Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր թերթի 2001թ. օգոստոսի 24-ի համարում տպագրվել է Նոնա Մովսիսյանի «Բանը բանից անցել է» հրապարակումը

Սեպտեմբեր 08,2001 00:00

Մենք եզդի ենք, եզդին մենք ենք Ձեր թերթի 2001թ. օգոստոսի 24-ի համարում տպագրվել է Նոնա Մովսիսյանի «Բանը բանից անցել է» հրապարակումը, որը տարակուսանքի տեղիք է տալիս։ «Առավոտ» թերթը բարի համբավ է վայելում, եւ նրա էջերում արտահայտված ամեն մի խոսք պետք է լինի հավաստի եւ արդարացի։ Հրապարակման մեջ Թորգոմ Խուդոյանը բամբասում ու վիրավորում է եզդիներին եւ հայերին՝ արձանագրելով, որ եզդիները երկու խմբի են բաժանվում՝ կուլտուրականների եւ տգետների, ոմանց կուլտուրական է համարում, ոմանց տգետ։ Եվ կուլտուրականի դիմակով հանդես եկող Թորգոմը, որի բարոյական կերպարի մասին գիտեն եզդիական համայնքներում, փաստորեն, թշնամություն է սերմանում հենց եզդիների մեջ, խախտում նրանց միասնությունը։ Որպեսզի թերթի ընթերցողները վերջնականապես կողմնորոշվեն եզդիների միության եւ Խուդոյանի հարաբերություններում, խնդրում եմ, ի լուր ամենքի հրապարակել հետեւյալը. Ես՝ որպես Եզդիների ազգային միության նախագահ, բուժման նպատակով արտասահման մեկնելիս նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցի Ջամալ Սադախյանին։ Չորս անգամ վիրահատվելուց հետո վերադարձա Հայաստան, Սադախյանը եւ Թոռուն Խուդոյանը չցանկացան վերադարձնել միության կնիքը, դրոշմակնիքը, փաստաթղթերը, եւ հարցը լուծվեց դատական կարգով, խայտառակվեցին Սադախյանը, Խուդոյանը եւ նրանց կամակատարները։ Ո՞ւր էին այդ կուլտուրականները, երբ ես Արցախյան հերոսամարտ էի տանում եզդի ազատամարտիկներին։ Ուր էին նրանք, երբ ես գրում էի «Մենք եզդի ենք» գիրքը, որը գովք է հայ եւ եզդի ժողովուրդների, երբ ես ստեղծեցի աշխարհում միակ եզդիական «Եզդիների ձայն» թերթը եւ երբ ես համախմբում էի եզդիական բոլոր ուժերին հարատեւելու, գոյատեւելու համար։ Կուլտուրակա՞ն է արդյոք այդ Թորգոմը, երբ իր համախոհ Ջամալ Սադախյանի հետ յուրացրել է Եզդիների ազգային միությանը պատկանող գումարը, գույքը եւ, վերջապես, ո՞վ է թույլ տվել այդ Թորգոմ Խուդոյանին քրեական գործերի մասին վճիռներ կայացնել, երբ հեռագնա արոտավայրի հարցերը լուծվել են բարեկամաբար, եզդիները չե՞ն արտագաղթել, հայերը չե՞ն արտագաղթել։ Ամեն ինչ լա՞վ է արդյոք, պետք չէ՞ հաշտության եզրեր փնտրել, թե՞ Թորգոմ Խուդոյանի նման զրպարտանքներ նետել իր հարազատ ժողովրդի, իր բարեկամների եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Դա ամենամեծ ստահոդ արտահայտություն անելն է մամուլում։ Միաժամանակ շատ հետաքրքիր է, որ Ջամալ Սադախյանը եւ Թ. Խուդոյանը երկդիմի խաղ են խաղում. գնում են քրդերի մոտ՝ իրենց քուրդ են համարում, եզդիների մոտ՝ եզդի։ Արդեն պարզ է նրանց ով լինելը։ Ա. ԹԱՄՈՅԱՆ ՀՀ եզդիների ազգային միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել