Լրահոս
Օրվա լրահոսը

Այս

Սեպտեմբեր 08,2001 00:00

«Նաիրիտը» փանոսյան մտքի զոհն է դառնալու Այս օրերին հայկական պատվիրակությունը Չինաստանում է գտնվում կաուչուկի արտադրության հայ-չինական համատեղ ձեռնարկության ստեղծման համար անհրաժեշտ վերջնական փաստաթղթերի նախապատրաստման առիթով։ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը «Նաիրիտ» ԳԱ ՓԲԸ-ի անունից պայմանագիր է կնքում Չինաստանի Շանսի նահանգի «Նայնիկ» ՍՊԸ-ի հետ։ Շանսի ՍՊԸ-ի քլորոպրենային կաուչուկի արտադրությունը, որի կառուցմանը այն ժամանակ մասնակցել են նաեւ Հայաստանի մասնագետները, մինչեւ 1970թ. «Նաիրիտում» գործող արտադրության կրկնությունն է (քլորոպրենի ստացումը կարբիդի ացետիլենից եւ կաուչուկի արտադրության հին տեխնոլոգիան)։ Կնքվող պայմանագրով չինական կողմը ցանկանում է էժան գնով մոդեռնիզացնել իր քլորոպրենային կաուչուկի բարոյապես հնացած արտադրությունը ի հաշիվ «Նաիրիտում» գործող, արտասահմանից գնված, կաուչուկի արտադրության։ Հայկական կողմի մասնաբաժինը ՀՁ-ի կանոնադրական հիմնադրամում կազմելու է 40%, որի դիմաց գործարանի շահագործումից եւ համապատասխան տեխնիկատնտեսական ցուցանիշների հասնելուց հետո (ինչի համար, հավանաբար, լավագույն դեպքում կպահանջվի 10-15 տարի) կազմակերպիչները ՀՀ կառավարությանը խոստանում են մինչեւ 6 մլն դոլարի տարեկան եկամուտ։ Չինական կողմի օգուտը այս գործարքում ակնհայտ է՝ ձգտում են չնչին ծախսերով կառուցել քլորոպրենային կաուչուկի արտադրության՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող գործարան։ Հայկական կողմը, եթե գործարքը իրականանա, անդարձելիորեն կորցնում է «Նաիրիտը»՝ իր շուրջ 4000 աշխատատեղերով։ Անհասկանալի են այն շարժառիթները եւ տրամաբանությունը, երբ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը առաջարկում է գործող արտադրության աշխատող սարքավորումներն ու սարքերը (որոնք ժամանակին մեծագույն ջանքերով ձեռք են բերվել՝ վճարելով միայն արտասահմանյան ֆիրմաներին ավելի քան 120 մլն դոլար), լրիվ կամ մասամբ ապամոնտաժել եւ այն, իբրեւ 8 մլն դոլարին համարժեք կանոնադրական հիմնադրամի փայաբաժին, տրամադրել, ավելի ճիշտ՝ նվիրել չինական «Նայնիկ» ինչ-որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որն այսօր կա՝ վաղը կարող է եւ չլինել։ Հարցի նման լուծումը նախարարության քիմիայի բաժնի պետ Ա. Սուքիասյանը հիմնավորում է այն հանգամանքով, որ Չինաստանը հայտ է ներկայացրել Հայաստանին մշտապես տարեկան 15 հազար տոննա հայկական քլորոպրենային կաուչուկ ձեռք բերելու համար։ Մեր գիտական միտքը եւ «Նոու-հաու»-ն կայանում է նրանում, որ Չինաստանում ստեղծելով ՀՁ՝ մենք մոտեցնում ենք արդյունաբերությունը սպառողին՝ մի կողմից Չինաստանին, իսկ մյուս կողմից՝ Սիբիրի արդյունաբերական համալիրին, ասել է թե՝ Ձ. Փանոսի գիտական մտքի եւ նրա հայտնագործած հանրահայտ «Նոու-հաու»-ի օրինակով սայլը մոտեցնում են կտրելիք ծառին։ Հաստատ որոշել են փանոսյան ճարտարագիտական մտքի ոգով «Նաիրիտի» վերջը տալ։ ՋԻԼԲԵՐՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել