Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Սեպտեմբեր 07,2001 00:00

ԼՐԱԳՐՈՂԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՄԱԿ-ի գրասենյակում օրերս բացվեց լրագրող-նկարիչ Վանիկ Սանթրյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակին։ Ներկայացված մոտ 4 տասնյակ գործերը հիմնականում ստեղծվել են վերջին երկու տարում եւ պատկերում են Հայաստանի ու հայրենի Արցախի տեսարաններ, ինչպես նաեւ՝ նատյուրմորտներ, դիմանկարներ։ Ցուցահանդեսի գործերի մի մասը Ծաղկաձորի բնապատկերներ են, որոնք հեղինակը ստեղծել է հայրենի բնության այդ անկյունում գտնվող գրողների ստեղծագործական տանն աշխատելիս, առանձին պատկերված է Վահան Տերյանի ծննդավայր Գանձակը (Ջավախք)։ Այս ցուցադրությամբ հեղինակը եւս մի հոբելյան է նշում. ուղիղ 10 տարի առաջ, դեռ նոր վրձին վերցրած լրագրողը Երեւանում՝ Ժուռնալիստի տանը, բացել է իր անդրանիկ ցուցահանդեսը։ «Արմենպրես» լրատվական գործակալության մշակույթի բաժնի պատասխանատու Վանիկ Սանթրյանի գեղանկարչությունը 10 տարուց մի քիչ ավելի պատմություն ունի, սակայն արդեն արժանացել է արվեստակից ընկերների ուշադրությանը։ Մասնագիտական կրթություն չունենալով, նա իր նկարչական դասերն առել է մեր կերպարվեստի անվանիներից՝ Հովհաննես Զարդարյանից, Էդվարդ Իսաբեկյանից, Աշոտ Մելքոնյանից, ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանից։ Գեղանկարչի գործերը պահվում են աշխարհի 20-ից ավելի երկրների մասնավոր հավաքածուներում։ «Ուզում եմ իմ եւ հայ մյուս նկարիչների ստեղծագործությունների մի մեծ պատկերասրահ ստեղծել Լեռնային Ղարաբաղի Կարմիր շուկա ավանում եւ նկարել ամբողջ Արցախը, եթե ԼՂՀ իշխանությունները համապատասխան որոշում կայացնեն ու շենք հատկացնեն»,- ցուցահանդեսի բացման առթիվ զրույցի ընթացքում ասաց լրագրողը։ Ս. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել