Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսի

Սեպտեմբեր 08,2001 00:00

«ՔՍԱԿՆ» ԱՌԱՅԺՄ ԴԱՏԱՐԿ Է Օգոստոսի 5-15-ը Ջրային տնտեսության պետական կոմիտեի կատարած ուսումնասիրությունների արդյունքում Արմավիրի մարզի Հոկտեմբեր, Փշատավան, Խանջյան գյուղերում հայտնաբերվել են «ստվերային» հողերի ջրագողության դեպքեր, ինչի հասցրած վնասները կազմել են՝ Հոկտեմբերում՝ 2 մլն դրամ, Փշատավանում՝ 4 մլն դրամ եւ Խանջյանում՝ 6 մլն դրամ։ Այս եւ այլ խնդիրների շուրջ զրուցեցինք Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանի հետ։ Պրն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ 2001թ. ոռոգման ջրի մատակարարումը, համաձայն տարվա սկզբին կնքված պայմանագրերի, պետք է կազմեր 850 մլն խմ, սակայն մոտ 20% խնայողությունների շնորհիվ այս տարին, ամենայն հավանականությամբ, կփակվի 700-730 խմ արդյունքով, ինչը, սակայն, «չի նպաստում ջրագողությունների պակասեցմանը կամ ժամանակին դրանց կանխմանը»։ Այստեղ հիմնական գործոնը, ըստ պրն Մարտիրոսյանի, այն է, որ դեռեւս 96-97թթ. ստեղծված 450 ՋՕՄ-երն ու ՋՍԿ-ները մինչ օրս չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը, «չնայած դրանք գրանցված են ՀՀ արդարադատության նախարարության կողմից եւ տնտեսվարման դաշտում, որպես իրավական կողմ այսօր գործում են»։ ՋՕՄ-երի հիմնադիր հանդիսացող յուրաքանչյուր գյուղացի, եթե իր հողի չափից ելնելով մուծեր վարձավճարը, ապա այդ գումարները կօգտագործվեին ներքին խնդիրների լուծման համար եւ «ՋՕՄ-երն ու ՋՍԿ-ները միշտ իրենց «քսակում» գումար կունենային,- ասաց պրն Մարտիրոսյանը եւ ավելացրեց,- սակայն գրանցման պահից եւեթ այդ «քսակը» դատարկ է՝ սխալ մոտեցման պատճառով»։ Ջրային տնտեսության կոմիտեն արձանագրել է նաեւ թերացումներ եւ չորացման դեպքեր։ Զանգեզուրում եղել են չորացման մի շարք դեպքեր՝ ոռոգելի տարածքների չկնքված պայմանագրերի պատճառով։ Սուրենավանում պարբերաբար տեղացած սելավների եւ կարկուտների պատճառով մեծ վնաս է հասցվել բերքին։ Ավշարը եւ Բյուրականը եւս տուժել են, քանզի օրվա տարբեր ժամերին դրանցից առաջ ընկած գյուղերին ավելի շատ ջուր է մատակարարվել, քան նախատեսված է եղել, ինչի արդյունքում նշված գյուղերն անջուր են մնացել։ Պրն Մարտիրոսյանի հավաստմամբ, գլխամասերում ընկած գյուղերն են հատկապես «զոռբայություն» անում։ «Տեղաբնակները հմտացած են ջրագողություններ անելու համար, իսկ մեր աշխատակիցները առավել թույլ են դրանք հայտնաբերելու գործում, քանի որ 3-4 տարի աշխատավարձ չեն ստացել, համապատասխան գույքով ու տեխնիկայով ապահովված չեն եւ հաճախ իրենց չստացած աշխատավարձը փորձում են լրացնել ջրագողերի հետ հանցավոր համաձայնության գալով»,- ասաց պրն Մարտիրոսյանը եւ ավելացրեց, որ երբեմն իրենք էլ են անզոր պայքարել, քանի որ ինժեներական կառույցները քայքայված են՝ պիտանի չեն անսարքությունները վերացնելու համար։ Խոսելով սակագների մասին, պրն Մարտիրոսյանը փաստեց, որ դրանք չեն արտահայտում այսօրվա իրական պատկերը։ Ներկայումս ոռոգման ջրի սակագները միջինացված են եւ երկու գոտիական սակագին է սահմանված՝ 3,8 դրամ՝ Արարատյան դաշտի մի մասի համար եւ 4,12 դրամ՝ մնացած մարզերի համար։ «Այսօրվա իրական ինքնարժեքը կազմում է 8 դրամ, որտեղ հաշվի չեն առնված հիմնական ֆոնդերի իսկական արժեքը եւ մաշվածության մասհանումները»,- ասաց պրն Մարտիրոսյանը, սակայն նշեց նաեւ, որ իր պատկերացմամբ պետք է ամենուրեք կիրառվի իրական ինքնարժեքը, հակառակ դեպքում մի մարզը սուբսիդավորում է մեկ այլ մարզի, ինչն ընդունված չէ։ Պրն Մարտիրոսյանը նշեց, որ մինչեւ «սեպտեմբեր մատակարարվել է շուրջ 2,5 մլրդ դրամի ջուր, գանձվել է միայն 800 մլն դրամ եւ եթե աշնանային ամիսներին բերքը իրացնելուց հետո մեր վստահությունը չարաշահեն եւ չփակեն պարտքերը, կզրկվեն աշնանացանի ջրից»։ Ընդհանրապես, պրն Մարտիրոսյանի համոզմամբ, այս համակարգը պետք է կառավարվի ոչ թե նշանակովի տնօրեններով, այլ մրցույթով ընտրված մասնավոր ընկերությունների միջոցով, որ «վատ կառավարելուց վճարեն, իսկ լավ կառավարելուց՝ շահեն»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել