Լրահոս
Օրվա լրահոսը

Վերլուծության

Սեպտեմբեր 08,2001 00:00

ԻՆՉՈ՞Ւ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՁԵՌՔԻՑ ԲԱՑ ԹՈՂԵՑ ԲԱՑԱՌԻԿ ԱՌԻԹԸ Վերլուծության փորձ՝ հակառակ ելակետից Հոկտեմբերի 27-ի ոճրագործության առաջին իսկ ժամերից Քոչարյանի անունը անմիջապես սկսեց կապվել կատարվածի հետ: Կասկածն արագորեն ընդհանուր տարածում ստացավ: Հիմնական ելակետը «ում էր ձեռնտու» հարցադրմանը յուրաքանչյուրի տված պատասխանն էր: Իսկ առաջին իսկ պահից արձանագրվող փաստերը, որոնք այլ պարագայում կարող էին քիչ բան նշանակել, այս հարցադրման կոնտեքստում դառնում էին խոսուն եւ կասկածն արագորեն վերածում համոզմունքի: Այդպես էին մտածում ոչ միայն սովորական մարդիկ: Նույնիսկ ռուսական առաջին, կարելի է ասել պաշտոնական, արձագանքը հենված էր այդ ելակետի վրա եւ թափանցիկ ակնարկ ու սպառնալիք էր Քոչարյանին: Հետագայում նորանոր փաստեր ավելի խորացրին կասկածները, հիմնավորեցին համոզմունքը՝ այն դարձնելով ըստ էության ամենատարածվածն ու հավաստին ոչ միայն Հայաստանում: Մենք, սակայն, փորձենք այս ամենը մի կողմ դնել, պայմանականորեն համարենք, թե չի եղել ու չկա: Որպես կանխադրույթ ընդունենք, թե նա ոչնչից նախապես տեղյակ չէր, եւ քննարկենք այն բոլոր հնարավոր տրամաբանական տարբերակները, որոնք որպես ելակետ կարող էին թելադրել Քոչարյանի վարքագիծն ու գործողությունները: Ի՞նչ պետք է աներ երկրի ղեկավար Քոչարյանը Նա անակնկալի եկավ, ինչպես բոլորը: Այն գործողությունները, որ նա ձեռնարկեց կատարվածի մասին լսելու պահից սկսած (ճիշտ կամ սխալ), բխում էին իրավիճակը հսկողության տակ առնելու, ողբերգությունն առավել չխորացնելու, ահաբեկիչներին վնասազերծելու մտահոգությունից: Հաջորդ օրն առավոտյան արդեն ահաբեկիչները կալանված էին, ամեն ինչ ավարտված էր: Ի՞նչ պետք է աներ Քոչարյան-նախագահը որպես երկրի ղեկավար եւ պատասխանատու: Նկատի ունենալով կատարված ողբերգության ահռելիությունը եւ բնույթը, նա պետք է որպես ելակետ ունենար վատթարագույնը: Այն է՝ դրանով պետականությանը, պետության հեղինակությանը եւ երկրի անվտանգությանը ծանր հարված է հասցվել: Երկրորդ՝ որ այսչափ համարձակ, այսչափ ցինիկ ու հանդուգն մի գործողություն ձեռնարկած անձինք չէին կարող նման քայլի դիմել՝ առանց իրենց տրված ապահովության գեթ նվազագույն երաշխիքների (չմոռանանք, որ այդ ժամանակ դեռ ոչ մեկը, նաեւ Քոչարյանը, չգիտեին, որ նրանք «ռոմանտիկներ» են): Այս երկու մտքերն իրենց հերթին պետք է հանգեցնեին մի երրորդ եզրակացության. նրանց թիկունքում կարող են ինչ-որ ուժեր կանգնած լինել (ներքին կամ արտաքին): Սրանից էլ պետք է բխեր չորրորդ ենթադրությունը՝ այն, ինչ կատարվել է, շատ ավելի մեծ ծրագրի սկիզբն է միայն կամ ազդանշանը, ուստի այդ ուժերը անմիջապես կամ որոշ ընդմիջումից հետո կարող են կատարել հաջորդ քայլերը: Եվ, վերջապես, այս բոլորը պետք է բերեին արդեն ոչ թե հերթական եզրակացության, այլ հրամայական եւ կենսական քայլի՝ հրահանգեր ամենավտանգավոր այսպիսի զարգացումը կանխելու համար հնարավոր կարճ ժամկետում եւ հնարավոր բոլոր միջոցներով պարզել այդ ուժերի (կազմակերպիչների) ինքնությունը: Այո՛, հրահանգեր այդ անել հնարավոր բոլոր միջոցներով, քանզի խոսքը սովորական, ավարտված հանցագործության կամ նույնիսկ մարդասպանության չէր վերաբերում, այլ երկրի անվտանգությանը, հնարավոր անդառնալի կորուստների, գուցե նաեւ հարյուրավոր եւ հազարավոր մարդկանց կյանքին: Ի՞նչ պետք է աներ իր երկրի իմիջով եւ իշխանության հեղինակությամբ մտահոգ նախագահը Կատարվածը ամեն ինչից զատ նաեւ աննախադեպ ծաղր էր պետության եւ իշխանության նկատմամբ: Պարզ էր, որ դրա հետեւանքով գահավեժ արագությամբ պետք է ընկներ երկրի միջազգային հեղինակությունը: Դրա հետեւանքով կապիտալի համար առանց այդ էլ «ռիսկային» հանրապետությունը ընդհանրապես կարող էր դառնալ «գերռիսկային», եւ բազմակի արագանար տնտեսական քայքայումը: Այն նույնքան ծանր հարված էր երկրի ներքին կայունությանը եւ հղի անկանխատեսելի հետեւանքներով: Անխուսափելի այս զարգացումները հնարավորին չափ կանխելու, դրանց խորացումը թույլ չտալու խնդրով մտահոգված երկրի ղեկավարի համար դարձյալ ամենաազդեցիկ եւ գործուն լծակը կարող էր լինել հանցագործության ամբողջական եւ արագ բացահայտումը: Դա ցույց կտար իշխանության անհանդուրժողականությունը ահաբեկչության նկատմամբ, օպերատիվ եւ գրագետ աշխատելու ունակությունը: Եվ կատարվածը, իր ահռելիությամբ հանդերձ, աստիճանաբար կդասվեր պատահականությունների շարքը: Ի՞նչ պետք է աներ Վ. Սարգսյանի եղբայր Քոչարյանը Վազգեն Սարգսյանը իր եւ Քոչարյանի հարաբերությունների սառելու մասին մի ակնարկի առիթով հրապարակավ հայտարարեց, որ ինքը եւ Քոչարյանը չեն կարող գժտվել թեկուզ այն պատճառով, որ «միմյանց հետ կապված են ճակատագրով»: Վ. Սարգսյանի գերեզմանին արտասանած իր խոսքում էլ Քոչարյանը հայտարարեց, որ ամենամեծ վիշտն իրենն է, քանի որ ինքն ի դեմս նրա «կորցրել է իր հարազատ եղբորը»: Երկուսի անկեղծությանն էլ անվերապահ հավատանք եւ դա ընդունենք որպես երրորդ ելակետ: Այդ ելակետն էլ ամրապնդենք փաստով, որ, իրոք, առանց Վ. Սարգսյանի ո՛չ 1997-ին Քոչարյանը կդառնար Հայաստանի վարչապետ, ո՛չ 1998-ի փետրվարի իշխանափոխությունը տեղի կունենար, ո՛չ դրանից երկու ամիս հետո Քոչարյանը կդառնար Հայաստանի նախագահ: Ինչպես ասում են՝ եղբայրը եղբոր համար այդքան բան չէր անի: Այնպես որ՝ Վ. Սարգսյանի նկատմամբ անմնացորդ պարտավորության եւ անկեղծ եղբայրության զգացումի բոլոր հիմքերը Քոչարյանն ուներ: Ուրեմն, ի՞նչ պետք է մտածեր եւ ձեռնարկեր նույն իրադարձություններից հետո իր հարազատ եղբորը կորցրած եղբայրը, որը հանրապետության նախագահի իշխանություն եւ լծակներ ուներ: Դարձյալ որպես առաջին տարբերակ պետք է ելներ վատթարագույնից (եթե նույնիսկ Վ. Սարգսանին սպանած լինեին այլ հանգամանքներում), այն է՝ որ դա ոչ թե անձնական վրեժի կամ «ռոմանտիզմի» դրսեւորում է, այլ քաղաքական սպանություն: Իսկ քաղաքական սպանությունները որպես կանոն լինում են պատվիրված, իրականացվում են վարձու մարդասպանների ձեռքով: Ընդ որում՝ այս կանոնը բացառություններ համարյա չի հանդուրժում: Ուրեմն եւ, ելնելով իր եղբայրական ջերմ զգացումներից եւ կորստի ահռելի ցավից, ընդհուպ մի քիչ էլ գերազանցելով իր իրավասությունները (այս բացառիկ դեպքում իրավապաշտպանները իրեն կհասկանային), դարձյալ պետք է հրահանգեր հնարավորինս արագ բացահայտել պատվիրատուներին: Ի՞նչ պետք է աներ իր իշխանությունը փայփայող Քոչարյանը Սակայն շարունակենք եղբոր թեման, քանզի Վ. Սարգսյանը ոչ սովորական քաղաքացի էր, ոչ էլ փողոցում դարձավ ահաբեկչության զոհ: Այդ եղբոր անվան հետ էին կապվում Ադրբեջանի դեմ ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակները, իսկ պատերազմը չէր ավարտվել, այնտեղ ընդամենը հրադադար էր: Նրա դեմ դեռ 1994-ին մահափորձ էր ծրագրված եղել: Որոշակի քաղաքական ուժեր 1996-ի սեպտեմբերի 25-ից հետո նրա նկատմամբ, մեղմ ասած, թշնամաբար էին տրամադրված: Նրա անվան հետ էր կապվում, փաստորեն, բռնի մի իշխանափոխություն 1998-ին, մի ամբողջ իշխանություն «նախկին» դարձնելը: Անձամբ եւ անթաքույց նա էր գլխավորել տարբեր քաղաքական ուժերի դեմ կոշտ պայքարը՝ ինչպես վերջին նախագահական, այնպես էլ վերջին խորհրդարանական ընտրություններում: Տարածված համոզմունք էր, որ թե՛ առաջին դեպքում, թե՛ երկրորդ, իրականում նրա կամք-հրամանն է կատարվել ընտրությունների շղարշի տակ: Եվ վերջապես՝ այդ եղբայրը ոչ թե սովորական քաղաքացի էր, այլ հանրապետության վարչապետ, ուստի իր իշխանության ամենահուսալի պատվարը: Իր իշխանությունը փայփայող եւ ոչ մի գնով այն կորցնել չկամեցող Քոչարյանը այս ելակետով եւս պետք է նախ մտածեր վատթարագույնը: Այն է՝ հարվածն ուղղված է առաջին հերթին իր եւ իր իշխանության դեմ: Պետք է մտածեր, որ կատարվածը ոչ թե հեղաշրջման չհաջողված փորձ, այլ պարզապես սկիզբ է, եւ կարող է ունենալ իր շարունակությունը, որ՝ իր ամենահուսալի պատվարը ոչնչացնելը այդ ծրագրի առաջին քայլն է, իսկ վերջնական նպատակը կարող է լինել իրեն իշխանությունից զրկելը: Այդ վտանգը չեզոքացնելու համար եւս, որպես հրատապ եւ կենսականորեն անհրաժեշտ քայլ, նա պետք է հանձնարարեր ամեն ինչ անել եւ արագորեն բացահայտել հանցագործության կազմակերպիչներին: Ի՞նչ պետք է աներ Քոչարյանը, եթե… Ամբիցիոզ էր, կասկածամիտ, ինքնասիրահարված, իշխանատենչ, միջոցների մեջ խտրություն չդնող, խորամանկ, հեղինակություն չուներ ոչ երկրի ներսում, ոչ դրսում: Եթե վարչապետի եւ ԱԺ նախագահի կողմից մինչ այդ դրված էր անգլիական թագուհու դերում եւ զրկված էր իրական իշխանությունից, երազում էր որեւէ կերպ դուրս գալ այդ վիճակից, ատում էր Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին, երազում օր առաջ ազատվել: Սակայն… կատարվածն, այնուամենայնիվ, նրա համար անակնկալ էր: Դրա հետ միասին՝ ոճրագործության առաջին ժամերից սկսած՝ ինքն էլ, անմեղ տեղը, ընկել էր խոր կասկածի տակ, ինչը ոչ միայն իր իշխանության, այլեւ կյանքի համար ճակատագրական, մահացու վտանգ էր ներկայացնում: Ոճրագործության հաջորդ վայրկյանից նա արդեն մնացել էր մենակ եւ ստացել իր երազած իրավիճակը: Միաժամանակ բացառիկ առիթ էր ստեղծվել ձեռք բերելու իր չունեցածը՝ հեղինակություն եւ վստահություն: Ի՞նչ քայլեր էին անհրաժեշտ դրա համար: Առաջին՝ նման դեպքերի համար ոչ թե որպես պատշաճ, այլ պարտադիր քայլ՝ անմիջապես պաշտոնից հեռացնել խորհրդարանի եւ կառավարության անվտանգությունն ապահովելու կոչված երկու գերատեսչությունների՝ Ազգային անվտանգության եւ Ներքին գործերի նախարարներին. կատարվածը վերջին հաշվով նրանց թերի աշխատանքի արդյունքն էր: Դրանով նա միաժամանակ կլուծեր րոպե առ րոպե իր դեմ ահագնացող կասկածների ալիքը: Ավելին՝ նույն այդ կասկածող ուժերը անմիջապես կհամախմբվեին նրա շուրջ՝ պատրաստ կատարելու նրա յուրաքանչյուր հրաման եւ հրահանգ: Երկրորդ՝ սեփական պատասխանատվությամբ պետք է հրամայեր ձերբակալել բոլոր նրանց, ում, իրենց սեւ գործն անելուց հետո, փնտրել կամ կապվել են ահաբեկիչները՝ զեկուցել, օգնության եւ խորհրդատվության հրավիրել, կամ պարզապես ում անունը կասկածելի ենթատեքստով անզգուշաբար տվել էին: Ոչինչ, եթե հետո կպարզվեր, որ նրանք իրականում կապ չունեն: Քոչարյանին այս դեպքում բոլորը կհասկանային: Երրորդ՝ ոճրագործներին կալանավորելուց եւ վնասազերծելուց հետո անմիջապես պետք է պաշտոնապես դիմեր ժողովրդին եւ խոստանար, որ ինքն ամեն ինչ կանի կազմակերպիչներին ու պատվիրատուներին բացահայտելու համար: * * * Քննարկված հինգ ելակետների դեպքում էլ, որոնցից ոչ մեկը նրա մեղավոր լինելու կանխադրույթը չէ, այլ անմեղության կանխավարկածը, Քոչարյանի ձեռնարկումների մեջ որպես հիմնական եւ պարտադիր խնդիր պետք է լիներ հանցագործության կազմակերպիչների արագ բացահայտումը: Եվ բոլոր դեպքերում էլ՝ թե՛ որպես երկրի ղեկավար, թե՛ որպես ողբացյալ եղբայր, թե՛ որպես երկրի ճակատագրով մտահոգ գործիչ, թե՛ որպես իշխանասեր, իշխանատենչ ու փառատենչ մարդ, նա պետք է որպես կենսական հարց իր առջեւ դներ ամեն գնով հանցագործության կազմակերպիչներին բացահայտելու խնդիրը: Այդ ո՞վ չի համոզված, որ եթե նա ուզենար, ամենակարճ ժամկետում ամեն ինչ բացահայտված կլիներ: Եվ այդ ո՞վ է կասկածում, թե նրան դրանից ետ կարող էր պահել առերես հանդիպման ժամանակ ոճրագործին տված խոստումը, կամ օրինականության, իրավապաշտպանների հետ հնարավոր խնդիրները: Նախ նման բաներ նա շատ է տեսել, եւ երկրորդ՝ կշեռքի նժարին դրված մյուս արժեքները դրանից հազարապատիկ ծանր էին կշռում: Բացահայտված ոճրագործության ստվերի տակ դրանք արագ կմոռացվեին: Այժմ պատկերացնենք այս քայլերը կատարած եւ դրանց հետեւանքով դարի ոճրագործությունը բացահայտած Քոչարյանին: Նա կդառնար ոճրագործության զոհերի հարազատների եւ շատերի աչքի լույսը: Նա միայն անձնական հեղինակությամբ կհակակշռեր ողջ քաղաքական դաշտը: Նրա հեղինակությունը կաճեր այնքան, որ իշխանության լիակատար տերը կլիներ ոչ թե ամենօրյա խարդավանքների մեխանիզմի կիրառման, այլ միայն այդ հեղինակության հիմքի վրա: Այդ ձեռքբերման դեմ անգամ տնտեսական եւ սոցիալական այսօրվա ծանր վիճակը որպես դժգոհության եւ քննադատության հիմք չէր կարող լինել: Ցանկացած ընդդիմության հարձակումների դեմ այն կդառնար անխոցելի վահան, հաջորդ հնգամյա շրջանում վերընտրվելու անսակարկելի երաշխիք: Մինչդեռ Քոչարյանը… Ոչ միայն չպատժեց պատասխանատու պաշտոնյաներին, այլեւ նրանց անմնացորդ վերցրեց իր պաշտպանության տակ: Իսկ հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո ամեն քայլափոխի խոչընդոտում էր հետաքննության, ապա՝ դատաքննության ընթացքին: Այսպես. – Առաջիններից մեկը կարծիք հայտնեց, թե կազմակերպիչներ չկան: – Քիչ անց դեպքը բնորոշեց որպես «ուչաստկովիի» մակարդակի գործ, որ նույնն էր նշանակում՝ կազմակերպիչներ չպետք է փնտրել: – Հետաքննության մարմինը առաջին իսկ օրից նախ խուլ ակնարկում, ապա բացահայտ բողոքում էր իր վրա ճնշումների եւ հարուցված խոչընդոտների մասին: – Արգելեց զինդատախազի մասնակցությունը խորհրդարանական լսումներին: – Իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով մարդասպաններին բացահայտ վերցրել է պաշտպանության տակ: – Նույն կերպ պաշտպանության տակ էր վերցրել մեղսակցության մեջ մեղադրվողներին: – Համաներումը անօրինական ձեւով կիրառեց 27-ի գործով 6 մեղադրյալների նկատմամբ: – Պաշտոնապես հայտարարեց, որ Ն. Հունանյանը եւ մյուսները չեն գնդակահարվի: – Ոճրագործների մահապատժի չենթարկելու իր խոստումը ընդհուպ փորձում է ամրագրել սահմանադրական փոփոխություններով: Թվարկումը կարելի է լրացնել եւ շարունակել: * * * Ինչո՞ւ Քոչարյանը չօգտվեց իր իշխանությունը ամրացնելու, իր հեղինակությունը բարձրացնելու, ընդդիմությանը լռեցնելու, իր երկրորդ ընտրությունը ապահովելու բացառիկ առիթից: Ինչո՞ւ նա կատարեց եւ հետեւողականորեն շարունակում է տրամագծորեն հակառակ քայլեր կատարել՝ անընդհատ խորացնելով իր նկատմամբ ահագնացող կասկածները: Մտածել, թե Քոչարյանը չէր կարող անել պարզագույն հաշվարկներ, նշանակում է կասկածել նրա մտավոր ունակություններին եւ վիրավորել նրան: Մենք դա չենք ցանկանում: Ո՞ր դեպքում այնպես կվարվեր Քոչարյանը, ինչպես վարվել ու վարվում է… Հարգելով մեր ընթերցողին, հետեւություն անելու իրավունքը թողնում ենք նրան: ԱՐԱՄ ԲԱԳՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել