ազատին հրամայեց չհապաղել ի կատար ածելու իր հանձնարարությունը, որից հետո հսկայամարմին բերդապահն ակնթարթորեն վեր քաշեց միջահասակ, բայց հաղթանդամ իշխանազնին, եւ ցած արշավեց աստիճաններով, որոնցով իր չափերի միայն մի մարդ կարող էր անցնել: – Ի՞նչ է, մենք չե՞նք օգնելու խաչազգեստներին, որ նրանք թուրքերին ջարդեն,- աշտարակում գտնվողներիս դիմեց իշխանի կոշտ վերաբերմունքից կարկամած որդին: – Նախ, այս պահի դրությամբ, թուրքերն են, որ ջարդում են ֆրանկներին: Հետո` դեռ գործում է մեր պայմանագիրը թուրքերի հետ, որ լատինացիներին չենք պաշտպանելու իրենց դեմ պատերազմելիս: – Եթե կռվին չենք մասնակցում, գոնե դարպասը բաց պահենք, որ խաչազգեստները միանգամից ներս մտնեն՝ առանց ավելորդ զոհերի: – Եթե ֆրանկներին փախցնենք թուրքերի քթի տակից, նույնն է, որ ինքներս կռվի դուրս գանք նրանց կողմից,- համբերությունը կորցնելով՝ բռունցքն իր ճակատին խփեց իշխանը: Չնայած իր քսանամյա տարիքին, Ռուբենը լցրեց աչքերը եւ, արագ շուռ գալով, ցած կռացավ ատամնապարսպից: Նույն որմի մոտ կանգնած ախոռապետ պատրիկ Դամիանոսը մանր-մանր թփթփացրեց նրա ուսը, իբր` բյուզանդացիներս նույնպես խղճում ենք քրիստոնյա ֆրանկներին: Իսկ ասպետների դրությունն իսկապես խղճալի էր դարձել: Նրանք դեռ ռազմակարգով, սրունք-սրունքի տված էին նահանջում, եւ իրենց ծանր զրահավոր ձիերով շարժական բերդի էին նման, բայց թե կրել էին շոշափելի կորուստներ: Մի ձիավոր նիզակից խոցվել ու գալարվում էր ճամփի սալարկին, մեկ ուրիշն անընդհատ ճոճվում էր թամբին՝ վերքերից արնաներկ, իսկ երրորդի ձին էր նետահարվել-տապալվել՝ զինակիցները դիմադրում էին կողքին, մինչեւ որ կարողանար ոտքն ազատել ասպանդակից: Կար եւս մի հեծյալ, որը կա8217մ գաճաճ էր, կա8217մ`երեխա, որին մյուսները, երեւում էր, ջանում էին իրենց թիկունքում` թուրքերի թրերից ու նիզակներից հեռու պահել: Թուրք ռազմիկներից ավելի շատ` հինգ-վեց հոգի էին ընկել դիաթավալ, բայց նրանք դեռեւս գերազանցում էին խաչակիրներին բազմապատիկ, չհաշված մյուս հեծյալ խմբերը, որ սուր ճիչերով բարձրանում էին զառիթափով: Հանկարծ դարպասի մոտից լսվեցին ողբ ու աղաղակներ, որոնք մեզ շեղեցին անհավասար կռվից: Կանայք, որ ամրոցի մուտքին էին հասել եւ գտել էին այն փակ, լալախառն «օգնություն» էին կանչում հայերեն ու ֆրանսերեն: – Գոնե տիկնանց ներս չառնե՞նք, իշխա՛ն,- խնդրեց ծեր որսապետ Սուքիասը, որի խոսքերը հուսավառեցին Ռուբենին: – Ի՞նչ տարբերություն՝ ասպետների՞ն ենք ներս առնում, թե՞՝ տիկնանց, Սուքիաս,- զայրացավ իշխանը:- Քե՞զ էլ բացատրեմ, որ թուրքի համար գերին մի բան է նշանակում՝ բարձր գլխագին: – Կանանց շատ ավելի հաճույքով են գերի վերցնում: Ուրիշ բան որ չէ… կպահեն իրենց հարեմի համար,- վշտացած ձեւացավ պատրիկ Դամիանոսը: – Եթե նոր մարդ չսպանվի ու ասպետները հիմա գերի հանձնվեն, թուրքերը կարող են մոտ հարյուր քսան հազար ոսկու հույս ունենալ,- հաշվեց Դերենիկ ազատը, որ իշխանի սենեկապետն էր եւ, բնականաբար, նաեւ` գանձապետը: Բայց ասպետները շարունակում էին կռվել եւ ժայռամեջ ճանապարհի շնորհիվ հնարավորություն չտալով թուրքերին իրենց շրջապատել: Հատկապես հաջող էր սուրը բանեցնում մի ֆրանկ, որը տաճարական ասպետի կարմիր խաչով սպիտակ թիկնոց էր հագել զրահի վրայից: Եթե նա իր միաբանությունից այդ հանդերձն ստանալիս երդվել էր բոլորի նման, որ մի կռվում առնվազն երեք անհավատի է սպանելու, ուրեմն, իր ուխտը կատարեց, կարելի է ասել, մեր աչքի առաջ: «Զար՛կ, սատկացրու՛ արնախում գազաններին», սկսեց ասպետին խրախուսել որսապետ Սուքիասը, որին անմիջապես միացան շատ ուրիշ հայ զինվորներ: Իշխանը, կարծես զգալով, որ իրեն էլ է ձգում կռիվը, հետ քաշվեց պարսպից եւ հրահանգեց. – Վերադառնում ենք պալատ: Մնացածը մեզ բանբերները կհայտնեն: – Երբ բոլոր ֆրանկները սպանված լինեն, դու կզղջաս քո կարծրասրտության համար, բայց արդեն նրանց հետ չես կարողանա բերել,- գլուխը ցած կախեց Ռուբենը: – Թող հանձնվեն,- ասաց իշխանը:- Մնացած թուրքերն էլ որ մոտեցան, ի՞նչ իմաստ կունենա դիմադրելը: Պարզապես ես ինքս չեմ ուզում տեսնել, թե ինչպես են անօրենները գերում քրիստոնյաներին: Միայն թե իշխանին չհաջողվեց նույնիսկ աստիճաններին ոտք դնել՝ Ռուբենը կախվեց հոր թեւից ու ծնկներին ընկավ: Կատարվեց անհավատալի բան. մեր աշտարակում ծնկի իջան բոլորը, եւ, երեւի գուշակելով, թե ինչ խնդիր է որոշվում այստեղ, մյուս բուրգերի զորականները նույնպես ծնկեցին: Նույնիսկ խորամանկ Դամիանոսը, որն իր գիրության պատճառով չէր կարող ծնկել, մյուսներից չառանձնանալու համար թեթեւակի ծալեց մի ոտքը: Իմ կոկորդն էլ քերվեց սուրբ հավատի հանդեպ այդ նվիրվածությունից, բայց մնացածներին չմիացա, որովհետեւ լավ էի պատկերացնում, թե ինչ վտանգավոր հետեւանքներ կունենա ընդունելիք վճիռը: Երեւաց, որ իշխանը պատրաստվում էր տղային նախատել հանդգնության համար, բայց կաշկանդվել էր այն համերաշխությունից, որով Ռուբենին զորակցեցին ուրիշները: Նրա հապաղումը երկար չտեւեց. վեր քաշեց ուսերն ու ասաց՝ «Պետք չէ ինձանից պահանջել անկարելին…», բայց պատահականության քմահաճույքն էր, որ նույն պահին լսվեր ասպետներից մեկի «Լեո՜ն, Լեո՜ն» կանչը. – Տեր Աստվա՜ծ,- բացականչեց իշխանը,- Եվստաթն է, դը Գրենիեն: 2. լեւոն իշխանին ձայն էր տալիս արնաներկ թիկնոցով ասպետը Լեւոն իշխանին ձայն էր տալիս արնաներկ թիկնոցով ասպետը, որն արդեն մնացել էր նաեւ առանց սաղավարտի: Հինգ տարում, որ անցել էր մեր վերջին տեսակցությունից, Եվստաթ դը Գրենիեի մազերը լրիվ ճերմակել էին: – Հիմա կբացենք դարպասը, կո՛մս,- բղավեց իշխանը: Միաժամանակ թուրքերի զորապետն էր մեր ուղղությամբ ինչ-որ բան գոռում՝ երեւի պահանջելով ներս չառնել խաչակիրներին: Բայց նրա ձայնը խլացրին իշխանին հասցեագրված «կեցցե՛»-ները, որոնք հնչում էին ամրոցի պարիսպներից: Իշխանն ինձ շփոթված ասաց՝ «Ես պարտական եմ Եվստաթին` փրկել է կյանքս Արյան դաշտում», եւ, խաչակնքելով, ցած վազեց սանդուղքից: Ամրոցի ներքնաբակում բազմահարկ, բայց առայժմ անհասցե հայհոյանքներով, Կոստանդինը դասավորում էր հեծելավաշտն՝ ըստ մարտակարգի: Նրանց թիկունքում, ահաբեկելով հեծյալ ազատանու զինակիրներին ու հետ-ակ զինվորներին, իրենց ձիերն էին ծառս հանում Թորոսը, Ստեփանեն ու Մլեհը` իշխանի փոքր որդիները: Լեւոն իշխանը հեծելավաշտը վերադասավորեց այնպես, որ նիզակակիրները շարվեցին ներս ընկած կիսաշրջանով: Քսան նետաձիգ զինվոր էլ նրա հրամանով բարձրացան կամարակապ միջանցքի ծածկին, որն ամրոցի մուտքի ներքին ու արտաքին դարպասներն իրար էր միացնում կեռմանով: Նրանցից ամեն մեկը ծնկեց նեղ ու կլոր մի անցքի մոտ, որոնք բացվել էին ներխուժող թշնամուն վերեւից նետահարելու նպատակով: Այս բոլորից հետո էր միայն, որ դռների նիգերը հանվեցին, եւ ներս ընկան ողբացող ֆրանկուհիները: Համարյա անմիջապես նրանց հաջորդեցին ուժասպառ ասպետները, բայց վերջին խաչակրի ետեւից թուրքերն էլ հասցրին ներս թափանցել: – Նիզակակա՛լ արեք դրանց,- գոռաց Լեւոն իշխանը: Մի քանի տասնյակ նիզակներ դեմ արվեցին թուրքերի կրծքերին, եւ, համաչափ ճնշելով, սկսեցին մղել դուրս: Դարպասների միջանցքի առաստաղից սպառնագին նրանց գլխին կախվեցին նետերի ծայրակալները: Թուրքերի զորապետն, ընկրկելով, իրենց լեզվով ինչ-որ բաներ գոռաց, որոնցից ես միայն «Թորոսի երկիր» բառերը հասկացա: Իշխանն արաբերեն բղավեց, թե Լեւոն Ռուբինյանին պետք չէ վախեցնել Թորոս Ռուբինյանով: Թուրքը նորից ինչ-որ բան ճչաց, որտեղ տվեց Ազազ քաղաքի անունը, բայց խոսքը չվերջացրեց, որովհետեւ, խառնաշփոթի մեջ, հայ հեծյալների թիկունքից ինչ-որ մեկը տապար նետեց եւ դեմքի մասից վիրավորեց նրան: Նույն ժամանակ, դարպասները վրա բերելով, հաջողվեց դուրս քշել հարձակվողներին ու տեղադրել երկաթե նիգերը, ինչը կանխեց թուրքին վիրավորելուց հետո անխուսափելի դարձած ընդհարումը: – Ա՛յ-ա ՛յ-ա՛յ, պետք չէր նման բան անել, Ստեփանե իշխանի՛կ,- իր բարակ ձայնով բացականչեց պատրիկ Դամիանոսը՝ կրտածներին հատուկ թեթեւությամբ մատնելով տապարը նետողին: Իշխանը ցած թռավ ձիուց ու ապտակեց իր տասնչորսամյա տղային, որը, հետ-հետ գնալով, գետնին նստեց՝ ձախ այտը՝ ալ-կարմիր: – Մեկ շաբաթվա կալա՛նք,- գոռաց իշխանը: Ճիշտ է, թուրքերը հազիվ թե իմացան Ստեփանեի պատիժը, որն, իհարկե, միեւնույն է, չէր փոխհատուցի իրենց զորապետին հասցված տապարի վերքը: Երկու վաղրավոր զինվոր իշխանիկին ուղեկցեցին պահնորդական կալանատուն: Կոստանդինը հրաման ստացավ հեռվից հետեւել, որ թուրքերը ճամփին մեր գյուղերը չասպատակեն: Հետո բոլորն սկսեցին զբաղվել վիրավորներով, որոնց տեղավորեցին սայլակառքերի մեջ: Նրանց կողքերին նստեցին նաեւ ֆրանկուհիները, որոնց մազերը դուրս էին թափվել գլխանոցներից, իսկ արձակված թիկնոցները բացել էին շրջազգեստները, որոնց խորը կտրվածքներից փայլում էին սպիտակ պարանոցներն ու կրծքալանջերը: Իշխանը մոտեցավ ու ողջագուրվեց կոմս դը Գրենիեի հետ, որն ուշաթափության եզրին էր, հետո խաչակիրներին օգնեց նրան պառկեցնելու նիզակներից սարքած ու թիկնոցներով ծածկած պատգարակին: Չորս բերդեցիներ վերցրին պատգարակը, եւ բոլորս ուղղվեցինք դեպի Սուրբ խաչ հիվանդատուն: – Շնորհակալ եմ, Լեոն, որ մեզ ապաստանեցիր` վտանգի ենթարկելով քո ամրոցը,- գլուխը Լեւոն Ռուբինյանի կողմը թեքեց կոմսը: – Դժբախտությունն այն է, որ ես միայն Բեհեսնին չվտանգեցի, այլեւ` Ռուբինյանների ու թուրքերի միջեւ խաղաղության պայմանագիրը,- պատասխանեց իշխանը:- Բայց եղածը եղած է: Ասա, թե ձեզ ի՞նչ է պատահել: – Սուրբ Երուսաղեմի թագավորի առաջնորդությամբ Քրիստոսի զինվորների բանակն ուղեւորվում էր Խարբերդ` Բալակ ամիրայի ձեռքից ազատագրելու Եդեսիայի կոմս Ժոսլինին ու մյուս գերված բարոններին: Չորս օր առաջ էր` ապրիլի հինգին, երբ հասանք Քեսուն, որտեղ տոնեցինք Սուրբ Զատիկը: Հետո, Ռաբան քաղաքի կամրջով անցնե լով Եփրատի Շնջրիկ վտակը, որոշեցինք ճամբար խփել, որովհետեւ Բալդուին Երկրորդը ցանկանում էր վերջին սրընթաց արշավից առաջ հանգստանալ եւ որս անել քեզնից նվեր ստացած հիանալի բազեներով: Հանկարծ, թագավորի վրանը խփելու ժամանակ, շրջակա բլուրներից Բալակ ամիրան հարձակվեց մեծաքանակ զորքով… Ասպետներից ոչ բոլորը հասցրին նույնիսկ ձի հեծնել: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ Եդեսիայի կոմսության խորքում` քրիստոնյա բարոնների բերդերի մերձակայքում, մեզ կշրջապատեր անհավատների բանակը: Մի խոսքով, նրանք գլխովին ջախջախեցին լատինացիներիս, Լեոն: Մի քանի փոքր խմբեր միայն կարողացան նահանջել տարբեր ուղղություններով, բայց թուրքերը հրաման ունեին մինչեւ վերջ հետապնդել փախուստ տվողներին: – Իսկ թագավորն ի՞նքը… Ողջ-առո՞ղջ է: – Թագավորին հարյուրավոր թուրք հեծյալներ էին շուրջկալել: Եթե նա ողջ է մնացել Աստծո կամոք, ուրեմն` գերի է: Պատգարակն ուղեկցող թափորը հասել էր Շուկայի հրապարակ: Կոմսի վերջին խոսքերից հետո, որ բեհեսնեցիները կիսաձայն իրար էին փոխանցում ու թարգմանում`ֆրանսերեն չհասկացողների համար, սկսեց ալիք-ալիք ողբ ու կական բարձրանալ: Շատերը ծնկեցին ու վեր պարզեցին ձեռքերը: Կանանցից ու տղամարդկանցից ոմանք հող շաղ տվեցին գլուխներին: – Տիրոջ կենարար խաչը նույնպես գերվե՞լ է,- հարցրեցի ես՝ իմանալով, որ թագավորը միշտ զորքի առջեւից տանում էր Փրկչի խաչափայտը: – Խաչի շուրջը կռվում ու զոհվում էին Քրիստոսի զինվորները, բայց ես չիմացա, թե բանն ինչով ավարտվեց, տեր հայր: Միակ մխիթարությունս այն է, Լեւոն, որ քրոջդ զավակին` կրտսեր Ժոսլինին, կարողացանք գերի ընկնելուց փրկել: – Ուրեմն, եթե ձեր առաջ դարպասը չբացեինք, անհավատների ձե՞ռքն էի մատնելու նաեւ հարազատ քրոջս տղային,- հուզված կանգ առավ իշխանը:- Իսկ ու՞ր է Ժոսլին տղան: Տաճարական ասպետի ու մի միանձնուհու ուղեկցությամբ, մարդկանց մեջ ճանապարհ բացելով ու փողոցի սալարկին խթանները զնգզնգացնելով, մեր կողմը եկավ ասպետը, որի փոքրահասակությունը նկատել էինք դեռ մարտի ժամանակ: Նա, իշխանին հասնելով, քանդեց սաղավարտն ու համարյա լացակումած հարցրեց հայերեն. – Ես քեզ գոռում էի ներքեւից` ինչու՞ չէիք ուզում մեզ ներս թողնել: – Ես քեզ չեմ լսել,- ասաց Լ-ոն Ռուբինյանն ու գրկեց տղային: Ժոսլինը, որ հինգ տարի առաջ` Փրկչի 1118 թվականին, հայերեն էր աշակերտել ինձ Եդեսիայում, արդեն կլիներ տասներկու-տասներեք տարեկան: Իշխանի գրկից ազատվելով` նա նետվեց դեպի ինձ ու կռացավ, ջերմեռանդորեն համբուրեց ձեռքս: Նրանից անմիջապես հետո իշխանի եւ իմ առաջ ծունկը ծալեց միաձնուհին՝ քսանմեկ-քսաներկու տարեկան շատ սպիտակամաշկ ու փոքրամարմին մի աղջիկ, որ նույնպես գերված կոմս Ժոսլինի զավակն էր` կրտսեր Ժոսլինի խորթ քույր Ստեֆանին: Կոմս դը Գրենիեն իշխանին ներկայացրեց նաեւ տաճարական ասպետին եւ պատմեց, որ երբ թուրքերը շրջապատել են թագավորին, Ամորի դը Լուսինյանը, թշնամիների ուշադրությունը շեղելու համար, սկսել է բղավել. «Քրիստոսի զինվորներ, ես` Բալդուին թագավորը, ասում եմ ձեզ՝ Խաչը կհաղթի»: Շատ անօրեններ թագավորին թողել ու արշավել են ասպետի կողմը: Բայց շատ ժամանակ չանցած, երբ հեռվից նետված տեգը թագավորի գլխից գցել է սաղավարտը, մի թուրք քսակից հանել է նրա պատկերով հատած ոսկեդրամ եւ, Բալդուինի հետ համեմատելով, ճանաչել է նրան: Մի ուրիշ թուրք էլ գոռացել է, որ ճանաչում է թագավորի վիշապազարդ վահանը, եւ նրանք նորից հետ են դարձել դեպի Երուսաղեմի տիրակալը: Ասպետն առանց իր բաց կապույտ աչքերը թարթելու լսեց իր սխրանքի պատմությունը, հետո ասաց, որ իրեն աշխարհի ամենադժբախտ մարդն է համարում, քանի որ չի կարողացել պաշտպանել ոչ միայն Սուրբ Երուսաղեմի թագավորին, այլեւ երկու թագուհիներից որեւէ մեկին: Լեւոն Ռուբինյան իշխանը մռայլվեց եւ նրան հարցրեց տագնապած, թե արդյոք ում նկատի ունի երկու թագուհիներ ասելով: – Եվմորֆիա թագուհուն, որին աչքերիցս կորցրինք հենց ճակատամարտի սկզբում, եւ այրի թագուհի Արդային, որին գերի վերցրեցին բազմաթիվ ուրիշ ազնվազարմ տիկնանց հետ: Հրապարակում ողբը վերսկսվեց կրկնակի թափով: Իշխանը ցածր ասաց. – Անտանելի է կանանց ռազմարշավի տանելու ֆրանկների սովորությունը: Երուսաղեմի առաջին թագուհին՝ Արդան մեծ իշխան Լեւոն Ռուբինյանի եւ իշխանաց իշխան Թորոս Ռուբինյանի քույրն էր: Շարունակությունը` սեպտեմբերի 15-ի «Առավոտ»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել