Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին միջավայրի պաշտպանությունը պետական կարեւորագույն խնդիրներից է։ Մթնոլորտային օդի աղտոտող աղբյո

Սեպտեմբեր 08,2001 00:00

ՊՂՆՁԻ ՕՔՍԻԴՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Արտաքին միջավայրի պաշտպանությունը պետական կարեւորագույն խնդիրներից է։ Մթնոլորտային օդի աղտոտող աղբյուրներից են գունավոր մետալուրգիայի ձեռնարկությունները, մասնավորապես պղնձի եւ նրա միացությունների արտադրությունը։ Դեռեւս 1970-ականներին գիտական նպատակով մեր անցկացրած դիտարկումները ցույց են տվել, որ ձեռնարկություններից մթնոլորտային օդի, հողի, բաց ջրամբարների աղտոտումը պղնձով եւ այլ ծանր մետաղներով, ընդգրկում է մեծ տարածություններ։ Պղինձը կենսատարր է, սակայն նրա եւ նրա միացությունների բարձր խտությունների ներգործությունը օրգանիզմի վրա առաջ է բերում սուր եւ քրոնիկ թունավորումներ՝ խանգարվում են կենդանի օրգանիզմների կենսաքիմիական գործունեությունները, ճնշվում է իմունակենսաբանական ռեակտիվականությունը, ներքին օրգաններում տեղի են ունենում բջջաբանական փոփոխություններ։ Կենդանիների վրա փորձարարական ճանապարհով մեր կողմից ուսումնասիրվել է պղնձի օքսիդի կենսաբանական ներգործությունը։ Փորձերի ընթացքում նկատվել է կենդանիների քաշի թերաճ, արյան մեջ նվազել է սպիտակուցի պարունակությունը, որը հետեւանք է լյարդի, երիկամների հիվանդությունների եւ թունավորումների, որոնք հաստատվել են բջջաբանական հետազոտություններով։ Օրգանիզմում առաջ են գալիս նաեւ ֆերմենտային, վիտամինային (մասնավորապես՝ վիտամին C) փոխանակության լուրջ խանգարումներ։ Սպիտակ առնետների վրա ուսումնասիրել ենք նաեւ արական սեռաբջիջների (սպերմատոզոիդներ) ֆունկցիոնալ վիճակը։ Պարզվել է, որ պղնձի օքսիդի ներգործությունից սպերմատոզոիդներ չեն գոյանում կամ լինելու դեպքում անշարժ են, մակամորձիների եւ ամորձիների քաշը նվազել է, նրանցում տեղի են ունենում ձեւաբանական փոփոխություններ (հետաճ, խողովակաշարի մեռուկ եւ այլն)։ Այսպիսով, կենսաբանական փորձարարությամբ հաստատվել է, որ պղնձի օքսիդը ունի նաեւ արու կենդանիներին սերունդ տալու ֆունկցիայից զրկելու ներգործություն։ Ընդ որում, արական սեռաբջիջները ավելի զգայուն են պղնձի օքսիդի նկատմամբ, քան իգական սեռաբջիջները։ Կատարել ենք նաեւ բնական պայմաններում դիտարկումներ։ Ալավերդի քաղաքում դարերի ընթացքում գործում է լեռնամետալուրգիական կոմբինատ, որը հանքանյութի վերամշակումով արտադրում է պղինձ եւ նրա որոշ միացություններ։ Այն տեղակայված է քաղաքի կենտրոնում եւ ինտենսիվորեն աղտոտում է բնակելի շրջանների օդը, ջուրը, հողը։ Ըստ հանրապետական հիգիենիկ հակահամաճարակային կենտրոնի 1971-75թթ. տվյալների, կոմբինատի արտադրամասերի օդում պղնձի խտությունը սահմանային թույլատրելի նորմայից գերազանցել է 10-14 անգամ, կապարինը՝ 18-20 անգամ։ Մթնոլորտային օդի աղտոտումը կոմբինատի արտանետումներով տեղի է ունենում հետեւյալ պատճառներով՝ հանքանյութի տեղաշարժեր, վառարանների բաց բեռնում եւ բեռնաթափում, վառարանների, անոդների բաժիններից չմաքրած արտանետումներ, մաքրման սարքավորումների ոչ արդյունավետ աշխատանք, վառարանների ոչ հերմետիկություն, տեխնոլոգիական պրոցեսների խախտումներ եւ այլն։ Դիտարկումները ցույց են տվել, որ կոմբինատից նույնիսկ 20 կմ հեռավորության վրա պղնձի օքսիդի խտությունը մթնոլորտային օդում թույլատրելիից ավելի է 50 անգամ, իսկ 1974թ. մեր հետազոտությունների ժամանակ քաղաքի օդում այն գերազանցել է 10 անգամ։ Հարցման մեթոդով պարզել ենք, որ Ալավերդի քաղաքի ընտանիքներում երեխաների քանակը վիճակագրական տվյալներով ավելի ցածր է, քան նման արտադրություն չունեցող այլ քաղաքի ընտանիքներում, իսկ լեռնամետալուրգիական կոմբինատի բանվորների ընտանիքներում երեխաների քանակն ավելի ցածր է, քան Ալավերդի քաղաքի ընտանիքներում, որոնք չեն աշխատել կոմբինատում։ Ստացված տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ ծնելիության նվազումը կոմբինատի բանվորների եւ քաղաքի մյուս ընտանիքներում կապված է մետաղների աերոզոլների ներգործության հետ, որոնք ամբողջ օրը բարձր խտություններով գտնվում են արտադրամասերում եւ մթնոլորտային օդում։ Երկարատեւ դադարից հետո, վերջին տարիներին սկսել են աշխատել Ալավերդու եւ Սյունիքի լեռնամետալուրգիական ձեռնարկությունները եւ հանքերը։ Այդ իրողությունը ուրախալի է եւ տնտեսական, եւ սոցիալական առումով։ Հաշվի առնելով, որ այդ ժամանակվանից հետո տեխնոլոգիական վերազինում չի եղել, չեն կատարելագործվել մաքրման սարքավորումները, ուստի մթնոլորտային օդի աղտոտման ռիսկն ավելի է մեծանում։ Թեեւ այդ ձեռնարկությունների վերագործարկումից հետո նման մասշտաբի ուսումնասիրություններ չեն կատարվել, սակայն մասնագետների համար ակնհայտ է, որ վերոհիշյալ տիպի ձեռնարկությունները մեծ քանակի վնասակար նյութեր են արտանետում արտաքին միջավայր, ուստի առաջնահերթության կարգով պետք է հոգածություն ցուցաբերել բնապահպանական եւ առողջապահական խնդիրների նկատմամբ։ Դրանք չլուծելու պայմաններում մեծ վնաս կհասցվի բնության հավասարակշռությանը եւ, ամենագլխավորը, ազգային գենոֆոնդին։ Այդ կապակցությամբ միջոցառումներ ձեռնարկելու եւ իրականացնելու համար առաջարկում ենք հետեւյալ հանձնարարականները։ Պահանջվում է Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի շտապ տեխնիկական վերազինում՝ կատարելով տեխնոլոգիական պրոցեսների մեքենայացում, ավտոմատացում, հերմետիկացում։ Տեղադրել բարձր արդյունավետությամբ աշխատող մաքրման սարքավորումներ, ամենօրյա լաբորատոր հսկողություն իրականացնել արտադրամասերի եւ քաղաքի մթնոլորտային օդում ծանր մետաղների, այդ թվում՝ պղնձի, ծծմբային գազերի սահմանային թույլատրելի խտությունները պահպանելու համար։ Նկատի ունենալով, որ լեռնամետալուրգիական կոմբինատը գտնվում է քաղաքի բնակելի զանգվածում, ուստի կոմբինատի տեխնոլոգիական վերազինման շարունակման դեպքում անհրաժեշտ է հնարավոր հզորությունները տեղափոխել այլ ձեռնարկություններ, որոնք ունեն առավել կատարելագործված տեխնոլոգիական լուծումներ եւ տեղակայված են ավելի բարենպաստ վայրերում։ ՄԱՆՈՒԿ ԳԻՆՈՅԱՆ Բժշկական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել