Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ

Սեպտեմբեր 08,2001 00:00

ՀԱՅ ԴԱՏԸ ՀՅԴ-Ի «ԱՊՐԱՆՔԸ» ՉԷ Ոչ էլ դոստ ու դուշմանի հարցը՝ նրա մենաշնորհը Որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամեն մի նախաձեռնության առիթով ՀՅԴ-ն պետք է հիստերիա բարձրացներ, որպես իր «հույժ հայրենասիրության» ապացույց, կասկածից դուրս էր: Այս «կուսակցությունը» Սփյուռքի, թե հայաստանյան հասարակության մեջ այն պատկերացումն է ստեղծել, որ ինքն է միայն «դարավոր ոսոխի» անհաշտ թշնամին, դա դարձրել է իր մենաշնորհը, գոյության հիմք-արդարացումը: Հակաթուրք լինելը ՀՅԴ-ի համար ավելին է. թե՛ Հայաստանում, թե՛ հատկապես Սփյուռքում ժողովրդի ազգային զգացումները ամենահեշտը բորբոքվում են հենց այս հողի վրա՝ նկատի ունենալով Թուրքիայի կողմից իրականացված հայկական ցեղասպանության փաստը: Իսկ բորբոքված զգացումներով մարդը պատրաստ է նաեւ վճարել՝ ի բավարարումն իր զգացումներն ու զգացմունքները արտահայտող «ծրագրերի» եւ «նախաձեռնությունների»: Հայ դատը որպես «քաղաքական ծրագիր» Այս ամենը, եթե վերանանք մարդկային-բարոյական խիստ չափանիշներից, կարծես թե նորմալ է: Առաջարկի եւ պահանջարկի օրենքը վերջին հաշվով գործում է նաեւ քաղաքականության դաշտում: Եթե քո քաղաքական գաղափարներն ու ծրագրերը «գնվում են» հասարակության կողմից, ապա դրա դիմաց «գնորդը» քեզ վճարում է իշխանությամբ, կամ՝ քո գոյությունը պահպանելու եւ գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ այլ միջոցներով: ՀՅԴ-ն «Հայ դատը» համարում է իր ապրանքը: Հայ դատի հիմքն էլ՝ Թուրքիայի դեմ անհաշտ թշնամանքն է, քանի դեռ վերջինս չի ընդունել ցեղասպանության փաստը եւ չի փոխհատուցել դրա համար: ՀՅԴ-ի ապրանքը, ի տարբերություն այլ քաղաքական ապրանքների, մի առանձնահատկություն ունի: Այն ենթադրում է շուկա ոչ թե մեկ պետության ներսում, այլ ողջ ազգի շրջանակներում, որտեղ էլ նրանք բնակվելիս լինեն: Դեմ գնալով ամեն մի տրամաբանության եւ քաղաքական հասկացությունների ժամանակակից ընկալումների՝ պայմանականորեն սա էլ համարենք բնական. ապրանք է՝ սպառվում է, միշտ էլ կգտնվի նրա արտադրողն ու իրացնողը, նաեւ կաշխատի պահել դրա մենաշնորհը: Ըստ այսմ էլ՝ հայ-թուրքական հաշտեցման ճանապարհների որոնման նպատակով ստեղծված եւ գործող հանձնաժողովի շուրջ բնական էր, որ դաշնակցությունը պետք է մեծ վայնասուն բարձրացներ: Վերոհիշյալ հանձնաժողովը որպես առայժմ մի սեղանի շուրջ նստելու եւ ինչ-ինչ խնդիրների շուրջ խոսել կարողանալու փորձ՝ ընդամենը առաջին քայլը կարող էր դիտվել հաշտեցման ճանապարհին: Դրա հաջողության դեպքում դեռ տասնյակ քայլեր պետք է հաջորդեն, մինչեւ այն Հայ դատին «իրական վտանգ» կներկայանա: Հաջորդ քայլերն էլ, բնականաբար, պետք է անեն բոլորովին այլ ֆորմատի եւ իրավասության հանձնաժողովներ կամ մարմիններ: Սակայն, եթե ՀՅԴ-ն այդքան հետեւողական է իր սկզբունքներում, նախանձախնդիր «Հայ դատի» նկատմամբ, եւ դա նրա ոչ թե ապրանքն է, այլ գաղափարական հիմքը, քաղաքական հավատամքը, ուրեմն նա պարտավոր է նույն կերպ վարվել բոլոր դեպքերում՝ անկախ այդ վտանգի աղբյուրից: Որքան էլ զարմանալի է, սակայն ՀՅԴ-ն ամենեւին նույն կերպ չվարվեց ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ սպառնացող վտանգը ոչ թե այսպես խիստ «սաղմնային» վիճակում էր, այլ Հայ դատը պարզապես բռնաբարվում էր, ոչնչացվում եւ թաղվում: Մահացու հարված «Հայ դատի» թիկունքին Այս տարվա հունվարին Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսում Քոչարյանը պաշտոնապես հայտարարեց. «Ցեղասպանության ճանաչման գործընթացում այսօր Հայաստանը՝ որպես պետություն, տարածքային պահանջներ չի ներկայացնում Թուրքիային, որովհետեւ դրա իրավական հիմքերը չունի»: Ապա դրան ավելացրեց. «տարածքային խնդիրն այլ հարթության է վերաբերում, կապվում է Սեւրի պայմանագրի հետ. սա արդեն խնդիր է այլ օպերայից»: Ոգեւորված Քոչարյանի անակնկալ «նվերից», ընդամենը մեկ շաբաթ անց Հայաստան եկավ թուրք հայտնի լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը, ավելի հստակեցնելու Թուրքիային այդքան շատ հուզող հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, ավելի ճիշտ՝ եւս մի անգամ «խոսք քաշելու» Քոչարյանից: Թուրք լրագրողը երկու հարցի սպառիչ պատասխան էր ուզում ստանալ. առաջին՝ ինչպիսի՞ն է Հայաստանի պաշտոնական իշխանությունների եւ Քոչարյանի դերը ցեղասպանության ճանաչման սկսված արշավում: Քոչարյանի տված պատասխանը՝ թե այդ արշավին Հայաստանի պաշտոնական իշխանությունները եւ անձամբ ինքը որոշակի մասնակցություն ունեն, Հայ դատին, անշուշտ, որեւէ վտանգ չէր սպառնում: Երկրորդ հարցն անմիջապես վերաբերում էր Հայ դատին. եթե ցեղասպանությունը ճանաչվի, Հայաստանը դրանից հետո եւ այդ հիմքի վրա արդյո՞ք պետք է հողային պահանջներ ներկայացնի Թուրքիային: Քոչարյանի պատասխանը «մեկ քայլ առաջ էր», քան այն, ինչ նա հայտարարել էր մի շաբաթ առաջ Ստրասբուրգում. «Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո Հայաստանը ի վիճակի չի լինի Թուրքիայի դեմ իրավական գործողությունների նախաձեռնություն սկսել: Ցեղասպանության ճանաչման դեպքում Հայաստանը հողային պահանջ չի ունենա: Զարմանում եմ, որ թուրք իրավաբաններն այս փաստը թուրքական պետությանը չեն բացատրում: Ես կամ որեւէ կուսակցություն ի՞նչ ենք պահանջելու Թուրքիայից: Հայաստանն այդ հողերի ժառանգորդը չէ: Ինչպե՞ս կարող եմ պահանջել, թե այդ հողերը մերն են եւ ասել. «Թուրքիան պետք է այդ հողերը ետ տա մեզ»: Ցեղասպանության ճանաչումը կապ չունի Սեւրի հետ: Ցեղասպանության ընդունումը պատճառ չի դառնա Սեւրի հարության… Այդ պայմանագիրը երբեք կյանքի չի կոչվի: Այդ պայմանագրի շուրջ Հայաստանի կառավարությունը երբեք պրոբլեմներ չի ստեղծի»: Ինչպե՞ս կարելի էր այսպես խոսել Սեւրի պայմանագրի մասին: Մինչ այդ Հայաստանը հռչակվել էր «Միացյալ»՝ նկատի ունենալով արեւմտահայության հոծ զանգվածի առկայությունը եւ հողերի հնարավոր վերադարձը: Այն ստորագրել էր Հայաստանի Միացյալ Հանրապետության ղեկավարը՝ փաստորեն ողջ հայության անունից: Սեւրի պայմանագիրն ըստ էության ժամանակի միջազգային հանրության կողմից առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ողջ հայ ժողովրդի կրած տառապանքների եւ արյան գինն էր, հայոց ցեղասպանության յուրօրինակ ճանաչումն ու փոխհատուցումը: Այն վերջին հաշվով նաեւ հաղթանակ էր խորհրդանշում: Պատահական չէ, որ այդ շրջանին վերաբերող, կարելի է ասել, բոլոր հարցերում միմյանց հակադիր տեսակետներ ունեցող դաշնակցական եւ կոմունիստական պատմագրության մեջ Սեւրի պայմանագիրը թերեւս միակ դեպքն է, որ միատեսակ է գնահատվել եւ արժեւորվել: Թուրքիայի հետ հողային եւ սահմանային խնդիրները եւս միայն Սեւրով չեն պայմանավորված: Գուցե պարտադիր չէ, որ Հայաստանի նախագահը բավարար չափով իմանա իր ժողովրդի պատմությունը: Բայց պարտադիր է, որ նման հարցի անդրադառնալուց առաջ մանրամասն եւ որակյալ կոնսուլտացիա ստանա: Դա ավելի քիչ ամոթ է, քան իրեն, պետությանը եւ ողջ մի ժողովրդի անհարմար վիճակի մեջ դնելը: Բայց ոչ միայն այս: Եթե երբեւէ, որեւէ առիթով, որեւէ ֆորումում օրակարգի հարց դառնա հայ-թուրքական սահմանային, տարածքային որեւէ հարց (ինչի համար բացի Սեւրից կան նաեւ այլ հիմքեր), այսուհետեւ Թուրքիան իրավամբ կարող է սեղանին դնել Հայաստանի նախագահի արած հայտարարությունները որպես պաշտոնական փաստարկ: Եվ դրա դեմ դժվար է լինելու խոսել: Երբեւէ որեւէ հայ պաշտոնյա, անգամ կոմունիստական շրջանում, նման հայտարարություններ չէր արել: Որեւէ սովորական հայի բերանից երեւի նման միտք չէր հնչել: Համենայնդեպս, հայատառ որեւէ գրքում կամ թերթում նման միտք չի արձանագրվել: Հայ մտավորականությունը, չնայած խորհրդային գրաքննության երկաթե կապանքներին եւ ԿԳԲ-ի սեւ ցուցակում հայտնվելու վտանգին, բարձրաձայն իր զայրույթն ու վրդովմունքն արտահայտեց, երբ ժամանակին խորհրդային ղեկավարներից ոմանք ակնարկեցին Թուրքիային, թե ԽՍՀՄ-ը նրանից հողային պահանջներ չունի: Բայց այդ հայտարարություններն էլ արվում էին ԽՍՀՄ-ի եւ ոչ Հայաստանի անունից: Ոչ պաշտոնական մի նախաձեռնությամբ ստեղծված, նույնքան ոչ պաշտոնական մի հանձնաժողովի անդամ չէր Քոչարյանը: Նա ի պաշտոնե ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը եւ նրա ժողովրդին: Իր նախընտրական ծրագրում նա ասե՞լ էր, թե նախագահ ընտրվելու դեպքում հրաժարվելու է Հայ դատից եւ հողային պահանջատիրությունից: Առավել եւս, որ դա ոչ միայն Հայաստանի ժողովրդի, այլ ողջ հայության հարցն է: Ո՞վ էր նրան տվել այդ իրավունքը, այդ մանդատը: «Հայ դատի» պահապան ՀՅԴ-ի արձագանքը Դժվար էր պատկերացնել այս մտքերը կարդալուց հետո այն կուսակցության վիճակը, որն իր միսը Ցեղասպանության ճանաչումն է համարում, արյունը՝ հողային պահանջատիրությունը: Առավել եւս դժվար էր պատկերացնել՝ նկատի ունենալով նրա հեղափոխական անցյալն ու հեղափոխական բնույթը: Անարգվում եւ ոչնչացվում էր նրա սրբության սրբոցը, ամենաբռի ձեւով ոչնչացվում նրա գոյության հիմքը, կտրվում էր այն ճյուղը, որի վրա նա նստած է մեկ դարից ավելի: Թվում էր՝ ՀՅԴ-ն դրանից ռումբի պես կպայթի: Չպայթեց: Բյուրոն հայտարարություն չարեց: Ոչ էլ կենկենը՝ ժողով: Դաշնակցական խմբակցությունն էլ խորհրդարանում իր տեքստի տակ ուրիշների ստորագրությունները չհավաքեց: Դաշնակ գուսաններն էլ երգ չգրեցին Քոչարյանի ծննդավայրը «արյան ծով» դարձնելու մասին: Կատարվեց ավելի քան անսպասելին. բացահայտ եւ չբացահայտված դաշնակցական լրագրերը նետվեցին մեղադրելու թուրք լրագրողին «խորամանկ» հարցեր տալու եւ իր ուզած պատասխանները «կորզելու» համար: Միաժամանակ, սակայն, լծվեցին մեկնաբանելու եւ արդարացնելու այդ պատասխանները… «Հայ դատի» դիրքերից: Նույնիսկ մեջտեղ հանվեց դաշնակցության ծանր գաղափարական հրետանին՝ էդ. Հովհաննիսյանը: Վերջինս էլ, ոգեւորված, նախ ավելի հասկանալի եւ կենդանի կրկնեց եւ «գիտականորեն» հիմնավորեց Քոչարյանի մտքերը: Ապա նաեւ գլխեց նրան, օրինակ՝ այսպիսի մի հռետորական հարցով. «Մենք երիտթուրքերին այդ ո՞ր օրենքով ենք մեղադրում… Բայց ես պիտի գտնեմ իրավաբանական այն հիմքերը, որով կարողանամ մեղադրել նրանց»: Ի՞նչն է պատճառը, որ սովորական եւ քաղաքակիրթ մի երկխոսության փորձի առիթով ՀՅԴ-ն այսօր այդպես ճղում է իրեն՝ դա համարելով Հայ դատի դեմ դավադրություն, երեկ՝ ինքն էր միացել Հայ դատն սպանող, ոտնատակ տվող Քոչարյանին: Բացատրությունը մեկն է. Թուրքիայի հետ դոստ կամ դուշման լինելու հարցը ի՛ր մենաշնորհն է, ուրիշ ոչ մեկն իրավունք չունի: Հայ դատն էլ ի՛ր ապրանքն է, ուզենա՝ կպահի, ուզենա՝ կսպանի, ուզենա՝ կուտի, ուզենա՝ կծախի: Հայաստանն էլ երեւի իր բոստանն է: ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել