Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ

Սեպտեմբեր 08,2001 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ԲԵՍՊՐԵԴԵԼ» Ոչ առանց նախագահի գիտության Երեկ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մասնակցել է հեռախոսակապի համար րոպեավճարների կիրառման դեմ կազմակերպված հանրահավաքին: Նույն օրը ժամը 20:15-ի կողմերը ՆԳՆ Արաբկիրի բաժանմունքի քաղաքացիական համազգեստով շուրջ 30 աշխատակիցներ ներխուժել են Պ. Մակեյանի բնակարան՝ վերջինիս բերման ենթարկելու համար: Պ.Մակեյանը ոստիկաններից նախ պահանջել է համապատասխան փաստաթուղթ: «Ոստիկանները պատասխանել են, թե ոչ մի թուղթ էլ ցույց չեն տա, բայց իրեն կտանեն ու սկսել են Պետրոսին քաշքշել»,- պատմեց պարոն Մակեյանի կինը: Ոստիկանները նախ Պ.Մակեյանի դստեր ներկայությամբ սկսել են հայհոյել նրան , ապա թքել նրա վրա ու նորից քաշքշել՝ փորձելով բնակարանից դուրս բերել: «Մեր շանն էլ փակել են հարեւան սենյակում ու ատրճանակները հանած պահել, որ շունը հանկարծ դուրս գա՝ խփեն: Այդ րոպեներին մեր տանը, ատրճանակների ու բջջային հեռախոսների պակաս չկար: Հետո ոստիկանները օժանդակություն են խնդրել»,- ասաց Պ.Մակեյանի տիկինը: Օժանդակությունն, իհարկե, չի ուշացել ու Պ.Մակեյանին ծեծելով, կիսամերկ վիճակում, բնակարանը տակնուվրա անելով՝ տանից դուրս են բերել: Իսկ դրսում ոստիկաններին սպասել է շենքը շրջապատած մոտ 10 ավտոմեքենա: Միջադեպի մասին տեղեկանալով, դեպքի վայր է ժամանել «Հայկական ժամանակ» թերթի թղթակիցն ու, Պ.Մակեյանին բռնարարքների ենթարկելու ժամանակ, հասցրել մի քանի լուսանկարներ անել: Ոստիկանները՝ հարազատ մնալով իրենց մեթոդին, քաշքշել են թղթակցին, ոլորել ձեռքերն ու խլել ֆոտոխցիկը: Շուրջ մեկ ժամ անց, առաջին իսկ ահազանգով Արաբկիրի ՆԳ բաժանմունքի դիմաց էին նախկին քաղբանտարկյալ Ա.Բլեյանը, նախկին պատգամավոր Վ.Խաչատրյանը, Պ.Մակեյանի համախոհներն ու ընկերները: Արաբկիրի ՆԳ բաժնում համառորեն հրաժարվում էին տեղեկություն տալ, թե արդյո՞ք Պ.Մակեյանն իրենց բաժանմունքում է: Ավելի ճիշտ, ոստիկանները ժխտում էին այդ փաստը: Հավաքվածները ստիպված էին Պ.Մակեյանի «առեւանգման» մասին հայտարարություն անել: Հասարակության «իրավունքների պաշտպան» ոստիկանությունը հրաժարվեց այդ հայտարարությունն ընդունել՝ պատճառաբանելով, թե պետը տեղում չէ: Հետո եկավ նաեւ պատգամավոր Ա. Սադոյանը, որին, այնուամենայնիվ, հաջողվեց «ճեղքել» ՆԳ բաժանմունքի փակ դարպասներն ու ներս մտնել՝ պարզելու իր նախկին գործընկերոջ ճակատագիրը: Եկան նաեւ պատգամավորներ Է.Խուդաբաշյանը, Խ.Սարգսյանն ու Ա.Գեղամյանը, իրավապաշտպան, նախագահին կից Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Վ.Հարությունյանը: Բայց ոստիկանները որեւէ այլ պատգամավորի թույլ չտվեցին բաժանմունք մտնել: Ի վերջո, պարոն Սադոյանը հաստատեց, որ Պ.Մակեյանը գտնվում է Արաբկիրի բաժանմունքում, բայց ոչ մի լրացուցիչ տեղեկություն՝ ի՞նչ վիճակում է, ի՞նչ է կատարվում նրա հետ, դարձյալ չկար: Ավելի ուշ տեղեկացանք, թե ՆԳՆ նախարարն այսպես է արձագանքել պատգամավորներից մեկի հարցադրումներին՝ «Էս երկիր է, փալաս չի, որ ով, ինչ ուզի՝ անի: Նա կարգ է խախտել՝ պետք է պատժվի»: Թե ի՞նչ կարգ է խախտել, ինչո՞ւմ է կասկածվում կամ մեղադրվում, ոչ ոք այդպես էլ չասաց: Հասկանալի է. հասարակության դժգոհությունը որքան աճում է, իշխանությունների դիրքերն ավելի են թուլանում, եւ պետք է ակնկալել, թերեւս, որ հասարակության դժգոհությունը սաստելու իշխանությունների միակ մեթոդը բռնությունն է լինելու՝ նույնիսկ քաղաքացու բնակարանի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի ոտնահարման գնով: Պատասխանելով մեր այն հարցին, թե ոստիկանությունն իրավունք ունե՞ր իրեն՝ պատգամավորին, առավել եւս՝ ԱԺ ՊՆ,ՆԳՆ եւ ԱԱՆ հարցերի հանձնաժողովի անդամին արգելել ՆԳ բաժանմունք մտնել ու հետաքրքրվել բաժին բերված քաղաքացու ճակատագրով, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Ցավոք, մեր երկրում օրենքը հանրապետության նախագահ Քոչարյանն է: Ուրիշ որեւէ օրենք այս երկրում չի գործում: Ես վաղը եւեթ աղմուկ եմ բարձրացնելու եւ պատմելու եմ այն, ինչ կատարվում է»: Ավելի ուշ պարզվեց, որ իրավապահները այցելել են նաեւ հանրահավաքի մասնակից Ալբերտ Բաղդասարյանի բնակարան: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել