Լրահոս
Օրվա լրահոսը

Նա նվաճում էր նոր տիեզերքներ

Սեպտեմբեր 07,2001 00:00

Նա նվաճում էր նոր տիեզերքներ «Եթե հոբելյանը հիմք է մեծարելու, հիշելու, փառք ու պատվի խոսքեր ասելու, ապա այն առիթ է նաեւ նորից վերագնահատելու եւ այդ վերագնահատման մեջ տեսնելու բարոյական այն կարեւորը, մարդկայինը, ստեղծագործական այն չափանիշը, որով պետք է առաջնորդվի եկող սերնդի երաժիշտը»,- երեկ ՀՀ ԳԱԱ-ում Առնո Բաբաջանյանի 80-ամյակին նվիրված գիտաժողովում այսպես արտահայտվեց արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Արաքսի Սարյանը։ Մեծ կոմպոզիտորի հիշատակին նվիրված երախտիքի խոսքեր ասացին մշակույթի վաստակավոր գործիչներ ու արվեստագետներ։ Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանը։ Արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Գ. Գյոդակյանը, որը հանդես եկավ «Ա. Բաբաջանյանի ստեղծագործական ժառանգությունը» թեմայով, խոսեց մեծ երաժշտագետի տաղանդի, կարողությունների մասին։ Գ. Գյոդակյանի բնորոշմամբ. «Ա. Բաբաջանյանը օժտված էր հազվագյուտ մեղեդային ձիրքով, արդիականությունը լավ զգացող երաժիշտը չէր երկրպագում մոդայիկը։ Երաժշտական անծայրածիր տիեզերքում նա փնտրում, գտնում եւ նվաճում էր նոր տիեզերքներ»,- ասաց նա եւ հիշեց Ա. Բաբաջանյանի՝ ինքն իր մասին ասած մի խոսքը. «Ես դանդաղ եմ ստեղծագործում, գուցե այն պատճառով, որ մանրակրկիտ ու պահանջկոտ եմ իմ նկատմամբ»։ Ըստ Ա. Սարյանի, Առնո Բաբաջանյանը այն անհատներից է, որ աշխարհ է գալիս պարգեւ ստացած բացառիկ տաղանդով։ Ա. Բաբաջանյանի այդ բացառիկ կարողությունները ի հայտ են եկել հինգ տարեկանից։ «Այդ կարողությունները գնալով դրսեւորվեցին բազմաթիվ կողմերով. նախ՝՝ որպես կատարող, հետո՝ ստեղծագործող, քանզի առաջին ստեղծագործությունները այնպիսի հավանության արժանացան, որ հրատարակվեցին Պետհրատի կողմից»,- պատմեց Ա. Սարյանը։ Շուտով Ա. Բաբաջանյանը դառնում է հայտնի դաշնակահար։ Բայց քանի որ իսկական արվեստագետը միշտ ձգտում է կատարելագործման, ուստի հետագա տարիները, Երեւանի կոնսերվատորիայի հետ զուգընթաց, անցկացնում է Մոսկվայում (40-ական թթ.), սովորում այնտեղի կոնսերվատորիայում։ Ա. Բաբաջանյանի ստեղծագործությունները որպես ուղենիշ մշտապես կուղեկցեն բոլոր նրանց, ովքեր գնահատում, հասկանում ու սիրում են այդ ստեղծագործությունները։ Երեւանում երեկվանից անցկացվում են Ա. Բաբաջանյանի հիշատակին նվիրված հանդիսություններ։ Սիմֆոնիկ երաժշտության համերգի բացումը կլինի այսօր, էստրադային համերգների բացումը՝ սեպտեմբերի 8-ին՝ Օպերայի եւ բալետի պետական թատրոնում եւ Կամերային երաժշտության տան դահլիճում։ Կկանգնեցվի նաեւ վաստակաշատ երաժշտի արձանը՝ Կամերային երաժշտության տան մոտ։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել