ՆՈՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳ Օգոստոսի 16-ին կառավարությունը հաստատեց ավտոտրանսպորտային երթուղիների հատկացման նոր մրցութային կարգը։ Այն մշակելու անհրաժեշտությունն առաջացավ «Տրանսպորտի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ, համաձայն որի, մրցույթին կարող են մասնակցել միայն կազմակերպությունները։ Անհատ ձեռներեցները, որպեսզի կարողանան մասնակցել մրցույթին, պետք է միավորվեն մի կազմակերպության մեջ, թեեւ դա էլ «փրկություն» չէ, քանի որ մրցույթի ժամանակ առավելությունը տրվելու է այն կազմակերպություններին, որոնց շարժակազմը իրենց հաշվեկշռում է նստած, այսինքն՝ իր սեփականն է։ Ըստ ժամանակացույցի, մարտ- ապրիլից հետո անցկացվելիք հերթական մրցույթները հետաձգվել են մինչ այսօր եւ կվերսկսվեն հոկտեմբերից։ Ինչպես տեղեկացրեց Փոխադրումների վարչության պետ Արա Մովսիսյանը, նոր կարգով մրցույթով հաղթած տնտեսավարող սուբյեկտը տվյալ երթուղին կսպասարկի ոչ թե մեկ, այլ՝ երեք տարի։ Այս կերպ փոխադրողին հնարավորություն է տրվում մշակել բիզնես-ծրագիր, մտածել շարժակազմի նորացման մասին։ Ըստ վարչության պետի, նոր կարգով մեծ տեղ է հատկացվում արտադրական բազային։ Այսպես, օրինակ, եթե կազմակերպությունը պետք է ստանա առավելագույնը 99 միավոր, ապա այն կբաշխվի հետեւյալ կերպ. 50 միավոր կստանա շարժակազմի գնահատումից, 24 միավոր՝ արտադրական բազայից, 20 միավոր, եթե հիմնական միջոցները իր սեփականն են, եւ 5 միավոր, եթե շարժակազմն ու ուղեւորները ապահովագրված են որեւէ ապահովագրական գործակալության կողմից։ Ա. Բ.