Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա՛-մո՛թ, ա՛-մո՛թ»

Սեպտեմբեր 08,2001 00:00

«Ա՛-մո՛թ, ա՛-մո՛թ» Իշխանությունը խուճապահար է՝ դատելով ընդդիմության երեկվա կազմակերպած հանրահավաքին նրա նախապատրաստությունից։ Ազատության հրապարակի որոշ կետերից կարգ պահպանող ոստիկաններ ավելի շատ էին երեւում, քան ցուցարարներ։ Հանրահավաքի թեժ պահին հրապարակում բարձր երաժշտություն միացվեց, ինչը ոստիկանների եւ հավաքվածների միջեւ բախման պատճառ դարձավ։ Արշակ Սադոյանի հրավիրած հանրահավաքին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ էլ էին մասնակցում, իսկ առիթը «ԱրմենՏելն» էր։ Բայց ամեն ինչից՝ ամենամեծը նախագահ Քոչարյանին էր բաժին ընկնում։ Խոսքը քննադատության, հեռանալու կոչերի մասին է։ Երբ բարձր երաժշտությունը երկրորդ անգամ խլացրեց ցուցարարների ելույթները, կազմակերպիչներն առաջարկեցին գնալ նախագահի նստավայր։ Իհարկե, առաջարկն ընդունվեց, եւ երթն ուղեկցվեց կոչերով, հայհոյանքներով եւ հանդիպակաց հետիոտնի զարմացական ու հետաքրքրասիրությամբ լի հայացքներով եւ արտահայտություններով։ Նախագահի նստավայրից քիչ ներքեւ Ռոբերտ Քոչարյանի կուսակցության ներկայացուցիչներին ՆԳՆ ներքին զորքերը դիմավորեցին երկար վահաններով ու լավ պատրաստված։ Նախագահի կուսակիցներն էլ, թե՝ «թուրքական բանակը չի գալիս, հայ ժողովուրդն է»։ Ու բարձրաձայնեցին. «ամոթ, ամոթ»։ Հետո ասվածի համեմատությամբ սա փաղաքշանք էր թվում։ Հնչած հայհոյանքներն ու անեծքները հրապարակման ենթակա չեն։ Դրանք ուղղված էին նախագահ Քոչարյանին, երկրի իշխանություններին, անձամբ ՆԳՆ փոխնախարար Հովհաննես Վարյանին (նա էլ էր կանգնած զինվորների ու ցուցարարների միջեւ)։ Ի պատիվ փոխնախարարի, նա կարողացավ իրեն զսպել՝ գազազած ամբոխի մի քանի ներկայացուցչի ընդամենն ասելով. «Իմ եւ ձեր տարբերությունն այն է, որ դուք կարող եք ազատ արտահայտվել, ես՝ ոչ»։ Մնում է հուսալ, որ «հարուստ բառապաշարով» այս մի քանիսն իրական կապ չունեին ո՛չ կազմակերպիչների, ո՛չ էլ հանրահավաքի մյուս մասնակիցների հետ, ինչն ապացուցվեց հետո։ Նախ Արշակ Սադոյանն ու Խորեն Սարգսյանը սաստում էին նրանց, իսկ հետո ժողովրդի մեծ մասն առանձնացավ ԳԱԱ շենքի մոտ՝ խաղաղ հանրահավաքը շարունակելու։ Մինչ այդ, պրն Սադոյանը «ԱրմենՏելի» մատուցած վատ հեռախոսակապով՝ Հ. Վարյանի հեռախոսով «բանակցեց» ՆԳ նախարարի հետ. «Բայց Դո՛ւք Ձեր զոռբայությամբ… Բայց Դուք եք պատասխան տալու սահմանադրական կարգը խախտելու համար… Ոտնահարում եք ազատ հանրահավաք անցկացնելու մեր իրավունքը, հետո ասում եք՝ ի՞նչ է եղել… Եղել է այն, որ Սահմանադրությունը խախտվել է… Ներողություն, ես պատասխան կտամ, Դուք էլ՝ հետս։ Ես բան չունեմ կորցնելու… Ներողություն, ժողովրդի անունից ե՛ս պետք է խոսեմ, որ ժողովրդի մեջ եմ, ոչ թե Դուք, որ նստած եք Ձեր կաբինետում»։ Իհարկե, միայն Արշակ Սադոյանի խոսքերն էին լսվում, բայց այնպես էլ պարզ էր ողջ խոսակցության թեման ու իմաստը։ Հետո պրն Վարյանը զգուշացրեց, որ խանգարում են երթեւեկությանը։ Իսկ ԳԱԱ-ի մոտ հավաքվածները քիչ էր մնում մի «Նիվա» շուռ տային, որը քիչ էր մնում վրաերթ աներ մի քանի հոգու։ Հավաքվածներն ավելիին էին պատրաստ, բայց կազմակերպիչները, իհարկե, հանգստացնում էին նրանց։ Չի բացառվում, որ մի քանիսը «մշակման» ենթարկվեն հասարակական կարգը խախտելու, երթեւեկությունը խանգարելու համար, բայց իշխանություններին արդեն գրեթե սպառնում է Սահմանադրությունը մի կողմ շպրտելու համար պատասխան տալու պահը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել