Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետություն»

Սեպտեմբեր 08,2001 00:00

ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ «Հանրապետություն» կուսակցությունն իր անդրանիկ համագումարում հրապարակավ կարծես հայտարարեց, որ այլեւս խաղալու է բաց խաղաքարտերով եւ գնալու է սխալների ուղղման ճանապարհով։ Ովքե՞ր են այսօր մաս կազմում նորաստեղծ կուսակցությանը՝ հիմնականում երկրապահական ուժերը։ Իսկ ովքե՞ր ժամանակին իշխանության բերեցին Ռոբերտ Քոչարյանին. նաեւ՝ նույն ուժերը։ «Հանրապետություն» կուսակցությունն իշխանափոխության պահանջով կարծես փորձում է ուղղել նախկինում թույլ տված այդ սխալը։ Ճիշտ կլիներ, թերեւս, ընդգծել «Ես եմ նրան գողացել, ես էլ նրան ետ կբերեմ»-ի հայկական տարբերակը։ Այսինքն՝ կոնկրետ ասվեր՝ մենք ենք նախագահ դարձրել, մենք էլ պաշտոնանկ կանենք։ Բայց ասվեց մտքի երկրորդ մասը միայն։ Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց կուսակցությունը «չի ստեղծվել սոսկ օրվա խնդիրները լուծելու համար, առավել եւս, սոսկ իշխանության գալու համար։ «Իշխանությունը՝ որպես իշխանություն» կարգախոսը մեր կարգախոսը չէ։ Իշխանությունը մենք դիտում ենք որպես միջոց՝ ժողովրդին անմնացորդ նվիրումով ծառայելու, պետության հիմքերն ամրապնդելու, մեր երկրում իրական ժողովրդավարություն եւ օրինականություն հաստատելու համար»։ Կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը եւս հայտարարեց, թե «սին են որոշ ուժերի այն պնդումները, թե մենք իբր շահարկում ենք «Հոկտեմբերի 27»-ը՝ երկիրը ապակայունացնելու եւ իշխանության գալու նպատակով։ Եթե խնդիրը պաշտոնը եւ իշխանությունը լինեին, ապա ժամանակին պաշտոն էլ ունեինք, իշխանություն էլ։ Կհարմարվեինք Քոչարյանի գործելակերպին, կենթարկվեինք եւ կշարունակեինք պաշտոնավարել, ինչպես այսօր անում են ներկա չինովնիկները»։ Պրն Բազեյանն ասաց, որ իրենք «Քոչարյանի սուբյեկտիվ ցանկությամբ չէ», որ պաշտոններ էին զբաղեցնում, բայց չլրացրեց, որ նույն «սուբյեկտիվ ցանկությամբ» իրենք պաշտոններից զրկվեցին։ Արամ Սարգսյանը փաստեց, որ նորաստեղծ կուսակցության համար «հիմնարար արժեքներ են Հայաստանի անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները։ Կուսակցությունը գործելու է աջ-կենտրոնամետ դաշտում՝ առաջնորդվելով ստեղծված արժեքների պահպանման եւ կայուն զարգացման սկզբունքներով»։ Արամ Սարգսյանն ասաց, որ «Հանրապետությունը» հավատարիմ է մեր պատմության բոլոր դրվագներին՝ «ժառանգելով դրական գաղափարները, դասեր քաղելով սխալներից»։ 1999-ի սկզբին Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ բանակը չպիտի միջամտի քաղաքականությանը։ Ավելի ուշ, արդեն վարչապետ Արամ Սարգսյանը կրկնելով հանգուցյալ եղբոր՝ Սպարապետի խոսքերը, ասաց, որ բանակը պետք է վերադառնա զորանոցներ։ Երեկ եւս Արամ Սարգսյանը կարեւորեց այդ միտքը եւ ասաց, որ ուժային կառույցները չպետք է լինեն իշխանությունների միակ հենարանը եւ իրենց վրա վերցնեն պետության ողջ կառույցի ֆունկցիաները։ Համագումարի ընթացքում ընդգծված շեշտադրմամբ երկու միտք էր հնչում՝ իշխանափոխություն, եւ, որ կա՛ այն կուսակցությունը, որը պատրաստ է իր վրա վերցնել երկրի ճակատագրի հանդեպ ողջ պատասխանատվությունը։ Նույնիսկ ասվեց, որ «կուսակցությունն ունի գործողությունների հստակ ծրագիր, իսկ անհրաժեշտության դեպքում, նաեւ՝ նախագահի պաշտոնի հավակնորդ»։ Նորաստեղծ կուսակցության անդամների կարծիքով. «Քոչարյանի հրաժարականի խնդիրը համընդհանուր հասարակական պահանջ է», եւ իրենք «պարտավոր են արձագանքել հասարակության պահանջին եւ կազմակերպել ու սահմանադրական ճանապարհով իրականացնել Քոչարյանի պաշտոնանկությունը»։ Համագումարին հրավիրված չէին նախագահ Քոչարյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն եւ ՀՌԱԿ-ը։ Սակայն վերջիններիս հասցեին հնչեցին ոչ այնքան շոյիչ խոսքեր։ Թեպետ դահլիճում էին գտնվում ՀՀԿ-ն ներկայացնող Գալուստ Սահակյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ Մյասնիկ Մալխասյանը, բայց այդ հանգամանքը չխանգարեց Ալբերտ Բազեյանին ասել, որ «իշխանազուրկ լինելուց հետո ՀՀԿ-ն էլ ստիպված կլինի, ՀՀՇ-ի պես քավության ճանապարհ անցնել»։ Անցնելով նաեւ «Օրինաց երկրի» վրայով, թեպետ վերջիններիս բացակայության պայմաններում այդ բանը կարելի էր նաեւ չանել, պրն Բազեյանն ասաց. «Չար լեզուներն ասում են, որ այս կուսակցությունը հորինել է Սերժ Սարգսյանը։ «Օրինաց երկիրը» հովանավորվում է, եւ կուսակցության վարքագիծն ուղղորդվում է պաշտպանության նախարարի կողմից։ Թող Վ. Սարգսյանի նման անկեղծորեն եւ հրապարակայնորեն հայտարարի, որ ինքն այս գաղափարախոսության կրողն է, առաջարկում է այս քաղաքական ծրագիրը, իր քաղաքական հենարանն էլ «ՕԵ»-ն է։ Այդ դեպքում կտեսնենք՝ հնարավո՞ր է համագործակցել, թե՞ ոչ»։ Համագումարին չհրավիրված ՀՅԴ-ի մասով ասվեց, որ այս կուսակցությունն ունի գաղափարական տարաձայնություններ, եւ կարող են համագործակցել խիստ որոշակի հարցերի շուրջ՝ Արցախի հարցի հայանպաստ լուծում, ազգային ավանդույթների եւ մշակույթի պահպանում եւ զարգացում, Սփյուռքի հետ համակողմանի կապերի ամրապնդում. «Բայց՝ «իշխանությանը դեմ ըլլալով, նախագահը կսիրենք» բանաձեւը չենք ընդունում»։ Արամ Սարգսյանի հավաստմամբ, կուսակցությունը, «անկախ գաղափարական տարբերություններից», պատրաստ է համագործակցել սահմանադրական ճանապարհով իշխանափոխության արդար ընտրությունների կազմակերպման ձգտող բոլոր քաղաքական ուժերի հետ։ Արամ Սարգսյանն ասաց նաեւ, որ իրենց կուսակցությունը «պատրաստ է ստանձնել նոր իշխանության ձեւավորման պատասխանատվությունը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել