Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԿ-ն, «Հանրապետություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունները հանդես եկան կոչ-հայտարարությա

Սեպտեմբեր 08,2001 00:00

Երեքի համատեղ կոչը ՀԺԿ-ն, «Հանրապետություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունները հանդես եկան կոչ-հայտարարությամբ: Կոչում մասնավորապես ասվում է. «Հանրապետության նախագահը, որը պետք է լիներ երկրի օրենքների եւ օրինականության առաջին երաշխավորը, բազմիցս խախտել է Սահմանադրությունը, հովանավորել ու հովանավորում է ահաբեկչությունը։ Նախագահի այսօրինակ գործելակերպի խայտառակ դրսեւորումն է նրա վերաբերմունքը հոկտեմբերի 27-ի ոճրագործության նկատմամբ։ Ռ. Քոչարյանը մինչեւ օրս պատշաճ գնահատական չի տվել այդ ահաբեկչությանը, ավելին, նա ի սկզբանե առաջ քաշելով ահաբեկչության կազմակերպված չլինելու մասին մտացածին վարկածը, ուղղորդել է գործի քննությունը՝ բացահայտ հովանավորչություն հանդես բերելով ահաբեկիչների նկատմամբ։ Դրա վառ ապացույցներն են. հոկտեմբերի 27-ի գործով որոշ ամբաստանյալների նկատմամբ համաներման ապօրինի կիրառումը, նախագահի, նրա շրջապատի խուճապահար արձագանքը՝ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն, Քոչարյանի պարտադրանքով ուղղորդվող դատական իշխանությունների կողմից Ն. Հունանյանին ազգային անվտանգության նախարարության մեկուսարանից փոխադրելու հարցի տապալումը, նախարարություն, որի հետ սերտորեն համագործակցել է այդ ահաբեկիչը։ Վարչակազմի նմանօրինակ մերժելի գործելակերպը, որը սպանում է ժողովրդի առանց այն էլ սասանված հավատն օրենքի գերակայության, երկրի ապագայի նկատմամբ, մարդկանց դատապարտում է արտագաղթի։ Իրական վտանգ է ստեղծվել մեր պետականության գոյության համար։ Ռ. Քոչարյանը ձգտում է նույնիսկ արդարացնել հանցավոր գործելակերպի արդյունքում փոշիացված ու մսխված շուրջ 1 մլրդ դոլար արտաքին պարտքի մարումը՝ ազգային հարստությունն օտարելու միջոցով։ Հանրապետության նախագահի անհեռատես քաղաքականության հետեւանքով երկիրը ղեկավարվում է տարերայնորեն, մշակված չէ ազգային անվտանգության հայեցակարգը, որոշված չեն հանրապետության տեղն ու դերը տարածաշրջանում։ Ձախողված է Արցախի հարցի լուծումը։ Օգտվելով այդ խնդրի առկախ վիճակից՝ նախագահն աններելիորեն շարունակում է չարաշահել իր դատապարտելի գործողությունների նկատմամբ հասարակական-քաղաքական առողջ ուժերի Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերով պայմանավորված հանդուրժողականությունը։ Այժմ ակնհայտ է, որ նախագահը, չունենալով ժողովրդի վստահությունը, փաստորեն, լուրջ խոչընդոտ է դարձել Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի լուծման ճանապարհին։ Ռ. Քոչարյանի վարչակազմը, ձախողումների բուն պատճառները սեփական գործունեության մեջ տեսնելու փոխարեն, զբաղված է երեւակայական թշնամիների, մեղավորների ու արդարացնող հանգամանքների որոնումներով։ Իշխանական լծակների մոտ հետեւողականորեն կանգնեցվում են պատահական, նույնիսկ հանցագործություն եւ օրինազանցություններ թույլ տված անձինք։ Եղերական «Հոկտեմբերի 27»-ին հաջորդած իրադարձություններից հետո հանրապետության նախագահը, մեր հաստատ համոզմամբ, պարտավոր էր հրաժարական տալ՝ թեկուզեւ միջազգային հանրության աչքում երկրի հեղինակությունը փրկելու համար։ Հիրավի, Քոչարյանը եւ իր վարչակազմը չեն ունեցել եւ չունեն երկիրը ղեկավարելու բարոյական իրավունք։ Նախագահն ակնհայտորեն վարում է հակաժողովրդական, հակասահմանադրական քաղաքականություն։ Դրա դրսեւորումներից են հանրապետության, ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող ոլորտների՝ կապի եւ հեռահաղորդակցության համակարգի, էլեկտրական բաշխիչ ցանցերի, ինչպես նաեւ՝ կոնյակի գորածարանի եւ ստրատեգիական նշանակության մի շարք այլ օբյեկտների մենաշնորհային մասնավորեցումը, որը, հակառակ ամբողջ ժողովրդի կամքի, ներկայացվում է որպես խոշոր նվաճում, իրականում խորացնելով հասարակության անդամների աղքատությունն ու թշվառությունը։ Հայրենակիցնե՛ր։ Մենք կոչ ենք անում ձեզ՝ Ազգային ժողովի պատգամավորներից պահանջել ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովում սկսելու Ռ. Քոչարյանին պաշտոնանկ անելու գործընթացը։ Միայն Ռ. Քոչարյանի պաշտոնանկության պարագայում հնարավոր կլինի կյանքի կոչել երկիրը վերականգնելու, սոցիալական արդարություն եւ օրենքի գերիշխանություն հաստատելու, հային իր հայրենիքի իրական տեր դարձնելու նպատակամղված գործողությունների համապարփակ ծրագիր, գործ, որը ժողովրդի հետ համատեղ ի զորու են ստանձնել երկրի առողջ ուժերը։ Համոզված ենք, որ այս պատասխանատու պահին հանրապետության քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները, մեր ողջ ժողովուրդը կհամախմբվեն Հայրենիքի փրկության վեհ նպատակի շուրջ՝ հանուն հայրենի հողում ներկա եւ գալիք սերունդների բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել